Եթե ներմուծումն ավելանա, դոլարի փոխարժեքը կանցնի 500 դրամի շեմը
Դրամի սահուն արժեզրկման պայմաններում հնարավո՞ր է, որ 1 դոլարը անցնի 500 դրամի սահմանագիծը և, վերջապես, ԿԲ-ն ի՞նչ մեխանիզմներ պետք է կիրառի դոլարի աճը զսպելու համար: Այս հարցերի շուրջ Henaran.am-ը զրուցել է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի հետ:
‹‹ԿԲ-ն պիտի վիճակն այնպես պահի, որ դոլարը 500 դրամի սահմանագիծը չանցնի, բայց հնարավոր է՝ անցնի: Մի շարք երկրներում ազգային արժեքը արժեզրկվեց: Մեր երկրի պարագայում այդպես չեղավ: ԿԲ-ն արդեն սկսել է դոլարը ներմուծել տնտեսության մեջ: Դոլարի արժևորումը կարող է որոշ խնդիրներ առաջացնել: Մեր արտարժութային վարկի ծավալը հազմում է 1.4 տրիլիոն դրամ, այսինքն՝ վարկային պորտֆելի 65 տոկոսը: Իսկ դա նշանակում է, որ վարկերը մարելիս խնդիրներ կլինեն:
Անշուշտ, ԿԲ-ն կարող է իր դրամավարկային գործիքներով որոշակի բաներ կարգավորել, բայց ճիշտն այն է, որ այսպիսի դեպքերում բալանսը ստեղծվի արտահանման ծավալների ավելացման հաշվին: Տրանսֆերային հոսքով ևս կարելի է կարգավորել դրամ-դոլար փոխհարաբերակցությունը: Ներմուծումը 2015-ին կրճատվել է, այսինքն՝ Հայաստանից այսպես ասած՝ շատ փող դուրս չի եկել: Իսկ եթե ներմուծումն ավելացավ, բնականաբար, դոլարի փոխարժեքը կանցնի 500 դրամի շեմը››:
Այս պահին դոլարի առքը 494 դրամ է, իսկ վաճառքը՝ 498: