Ստիպված կդիմեն այդ քայլին
2012 թվականին արվածը ներկայացնել և 2013–ի ծրագրերն է մանրամասնել Երևանի քաղաքապետարանի Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը։ Վարչության պետը 2012 թվականին ոլորտի համար ձեքռբերում է համարում ոլորտի կարգավորման նպաստավոր օրենսդրական դաշտի ձևավորումը։ Գովազդի մասին ՀՀ օրենքում փոփոխությունները անպարտաճանաչ գովազդատուների նկատմամբ վարչական տուգանք կիրառելու լիազորություններ են ընձեռել Երևանի քաղաքապետին։
Տնտեսվարողներից զատ տուգանվելու են նաև անբարեխիղճ քաղաքացիները, ովքեր հայտարարություններ ու թերթիկներ կփակցնեն ոչ սահմանված վայրերում՝ էլեկտրասյուներին ու շենքերի արտաքին պատերին և այլն: 2012 թվականից Երևանի քաղաքապետարանը հայտարարությունների համար նախատեսված հատուկ ցուցանակներ է տեղադրում մարդաշատ վայրերում։
“Կոչ եմ անում նման քայլի չդիմել։ Չթույլատրված տեղերում փակցրած յուրաքանչյուր հայտի համար քաղաքացին կտուգանվի նվազագույն աշխատավարձի մինչև 100–ապատիկի չափով։ Մենք ստիպված ենք նման խիստ քայլի դիմել, որպեսզի մեր քաղաքը մաքուր պահենք”,– ասել է Արազ Բաղդասարյանը։
Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը 2012 թվականին կատարած աշխատանքներից հատկանշել է նաև ոչ արդիական գովազդների, մասնավորապես դեռևս ԽՍՀՄ տարիներից շենքերի տանիքներում տեղադրված գովազդային ու զանազան կոչերով մետաղական կոնստրուկցիաների ապամոնտաժումը։
2013 թվականի շարունակվելու է քաղաքային ֆորմատին համապատասխանող գովազդային միջոցների տեղադրման, ինչպես նաև գովազդային մեծ միջոցները ավելի փոքրերով փոխարինելու ծրագիրը՝ ներառելով նորարարական մոտեցումներ ու մտահղացումներ։
“Այն գովազդային միջոցները, որ տարիներ շարունակ տեղադրված են եղել (խոսքը մեծ չափերի գովազդային վահանակների մասին է) արդեն աստիճանաբար պետք է փոխարինվեն քաղաքային ֆորմատին համապատասխանող փոքր չափերի գովազդային միջոցներով, վահանակներով։ Սկսվել է բանակցային գործընթացը գովազդային վահանակները տնօրինող ընկերությունների հետ։
Առաջարկվող տարբերակներից են, օրինակ, էլեկտրոնային գովազդային միջոցները՝ գլանաձև և այլն, քաղաքի կահավորման տարբեր պրակտիկ կիրառում ունեցող պարագաները, ինչպես ժամացույցները, նստարանները, կանգառասրահները”,– ասել է Արազ Բաղդասարյանը։ Որպես արդիական գովազդային միջոցի օրինակ վարչության պետը մատնանշել է նաև Երևանյան ազդարար անունը կրող հատուկ կրիչները, որոնք մշակութային միջոցառումների ծանուցման համար են նախատեսված։
“Հետամուտ լինելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի քաղաքականությանը՝ վարչությունը ամենի ինչ արել է, որ համայնք–մասնավոր համագործակցությունը լավ հիմքերի վրա լինի։ Առանց քաղաքային բյուջեն ծանրաբեռնելու, մասնավորի հետ համագործակցությամբ Երևան քաղաքում կատարվել է 500 մլն դրամի աշխատանք։ կառուցվել է 7 վերգետնյա անցում, որտեղ , որպես վճարման միջոց թույլատրվել է ֆինանսավորող կազմակերպության գովազդը: 2013 թվականին նախատեսվում է ևս 7–8 վերգետնյաների կառուցում”,–նշել է Արազ Բաղդասարյանը և հավելել, որ մասնավորի հետ համագործակցությամբ նաև էլեկտրոնային չվացուցակներ կտեղադրվեն, որոնք ևս մասնակիորեն որպես գովազդակիր միջոց կծառայեն։
Շարունակվելու են նաև 3D պատկերների և գրաֆիտիների նախագիծերը. Վերջիններս մեկնարկել էին հատկապես Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տարվա կապակցությամբ, բայց, հաշվի առնելով դրական արձագանքները, ծրագիրը նախատեսված է ընդլայնել։ Հիշեցնենք, որ տոնակատարությանն ընդառաջ Երևանի մի շարք շենքերի պատերին պատկերվել էին հայ և համաշխարհային դասականների դիմանկարնելը՝ կրեատիվ լուծումներով։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն