Թեկնածուները դարձել էին սպանություն պատվիրողների դաշնակիցը. Հայրիկյանը մեղադրում է
‘’Հունվարի քսանմեկից երեսունմեկը Հայրիկյանի վարկանիշը կայուն աճում էր, մահափորձը պայքարից դուրս բերեց հիմնական թեկնածուին: Աշխարհի մյուս երկրներում սա կզգաստացներ մյուս թեկնածուներին, բայց տեղի ունեցածից հետո իրենց վարքով նախագահի մյուս թեկնածուները դարձան ահաբեկիչների աջակիցը”:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ նախագահի թեկնածուների հասցեին նման մեղադրանք հնչեցրեց ԱԻՄ նախագահ, մահափորձի ենթարկված Պարույր Հայրիկայնը:
Նրա խոսքով, միջադեպից հետո մտավորականները համացանցում մյուս թեկնածուներին կոչ արեցին հանել թեկնածությունը, նամակն ուղարկեցին նաեւ իրեն: ’’Նրանք, կարծես ոչինչ տեղի չի ունեցել, շարունակեցին ընտրարշավը եւ այդ պահվածքով թեկնածուները դարձել էին սպանություն պատվիրողների դաշնակիցը’’,-հայտարարեց Հայրիկյանը:
Հայրիկյանի խոսքով, թեկնածուները բարդութավորված էին իրենց իսկ գործողություններից. ’’Բարդութավորված էին բոլորը, հասկանում էին, որ նողկալի բան է կատարվում , դրա համար համատարած հիստերիա սկսվեց` Հայրիկյանը երեկ առավոտյան թեյ է խմել, այսօր առավոտյան` սուրճ, այս ինչ խայտառակություն է…,-շարունակեց թեկնածուն եւ հավելեց,-զգալով, որ անամոթ բան են կատարում, փորձեցին դաշտը փոխել: Միայն Սերժ Սարգսյանը դադարեցրեց քարոզարշավը, այն էլ` միայն մեկ օրով: Մյուսները շարունակեցին իրենց բուռն գործուներությունը:
Պարույր Հայրիկյանը հայտարարեց, թե նա, ով առաջինը հայտարարեց, թե Հայրիկյանը վիրավորվել է ուսից, ահաբեկիչների դաշնակիցն է` հավելելով, թե թեւատակի հատվածը դարձավ ուս: ‘’Պարզեք, թե ով է եղել այն սրիկան, որ նման հաղորդագրություն է տարածել, թե Հայրիկյանը վիրավորվել է ուսից: Այ էս մասը եղել է ուսը: Նա տեռորիստների դաշնակիցն է’’,-նշեց նա` ցույց տալով մարմնի վիրավոր հատվածը:
Նրա խոսքով, այսօր կարող ենք ոչ միայն ‘’կաֆելշչիկ’’ ահաբեկիչ գտնել, այլեւ ‘’աղբահավաք’’, բայց կարեւորը պատվիրատուն է: Հայրիկյանի խոսքով, թեկնածուներից մեկն էլ ուղղակի արձանագրեց, որ փոխվել է իրավիճակը: Ըստ բանախոսի, վաղը պիտի ասեն, թե Հայրիկյանը շահարկեց կրակելու փաստը:
‘’Էս խայտառակ իրավիճակը շտկել կարող է միայն ժողովուրդը: Ժողովուրդը պետք է ցույց տա, որ ինքը ահաբեկիչների հետ չէ: Ես չգիտեմ կհասցնեմ, այս պատգամը նրանց, թե ոչ, որովհետեւ մնում է ընդամենը երեք օր”,-հայտարարեց նախագահի թեկնածուն եւ զուգահեռներ տարավ 88 թվականի եւ այսօրվա միջեւ, թե այն ժամանակ էլ ահաբեկիչները փորձեցին իրեն մեկուսացնել քաղաքական գործընթացներից:
Հայրիկյանն ասաց նաեւ , որ այսօր ծրագրել էր Վանաձոր մեկնել, բայց բժիշկները արգելեցին:
Խոսելով իր դեմ իրականացված մահափորձի գործի քննությունից` Պարույր Հայրիկյանն ասաց, որ իր համոզմամբ` ահաբեկությունը շատ մաքուր է արվել.’’ Ես գիտեմ, որ այդ գործը մի քանի շերտով ապահովագրված գործ է, այնքան մաքուր է արված: Ոչ այդ կրակողները, ոչ նրանց հետ կապվածները, նրանք հիմնական դեմքերը չեն’’: