Ադիբեկյանը 62 տոկոս մասնակցություն է կանխորոշում
Ընտրություններին կմասնակցեն ընտրողների 62%-ը: Հարցվածների 56%-ը հաստատ կմասնակցեն քվեարկությանը,5%-ը հնարավոր են համարում իրենց մասնակցությունը, 4%-ը դեռ չեն որոշել, իսկ 35%-ը չեն գնա ընտրություններին:
Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նրա խոսքով,ընտրության գնալ-չգալու միջև տատանվողների պատճառները տարբեր են` մի մասի մոտ ժամանակի խնդիրն է (2.1%), մյուսների մոտ եղանակը (0.9%), տրանսպորտը (0.8%), իսկ ոմանց մոտ նյութական շահագրգռվածություն չկա (3.3%):
“Տրանսպորտի խնդիրը լուծելու համար անհրաժեշտ 1800 գազել դժվար թե ճարի ՀՀԿ-ն կամ Րաֆֆի Հովհաննիսյանը”,-նկատեց Ադիբեկյանը:
“Սոցիոմետրի” ղեկավարը ասաց, որ Շիրակի, Արմավիրի և Արագածոտնի մարզերում ձայների բաշխվածությունը բավականին մոտ է, իսկ Երևանում պատկերը նման է Արաբկիր, Շենգավիթ և Մալաթիա Սեբաստիա համայնքներում: Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ երկրորդ փուլի հավանականությունը միայն տեսական է:
Հարցումն իրականացվել է փետրվարի 8-10-ը 1670 չափահաս բնակչի շրջանում: Հարցմանը հիմնականում հրաժարվել են մասնակցել կանայք և կասկածամիտ տարեց տղամարդիկ:
Ադիբեկյանը հստակեցրեց. պաշտոնական տվյալներով ՀՀ բնակչության թիվը կազմում է 3 միլիոն 275 հազար մարդ, որոնցից ընտրելու իրավունք ունեն 2 միլիոն 400 հազարը. “Սակայն հարց է, թե որքանն են այժմ գտնվում Հայաստանում”:
ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ձայները հիմնականում անցնում են Րաֆֆի Հովհաննիսյանին և Սերժ Սարգսյանին, իսկ ՀԱԿ-ի ձայները Հրանտ Բագրատյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին: