ՀՀՇ-ն երբեք լուծարման ենթակա չէ` ականջներիդ օղ արեք
‘’ՀԱԿ-ի այն մասը, որոնք անկուսակցական են, կարող են միավորվել ՀԱԿ կուսակցության մեջ: ՀՀՇ-ն դաշինքով նրա հետ կարող է շարունակել համագործակցությունը’’,-այսօր Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով նոր ստեղծվող ՀԱԿ կուսակցությանը եւ նրա հետ ՀՀՇ-ի համագործակցության ձեւաչափին, ասաց ՀԱԿ դաշինքի անդամ, ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը:
Երջանիկ Աբգարյանը ՀՀՇ-ի դրոշի տակ միավորմանը դեմ չէ, եթե որեւէ նախաձեռնություն որոշի մտնել ՀՀՇ կազմի մեջ, միայն կողջունի. ‘’Նույնիսկ կարելի է դրա կապակցությամբ արտահերթ համագումար հրավիրել` համապատասխանաբար նոր ստեղծված դրությունը մեկնաբանել’’:
Մեր դիտարկմանը, թե ՀՀՇ-ի վերակազմավորման մասին հարցին իր վերջին ասուլիսին ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը պատասխանել էր` նշելով, որ խոսքը նոր ստեղծվելիք կուսակցության մասին է, իսկ թե ՀՀՇ-ն կմտնի այս գործընթացի մեջ եւ ինչ ճանապարհով, դա իրենց որոշելիքն է, Երջանիկ Աբգարյանն արձագանքեց.
’’ Ոչ մեկն իրավունք չունի հատկապես նրանք , ովքեր այդ կուսակցության անդամ չեն, հայտարարություն անելու ՀՀՇ կազմալուծման մասին: ՀՀՇ-ն երբեք լուծարման ենթակա չէ, սա պետք է բոլորն իրենց ականջին օղ անեն’’:
Նշենք, որ Կուսակցությունների մասին ՀՀ օրենքի համաձայն` կուսակցությունները կամ ստեղծվում են կամ վերակազմակերպվում /միաձուլվել, միանալ, բաժանվել, առանձնանալ/ միայն այլ կուսակցության /հոդված 29/ ։
Այս դեպքում նրա իրավունքները եւ պարտականություններն օրենքով սահմանված կարգով անցնում են իրավահաջորդ կուսակցությանը: Վերակազմավորման տարբերակն այս դեպքում, փաստորեն, բացառվում է:
Երջանիկ Աբգարյանը կտրականապես դեմ է նոր կուսակցության հետ ՀՀՇ-ի հնարավոր միձուլմանը, որի արդյունքում, փաստորեն , ՀՀՇ-ն, որպես առանձին սուբյեկտ կդադարի գոյություն ունենալ:
‘’Ես բոլոր պարագաներում դեմ եմ եւ ՀՀՇ վարչության վերջին նիստին բոլոր դեպքերում նկատի առնվեց, որ ՀՀՇ-ն լուծարման ենթակա չէ: Ով է ասել, որ ՀՀՇ-ն պետք է ձուլվի: ՀՀՇ-ն պետք է մնա : Մենք դեռ չգիտենք, թե այդ նոր ՀԱԿ-ը ինչպիսի գործունեություն է ծավալելու, ինչ պայմաններում: ՀՀՇ-ն իր հետեւում պատմություն ունի` Հայաստանի անկախության սկզբնավորողն է, ամեն ինչ ազգային պետականության հետ կապված է ՀՀՇ-ի հետ: ՀՀՇ-ի լուծարումը ես բացարձակապես անընդունելի եմ համարում’’,-շեշտեց Երջանիկ Աբգարյանը:
Նա չմեկնաբանեց այն փաստը, որ ըստ էության, ՀՀՇ հիմնադիր նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը շեշտը դրեց ոչ թե ՀՀՇ-ի վրա, այլ նոր ստեղծվելիք կուսակցության . ’’Ես Լեւոն Տեր-Պետրոսյանի` ՀԱԿ կուսակցություն ստեղծելու վերաբերյալ մեկնաբանությունը չեմ քննարկում: Ես իմ կարծիքն եմ հայտնում ՀՀՇ-ի հետագա ճակատագրի վրեաբերյալ’’:
Henaran.am-ի հարցին, թե եթե այսուհանդերձ, այնպես ստացվի, որ ՀՀՇ-ի առջեւ ՀԱԿ կուսակցության հետ միաձուլման հարց ծագի, այս դեպքում ՀՀՇ-ն փրկելու համար ի՞ նչ քայլեր կձեռնարկվեն: ‘’Ես ‘’եթե’’-ներով հազվադեպ եմ խոսում: Այսօրվա դրությունը սա է, ես ասում եմ` այս դրության մեջ ես այս դիրքորոշումն ունեմ: Թե հետո ինչ կարող է լինել կամ չլինել, դրա մասին չեմ խոսի’’,-նշեց:
Մեր դիտարկմանը, թե շատերի կարծիքով, նոր ՀԱԿ կուսակցությունը ՀԱԿ դաշինքը վերջնական փլուզումից փրկելու համար է ստեղծվում, Երջանիկ Աբգարյանն ուշագրավ արձագանքեց.’’Ես չգիտեմ թե ինչ են ասում ՀԱԿ կուսակցության վերաբերյալ: Կկազմավորվի, կգործի, հետո կտեսնենք, թե ինչ է իրենից ներկայացնում:
Ես կարծում եմ, որ Հայաստանում փրկչության գաղափարը արդեն վաղուց մեռել է: Փրկիչ չկա: Կա ժողովուրդ, որն ուղղակի ամբողջովին խաբված , ամբողջովին մոլորեցված է, որը չգիտի ուղին, նորմալ զարգացման ճանապարհը: Սրա դեմ է հարկավոր պայքարել եւ փառք Աստծո, որոշակի ուժեր կան, որ դեռ հույս են ներշնչում, որ կարելի է ինչ-որ բան անել’’:
Հիշեցնենք, որ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը ՀԱԿ եւ ՀՀՇ կուսակցություններին առնչվող հարցին ի պատասխան նշել էր, որ ինքը դեմ է, որ ՀՀՇ-ն լուծարվի` մտնելով ՀԱԿ կուսակցության մեջ: Արամ Մանուկյանը, հիշեցնենք, նպատակահարմար է համարում ՀՀՇ-ի վերակազմավորման տարբերակը:
Նկատենք նաեւ, որ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը իրավական տեսանկյունից մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, ասել էր. ‘’Մի կուսակցության մեջ կուսակցություն չի կարող լինել, բայց այս չորս-հինգ կուսակցությունները կարող են դառնալ մեկ կուսակցություն:
ՀՀՇ-ն չի կարող ՀԱԿ-ի կազմում լինել, ՀԱԿ-ը պետք է դառնա կուսակցություն եւ ՀՀՇ-ն կդադարի գոյություն ունենալ: Օրենքով կուսակցությունը վերակազմակերպվում է, դրա անունն ինչ ուզում եք դրեք: Վերակազմակերպման դեպքում ինքը առանձին որպես իրավաբանական սուբյեկտ` չկա: Կարող ենք ասել, որ այս կուսակցությունը սրա իրավահաջորդն է եւ այլն: