“Հայոց Արծիվներ”-ը հայրենասիրական միջոցառումների շարք է իրականացնում
Հայոց Ազգային Բանակի 20-րդ տարեդարձի կապակցությամբ 2012 թվականը “Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպությունը (այսուհետ` “Հայոց Արծիվներ” ՀՀԿ) հայտարարել է Ազգային Բանակի տարի, եւ հունվարից մինչեւ դեկտեմբեր “Հայոց Արծիվները” Ազգային Բանակի տարբեր զորամասերում կազմակերպում եւ իրականացնում է խոշոր հայրենասիրական միջոցառումների շարք, որոնք անցկացվում են շնորհավորանքների, հուշամեդալների պարգեւատրման, թանկարժեք իրային նվերների պարգեւատրման, հայրենասիրական համերգների կազմակերպման, ինչպես նաեւ կրակային պատրաստվածության տեսքով:
Հայրենասիրական միջոցառումների իրականացման գլխավոր նպատակներից են բանակ-հասարակություն կապի անընդհատ ամրապնդումը, հայ զինվորի մարտունակ ոգու պահպանումը եւ հզորացումը, երիտասարդների, հասարակության շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության արմատավորումը եւ ընդհանուր առմամբ հայոց ազգային բանակի` հայ ժողովրդի բացարձակ արժեքի դերի ու նշանակության խիստ կարեւորումը հայ հասարակության շրջանում:
Երեւանի Նուբարաշեն վարչական շրջանում տեղակայված ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսում “Հայոց Արծիվներ” ՀՀԿ-ի Նախագահությունը սույն թվականի հոկտեմբերի 18-ին կազմակերպել էր հերթական ռազմահայրենասիրական աննախադեպ միջոցառում` նվիրված ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձին: Միջոցառման անմիջական մասնակիցներն են “Հայոց Արծիվներ” ՀՀԿ 211 մասնաճյուղերի ղեկավարները, Կազմակերպության Նախագահությունը, ինչպես նաեւ Երեւան քաղաքում գործող միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանող-ուսանողուհիները, ընդհանուրը` 700 մարդ:
“Հայոց Արծիվները” եւ ուսանողները հյուրընկալվեցին սպաներին, ենթասպաներին, զինվորներին` շնորհավորելու ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձը: “Հայոց Արծիվների” առաջնորդ, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը խիստ կարեւորում է նման ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացումը, հատկապես երիտասարդների շրջանում. խոսք` Խաչիկ Ասրյան … միշտ եղեք հոգեպես ուժեղ, հզոր, միշտ իմացեք, որ դո՛ւք եք հաղթանակած պետության հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին եւ զինվորը, միշտ գիտակցե՛ք հայկական բարձրավանդակի աշխարհագրական դիրքը, միշտ գիտակցե՛ք հորինված ադրբեջանցիների ղեկավարների կողմից ամենօրյա հնչեցվող ռազմատենչ հայտարարությունների վտանգը, միաժամանակ գիտակցեք նրանց պարտվողական հոգեբանությունը, միշտ գիտակցեք հայ զինվորի, հայ սպայի մարտունակ, հաղթական, ազգային ոգին, միշտ գիտակցեք արցախյան փառավոր հերոսամարտը եւ հերոսամարտում նահատակված քաջորդիների շիրիմների առջեւ խոնարհվելու գաղափարի անհրաժեշտությունը, եւ գիտակցելով միշտ համախմբվե՛ք միասնության տանիքի տակ, իսկ միասնության տանիքը ազգային բանակն է, հայոց Նախագահն է, Հայաստանի Հանրապետությունն է: Կրելով ձեր մեջ եռամիասնության արժեքային համակարգը` այսօր, քան երբեւէ դուք կլինեք ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական, եւ այդ ժամանակ ես կասեմ Ձեզ. “Կեցցեք դուք, կեցցե ազգային բանակը, կեցցե հայոց Նախագահը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը”, – իր ոգեշունչ ելույթում նշում է Խաչիկ Ասրյանը:
Տոնական միջոցառման ընթացքում “Լեռնահայաստանի Արծիվ” ոսկյա հուշամեդալով պարգեւատրվեցին ՊՆ 5-րդ բանակային կորպուսի 5 զորամասերի սպաներ: Թանկարժեք իրային նվերներով` ձեռքի ժամացույցներով պարգեւատրվեցին 5 զորամասերի 60-ից ավել զինծառայողներ:
Զորամասում միջոցառումն ավարտվեց տոնական շքերթով, որին մասնակցեցին նաեւ “Հայոց Արծիվները” եւ ուսանող-ուսանողուհիները:
Ռազմահայրենասիրական ծրագրի բոլոր մասնակիցները այցելեցին նաեւ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի զորավարժարան, որտեղ էլ յուրաքանչյուր “արծիվ” եւ ուսանող ինքնաձիգով կրակեց մինչեւ 7 փամփուշտ:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը, իր հիմնադրման օրվանից մինչեւ այսօր իրականացրել է 415-ից ավել հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել 211 մասնաճյուղեր-գրասենյակներ` Հայաստանի Հանրապետության 24 քաղաքային եւ 187 գյուղական համայնքներում, իսկ Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան 27.000 մարդ: Ըստ Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի «Հայոց Արծիվների» գործունեության գերնպատակը մեկն է. Կազմակերպության որդեգրած գաղափարախոսությունը եւ կարգախոսը մտցնել յուրաքանչյուր հայ ընտանիք, հայ մարդու արյան մեջ:
«Հայոց Արծիվներ» հհկ տեղեկատվության եւ
հասարակայնության հետ կապերի հանձնաժողով