18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բանկի թալանի մեջ ներքաշել են կանանց եւ մայրերին. Ժամանակ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց «Հայբիզնեսբանկից» կատարված առանձնապես խոշոր չափերի հափշտակության վերաբերյալ գործի դատական քննությունը:

Դատարանն ունկնդրեց ամբաստանյալների ու նրանց շահերի պաշտպանների պաշտպանական ճառերը:

Հավելենք, որ այս գործը դատարան մուտք էր եղել որպես ավելի խոշոր գործի մաս: Տարադրամի փոխանակման կետերի վրա հարձակումներ կատարելու նպատակով ստեղծված հանցավոր խմբի անդամ լինելու մեղադրանք է առաջադրված նաև «Հայբիզնեսբանկից» հափշտակություններ կատարելու համար մեղադրվող, այդ հափշտակությունները «նախաձեռնած» Տիգրան Հովհաննիսյանին:

Գործի քննության ընթացքում, դատական քննությունն ավելի արդյունավետ կազմակերպելու նկատառումով առանձնացվեց «Հայբիզնեսբանկից» կատարված հափշտակությունների մասը, իսկ ներկայումս էլ դատարանն այս գործով արդեն մոտեցել է վերջնագծին՝ դատական ակտ կայացնելուն:

Ըստ մեղադրանքի՝ 30-ամյա Տիգրան Հովհաննիսյանը «Հայբիզնեսբանկ»-ի հետ երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների հաշվեհամարներից գումարներ հափշտակելու նպատակով նախնական համաձայնության է եկել կնոջ՝ 30-ամյա Էդիտա Ալիխանյանի հետ: Վերջինս նշված բանկի գործառնական վարչության հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ է եղել, ի պաշտոնե հասանելիություն է ունեցել ավանդատուների բանկային տվյալներին:

Տիգրան Հովհաննիսյանը Էդիտա Ալիխանյանի հետ խմբով նախնական համաձայնությամբ 2012 թվականի հուլիսի 31-ից մինչև 2013 թվականի մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 309 միլիոն 477 հազար 642 դրամին համարժեք 723 հազար 940 դոլար և 83 միլիոն 668 հազար 795 դրամ:

31-ամյա Մնացական Սարգսյանը, ըստ մեղադրանքի, 2012 թվականի նոյեմբերի 19-ից մինչև 2013 թվականի մարտի 7-ը օժանդակել է «Հայբիզնեսբանկ»-ի աշխատակից Էդիտա Ալիխանյանին և նրա ամուսնուն՝ Տիգրան Հովհաննիսյանին՝ նախնական համաձայնությամբ, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ ավանդատուների հաշվեհամարներից 46 միլիոն 788 հազար դրամին համարժեք՝ 100 հազար դոլարի և 5 միլիոն 970 հազար դրամի հափշտակություն կատարելու համար: Նա նաև 2012 թվականի դեկտեմբերին ապօրինի կերպով ձեռք է բերել, իր մոտ պահել, ապա ապօրինի իրացրել զենք ու ռազմամթերք:

27-ամյա Գոհար Գաբրիելյանը մեղադրվում է Էդիտա Ալիխանյանի և նրա ամուսնու հետ «Հայբիզնեսբանկ»-ի ավանդատուների հաշիվներից 73 միլիոն 169 հազար 992 դրամին համարժեք 119 հազար 900 դոլար և 23 միլիոն 923 հազար 795 դրամ հափշտակելու համար:

34-ամյա Վահե Ստեփանյանը մեղադրվում է Էդիտայի ու նրա ամուսնու կողմից «Հայբիզնեսբանկի» ավանդատուների հաշիվներից 12 միլիոն 428 հազար 400 դրամին համարժեք 30 հազար դոլարի հափշտակությանն օժանդակելու համար:

29-ամյա Մառլեն Մուրադյանը մեղադրվում է Էդիտայի և նրա ամուսնու՝ Տիգրանի կողմից կատարած հափշտակությանն օժանդակելու համար:

Մեղադրող դատախազը, հիմնավորված համարելով ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները, միջնորդել էր Տիգրան Հովհաննիսյանին այս գործով վերջին հաշվով դատապարտել 6 տարի ազատազրկման, Էդիտա Ալիխանյանին՝ 5 տարի ազատազրկման, Գոհար Գաբրիելյանին՝ 5 տարի 6 ամիս ազատազրկման, Մնացական Սարգսյանին՝ 6 տարի ազատազրկման, Վահե Ստեփանյանին և Մառլեն Մուրադյանին՝ 4 տարի 6 ամիս ազատազրկման:

Դատական նիստին ներկա չէր դատական սանկցիայով դատական նիստերի դահլիճից հեռացված Տիգրան Հովհաննիսյանը, ով հրաժարվեց պաշտպանական ճառով հանդես գալու իր իրավունքից:

Ամբաստանյալ Գոհար Գաբրիելյանի շահերի պաշտպան Է. Աղաջանյանը իր պաշտպանական ճառում անհամաձայնություն արտահայտեց մեղադրողի միջնորդած պատժի վերաբերյալ: Պաշտպանը նշեց, որ իր պաշտպանյալը զղջացել է կատարածի համար: Նա ամուսնալուծված է, խնամքին է վեց տարեկան երեխան: Երեխայի միակ կերակրողը Գոհարն է: Գործի քննության ընթացքում Գոհարը գտնվել է ազատության մեջ ու դրսևորել է պատշաճ վարքագիծ:

Գոհար Գաբրիելյանին մեղսագրված արարքի համար օրենքով նախատեսված է 4-ից 8 տարի ազատազրկում: Մեղադրողը Գոհարի համար միջնորդել է 5 տարի 6 ամիս ազատազրկում՝ չնշելով այդքան խիստ պատիժ նշանակելու անհրաժեշտության հիմնավորումներ:

Պաշտպանն ընդգծեց, որ տևական ժամանակ Գոհարին ազատազրկելու դեպքում մանկահասակ երեխան կմնա առանց ծնողական խնամքի:

Փաստաբանը հարցում էր կատարել արդարադատության նախարարություն և ներկայացրեց, որ մեկ դատապարտյալին կալանավայրում պահելու համար պետությունը ծախսում է 6025 դրամ: Մեկ տարում մեկ դատապարտյալի համար կատարվող այդ ծախսը կազմում է 2 միլիոն 200 հազար դրամ:

Եթե Գոհարը հինգ տարով ազատազրկվի, պետությունը նրա համար պետք է ծախսի 12 միլիոն դրամ: «Ի՞նչ անհրաժեշտություն կա, որ պետությունն այդքան գումար ծախսի տվյալ դեպքում: Դա չի բխում պետության շահերից, անթույլատրելի շռայլություն կլինի, պետական միջոցների անթույլատրելի վատնում, քանի որ Գոհար Գաբրիելյանի ուղղումը հնարավոր է նաև առանց հասարակությունից նրան մեկուսացնելու»,- ասաց փաստաբան Է. Աղաջանյանը:

Նա խնդրեց իր պաշտպանյալի նկատմամբ նշանակել օրենքով նախատեսված նվազագույն պատիժը, կիրառել պայմանական դատապարտություն և սահմանել փորձաշրջան:

Է. Աղաջանյանի կարծիքով՝ դատարանը «Հայբիզնեսբանկի» կողմից ներկայացված քաղաքացիական հայցը պետք է թողնի առանց քննության, մանավանդ որ բանկի ներկայացուցիչը հազվադեպ է մասնակցել դատական նիստերին, այս նիստին ևս նա ներկա չէր:

Ամբաստանյալ Մնացական Սարգսյանի շահերի պաշտպան, փաստաբան Լիանա Գրիգորյանի կարծիքով՝ իր պաշտպանյալին մեղսագրված երկու հանցավոր արարքներն էլ ապացուցված չեն բավարար ապացույցներով, որպես ապացույց դիտարկվել են միայն ցուցմունքներ այն մասին, որ Մնացականը Տիգրան Հովհաննիսյանի խնդրանքները կատարելիս հարցրել է՝ որևէ վտանգավոր բան չկա՞ այդ խնդրանքների կատարման մեջ: Տիգրանը նրան հանգստացրել է, որ վտանգավոր ոչ մի բան չկա, Մնացականն էլ հավատացել ու օգնել է: Մնացականի մեջ վստահություն է առաջացրել նաև այն, որ Էդիտան աշխատել է բանկում, նա մտածել է, որ բանկի աշխատողը սխալ բան չի անի: Մնացականը դիտավորություն չի ունեցել օժանդակելու հանցավոր արարքներին: Նա ենթադրել է, թե միայն գումար ստանալու հարց է, ու չի մերժել իր օգնությունը:

Պաշտպանը զավեշտ համարեց իր պաշտպանյալին առաջադրված երկու մեղադրանքներն էլ, նշեց, որ որևէ զենք գործով չկա, հետևաբար զենքի մասով մեղադրանք էլ չպիտի լինի: Որևէ հանցավոր արարք կատարած չլինելով՝ Մնացականը արդեն երկուսուկես տարի է՝ անազատության մեջ է:

Պաշտպանը նշեց, որ մեղադրողն իր ճառում չէր արձանագրել Մնացականի պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ:

Ծանրացնող հանգամանքներ չկան, ըստ պաշտպանի, իսկ մեղմացնող հանգամանքներ կան՝ Մնացականը նախկինում դատված չէ, նրա խնամքին է մանկահասակ երեխան:

Պաշտպանը միջնորդեց մեղադրանքները ապացուցված չլինելու պատճառով արդարացնել իր պաշտպանյալ Մնացական Սարգսյանին: Բայց եթե դատարանը գա եզրահանգման, որ Մնացականը մեղավոր է, ապա պաշտպանը միջնորդեց նրա նկատմամբ մեղմ պատիժ սահմանել, նկատի առնել, որ նա արդեն երկուսուկես տարի անազատության մեջ է, ու կիրառել պայմանական դատապարտություն՝ սահմանելով փորձաշրջան:

Փաստաբան Գրիգորյանը ևս այն կարծիքը հայտնեց, որ «Հայբիզնեսբանկի» կողմից ներկայացված քաղհայցը դատարանը պետք է թողնի առանց քննության:

Ամբաստանյալ Մառլեն Մուրադյանն ի պաշտպանություն իրեն ասաց, թե զղջում է կատարածի համար, մեղսագրված արարքը կատարել է զուտ ընկերական փոխհարաբերություններից դրդված, ինքը որևէ շահ չի հետապնդել, գումար չի ստացել, իր խնամքին է մեկուկես տարեկան երեխան, ինքը հատուցել է «Հայբիզնեսբանկին» իր մասով պատճառված վնասը՝ 4428 դոլարը, և բանկը պաշտոնական գրությամբ հայտնել էր, թե Մառլեն Մուրադյանի մասով քաղհայցի պահանջ չունի: Մառլենը ներկայացրեց բանկի վնասը հատուցելու վերաբերյալ և իր անձը բնութագրող փաստաթղթեր: Նա հայտնեց, որ չի առարկի, եթե իր նկատմամբ կիրառվի համաներում:

Վահե Ստեփանյանի շահերի պաշտպանը նշեց, որ իր պաշտպանյալը հիվանդ է, հիվանդության պատճառով ներկայումս չի աշխատում, նրա ընտանիքը ծանր սոցիալական վիճակում է, Վահեն Տիգրան Հովհաննիսյանի խնդրանքը կատարել ու ինքը ոչ մի կոպեկ չի ստացել, նա չի պատկերացրել, որ հանցավոր արարք է կատարում:

Պաշտպանը միջնորդել է իր պաշտպանյալին իրական ազատազրկման չդատապարտել, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառել, սահմանել փորձաշրջան:

Դատական հաջորդ նիստին՝ փետրվարի 23-ին, դատարանը կլսի ամբաստանյալ Վահե Ստեփանյանի վերջին խոսքը, կհեռանա խորհրդակցական սենյակ և կհրապարակի այս գործով դատական ակտը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ