Քաղաքական համագործակցությունը գործիք է առավել արդյունավետ կառավարելու համար . Հ. Նաղդալյան
Կառավարության կողմից հրավիրված այսօրվա ԱԺ արտահերթում քննարկման դրվեց ՏԿԱԻՆ–ը տարանջատելու հարցը, ինչն ընթացավ բավական սուր հարցադրումներով:
Ի վերջո, ո՞րն էր ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նման հրատապությունը և որքանով է իրատեսական ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության արդյունավետությունը` հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից, ով նշեց.
– Գլխավորը, թերևս այն է, որ այս քաղաքական համագործակցությունը մենք որպես գործիք ենք դիտում առավել արդյունավետ կառավարում , քաղաքական ուժերի մաքսիմալ համագործակցություն իրականացնելու, քաղաքական զարգացումների շուրջ մոտ պատկերացումներ և նման հայացքներ ունեցող քաղաքական ուժերի ռեսուրսների համատեղ և արդյունավետ օգտագործմանը: Սա, ըստ էության, ազգային համաձայնության նպատակադրումներ ունեցող ձևաչափ է:
Հայտնի է, որ կոալիցիոնիզմը երկու դեպքում է կիրառելի, առաջինը, երբ իշխանությունը չի ունենում բավարար ռեսուրս իր օրենսդիր գործունեությունը կամ լեգիտիմ կառավարումն իրականացնելու համար, չի բավարարում նրա քվեն, և երկրորդ դեպքը՝ երբ կա մտադրություն համագործակցության ճանապարհով եղած ուժերն առավել արդյունավետ օգտագործելու համար նման ձևաչափ ստեղծելը: Իր իշխանավարման տարիներին առաջին դեպքը չէ, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը գնում է համագործակցության ճանապարհով, և յուրաքանչյուր դեպքում մենք այս հարցին պատասխանել ենք՝ չունենք դիսկոմֆորտ կամ կաշկանդվածություն այն պարագաներում, երբ անգամ ունենալով մաքսիմալ քվե ընտրողի կողմից , այնուամենայնիվ, առաջարկել ենք այս կամ այն ոլորտում, որտեղ մեր գործընկեր կուսակցությունները ունեն լավ ռեսուրս, լավ տեսլական ու պատկերացումներ, ազգային գաղափարներին հարիր և մեր պետականությունը ամրապնդելու, հզորացնելու գործելաոճ կամ մոտեցումներ, տալ այդ հնարավորությունը և գործելու դաշտը՝ դրանով հասնելով առավել արդյունավետ և ազգանպաստ լուծումների: Նման մոտեցումներ մենք ունեցել ենք անցյալում ՝ և՛ 2003-ին, և՛ 2007-ին, երբ հանրությունը մշտապես ականատեսն է եղել մեր պատրաստակամությանը՝ գործընկերների հետ կիսելու իշխանությունն ու հնարավորությունները՝ ի վերջո լավագույն քաղաքականությունն ու լավագույն կառավարումն ունենալու համար: Քաղաքական համագործակցության հուշագրի ստորագրումը վերը թվարկված հանգամանքներով է պայմանավորված:
–Տիկին Նաղդալյան, քննարկման ընթացքում դահլիճում քաղաքական որոշ ուժերի կողմից մտահոգություններ հնչեցին լրացուցիչ ֆինանսական ռեսուրսների ներգրավման շուրջ: Տեղի՞ն են այդ մտահոգությունները.
– Շատ կարևոր է նկատել այն հանգամանքը, որ խոսքը գնում է ֆինանսական նույն ռեսուրսների պայմանների մասին: Կառավարության ներկայացուցիչը այս հանգամանքը հատուկ ընդգծեց՝ եղած ֆինանսական ռեսուրսների շրջանակներում գնալ առավել արդյունավետ կառավարման ձևի, առավել բարձր որակի համագործակցության, և սա, կարծում եմ, շատ ողջունելի է: