Ավարտվում է նախագահի ընտրությունների էլեկտրոնային քվեարկությունը
Այսօր` Երևանի ժամանակով ժամը 20-ին, կավարտվի ՀՀ Նախագահի փետրվարի 18-ի ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկող ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամների քվեարկությունը:
Էլեկտրոնային քվեարկության արդյունքները կամփոփվեն և դրանց վերաբերյալ կազմված արձանագրությունը կհրապարակվի ՀՀ տարածքում քվեարկության ավարտից` փետրվարի 18-ի ժամը 20-ից հետո:
Այս մասին հաղորդում է ”’Փաստինֆոն”: Մինչ այդ անհայտ կմնա, թե էլեկտրոնային եղանակով քվեարկողների ցուցակում ընդգրկված 243 ընտրողներից քանիսն են մասնակցել քվեարկությանը:ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը տեղեկացրել է, քվեարկությունն ընթանում է համացանցով` ՀՀ ԿԸՀ-ի կայքում` էլեկտրոնային քվեարկությունն ապահովող ծրագրի միջոցով:
Էլեկտրոնային համակարգ մուտք գործելու համար, ինչպես և տվյալ համակարգը գործարկելիս, ԿԸՀ անդամներից յուրաքանչյուրը պետք է մտցնի իրեն հատկացված գաղտնաբառը, որից հետո էլեկտրոնային քվեարկության պատկերը ԿԸՀ-ի համար տեսանելի կլինի: