Պապիկը հրաժարվեց նախապես գրված տեքստից եւ Սերժ Սարգսյանին ասաց սրտինը /վիդեո/
ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը չորեքշաբթի` փետրվարի 13-ին նախընտրական հանդիպումները շարունակեց Գեղարքունիքի մարզում: Առաջինը նա եղավ Վարդենիսում: Ողջունելով վարդենիսցիներին՝ Ս.Սարգսյանն ասաց, որ եկել է խնդրելու, որ քվեարկեն իր օգտին:
“Եթե լավ եմ աշխատել, ապա քվեարկեք ինձ, եթե վատ եմ աշխատել, այդ դեպքում քվեարկեք ուրիշի”,-ասաց: Սարգսյանի խոսքով, իր նախընտրական հանդիպումների արդյունքում համոզվել է, որ մեծ մասը կողմ է միասին աշխատելով հասնել ապահով Հայաստանին: Թեկնածուն վարդենիսցիներին Արժանապատիվ ապրուստ է խոստանում`նկատելով, որ լավ գիտի, որ դրա կարեւոր կենսապայմանը աշխատատեղերն են, որոնք էլ ապահով Հայաստանում կլինեն:
Թեկնածուն լավ գիտի, որ դա շատ հեշտ չէ, բայց պետք է միասին աշխատել օրինբուն: “Էս երկիրը մերն է, լավ ու վատով, ահել ու ջահելով, անեծքով եւ օրհնանքով, էս երկիրը մերն է: Հաղթանակներն էլ մերն են ու վարդենիսցին գիտի հաղթանակի գինը: Եթե հաղթանակը բոլորինս է, ապա խնդիրներն էլ բոլորինս են, կորուստն էլ մերն է”,-ասաց:
Սարգսյանը չի կասկածում, որ ամեն մեկը ցանկություն եւ մեծ ձգտում ունի` ապրելու բարեկեցիկ երկրում: Բայց դրա համար ջանքեր է պետք, եւ նա խնդրեց վարդենիսցիներին ներդնել ջանքերը, որպեսզի օր առաջ տեսնենք լավ Հայաստան:
Ըստ վարդենիսցիների, նախագահական ընտրությունները տոն են: “Մենք ընտրելու ենք գործող նախագահին”: Նման միտք ասաց ընտրողներից մեկը, ով նախապես գրված տեքստ էր ընթերցում, սակայն նա թույլտվություն խնդրեց նախագահի թեկնածուից`անցնելու սեփական մտքերին:
“Ճիշտն էլ այդ է: Մտքումդ ինչ կա, ասա”,-նկատեց Սերժ Սարգսյանը: Ելույթ ունեցող պապիկը հիշեցրեց, որ պետք է թշնամուց էլ սովորել եւ ադրբեջաներեն մի ասացվածք մեջբերեց` “պետք չի խոսքը գետնով տալ”:
Այստեղ էլ Սերժ Սարգսյանը հումորով ակնարկեց` “երեւում է կարոտել եք անցած ժամանակները: Ի վերջո, պապիկը հավաստիացրեց, որ ընտրելու է Սերժ Սարգսայնին եւ մաղթեց, որ “Մասիս սարը իջնի նրա գլխին, որպեսզի ալեհեր գլխին էլ ավելանա իմաստնությունը”: