Սա դժվարին աշխատանք է․ Դմիտրի Մեդվեդեւն ու Տիգրան Սարգսյանը հանդիպել են /վիդեո/
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ: Ինչպես փոխանցում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը, Մեդվեդեւը նշել է, որ Տիգրան Սարգսյանի հետ վերջին անգամ հանդիպել էր այն ժամանակ, երբ նա ղեկավարում էր Հայաստանի կառավարությունը:
«Իսկ հիմա Դուք մեծ ղեկավար եք, ղեկավարում եք մի մարմին, որը համակարգում է այլ կառավարությունների գործունեությունը, Ձեր հսկողության ներքո են ԵԱՏՄ երկրները: Առաջին հերթին Ձեզ հաջողություն եմ մաղթում: Այն դժվար, բայց հետաքրքիր աշխատանք է: Ես հուսով եմ, որ մեր միջև շփումներն առավել հաճախակի կլինեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանձնաժողովի գրասենյակը գտնվում է Մոսկվայում։ Եվ, իհարկե, մեզ համար շատ կարևոր է լիարժեք աշխատանք տանել հանձնաժողովի նոր կազմի հետ, որպեսզի կարողանանք լուծել այն խնդիրները, որոնք այս պահին արդիական են: Կան շատ փաստաթղթեր, որոնք պետք է կյանքի կոչվեն: Դրանք պետք է համաձայնեցնել: Սա այդքան էլ հեշտ գործ չէ: Կարևոր է նաև ելքեր գտնել տարբեր, այս պահին արդիական դժվարին իրավիճակները հաղթահարելու համար, որոնք առաջանում են Եվրասիական տնտեսական միության համար»,- ասել է Մեդվեդեւը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորանշանակ նախագահ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ վարչապետին ջերմ խոսքերի ու իրեն վստահելու համար եւ ասել, որ ինքը գիտակցում է ողջ պատասխանատվությունը, որը դրված է իր վրա։
«Գիտակցում եմ մեր երկրների լուրջ սպասումները, որովհետև և՛ մեր երկրների քաղաքացիները, և՛ բիզնեսը ցանկանում են իրական արդյունքներ տեսնել ինտեգրացիայից: Մենք պետք է ցույց տանք, որ ինտեգրացիան աշխատում է, և դա լրացուցիչ խթան կհանդիսանա ինտեգրացիոն գործընթացների համար: Ես շնորհակալ եմ ձեր խոսքերի համար, որ մեր հանդիպումները պարբերական են լինելու: Դա, անկասկած, կօգնի շատ հարցեր լուծել որքան հնարավոր է արագ»,- ասել է նա: