18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կխթանվի խաղողի օղիների արտադրությունը

Փետրվարի 18-ին Կառավարության կայացրած որոշումներից մեկը վերաբերվում է խաղողի օղու արտադրության խրախուսմանը:

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի խոսքերով, ՀՀ գործող օրենսդրությամբ խաղողի օղիների արտադրության իրավունք ձեռք բերելու համար տնտեսվարող սուբյեկտը պետք է տարեկան 15 մլն դրամ տուրք վճարեր:

«Սա բավականին մեծ գումար էր, ինչը շատ արտադրողների կաշկանդում էր, արդյունքում ականատեսն էինք, որ սպիրտային խմիչքների հայրենական արտադրողները խաղողի օղի գրեթե չէին արտադրում: Սա հատկապես լուրջ տնտեսական կորուստներ էր առաջացնում գինու արտադրությամբ զբաղվող ընկերությունների համար: Վերջիններս հնարավորություն չէին ունենում գինու արտադրության համար ոչ պիտանի գինենյութը վերամշակելով արտադրել խաղողի օղի:

Իսկ այդ ոչ պիտանի գինենյութը մոտավոր հաշվարկներվ կազմում է արտադրական ծավալների մեկ քառորդը: Բացի այդ կան խաղողի տեսակներ, որոնք պիտանի չեն գինու կամ կոնյակի արտադրության համար և կիրառվում են բացառապես օղու արդատրությունում, սակայն տուրքի բարձր լինելու պատճառով խաղողի օղու արտադրության ծավալները շատ փոքր են, ինչն էլ խոչընդոտում է տվյալ տեսակների խաղողի մթերմանը,- ասաց տնտեսագետը:

Ըստ բանախոսի՝ մյուս շատ կարևոր համակարգային խնդիրը վերաբերում է գինու արտադրման տեխնոլոգիային և միջազգային ստանդարտներին:

«Որոշ տեսակի գինիների տեխնոլոգիան պահանջում է դրանց պատրաստման պրոցեսում օգտագործել խաղողի օղի, ինչի բացակայության պատճառով տնտեսվարողները այն փոխարինում են ցորենի օղիով: Սա խնդիրներ է առաջացնում տվյալ տեխնոլոգիայով պատրաստված գինիների արտահանման ժամանակ: Ընդ որում ոչ միայն Եվրամիությունում են դրանք արգելված, այլ նաև Ռուսաստանում:

Կառավարության որոշմամբ խաղողի օղիների արտադրության իրավունք ձեռք բերելու համար տնտեսվարող սուբյեկտը այսուհետ տարեկան կվճարեն ոչ թե 15 մլն դրամ, այլ 50.000 դրամ: Սա էականորեն կավելացնի տվյալ գործունեությամբ զբաղվող ընկերությունների թիվը: Հայտնի իրողություն է, որ գինեգործական արտադրանքը մեր հիմնական արտահանվող արտադրատեսակներից է և, հաշվի առնելով նաև գյուղատնտեսության կառուցվածքային առանձնահատկություններն ու առկա ավանդույթները, ունի զարգացման մեծ պոտենցիալ: Կարծում եմ տուրքի իջեցումը պետք է դիտել նաև որպես արտահանման խթանման քաղաքականության բաղադրիչ»,- նշեց Խաչատրյանը:

Ինչ վերաբերվում է պետական բյուջեի մուտքերի վրա այս որոշման հնարավոր ազդեցությանը, ապա տնտեսագետի խոսքերով, տուրքի մեծության նվազեցումը կբերի այդ մասով չնչին կորուստների, սակայն ոլորտի զարգացման, արտադրության ծավալների մեծացման և նոր ընկերությունների ի հայտ գալու հետևանքով հարկային մուտքերը կավելանան: Կարելի է սպասել, որ բյուջեի վրա գումարային ազդեցությունը դրական կլինի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ