Հասկացանք, որ ինձ եք կպնում, ինչի համար եք հասել տղաներիս …
Վերջին մի քանի օրերին ուշադրության կենտրում է հայտնվել Օլիմպիական չեմպիոն, ծանրորդ Յուրի Վարդանյանի և Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախկին նախագահ Սամվել Խաչատրյանի “մենամարտը”:
Հիշեցնենք, Յուրի Վարդանյանը սուր քննադատության էր ենթարկել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին` նրան մեղադրելով մարզաշխարհից չհասկանալու մեջ:
“Ծառուկյանը կարծում է, որ ինքն արդեն երկար ժամանակ աշխատում է սպորտի ոլորտում և ամեն ինչից տեղյակ է, բայց այդպես չէ ու մեր սպորտի վիճակը շատ վատ է”:
Այս հարցազրույցին հետևել էր Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախկին նախագահ Սամվել Խաչատրյանի բաց նամակը, որտեղ վերջինս Յուրի Վարդանյանին հորդորել է.
“Բացիր աչքերդ, իսկական ողբերգություն է, որ նախկինում լեգենդար մարզիկին այսօր մարզաշխարհը չի ընդունում”, մինչ այդ չմոռանալով “հիշեցնել”, որ “հայրենիքը լքած մարդն իրավունք չունի պետական կամ մեկ այլ պատասխանատու պաշտոն ստանձնել”:
Ես չեմ ցանկանում անդրադառնալ այդ խոսակցություններին առավել ևս մեկնաբանել այն, Henaran.am-ի հետ զրույցում ասաց Յուրի Վարդանյանը, հավելելով` “մի նախադասությամբ կարող եմ ասել, որ ես այդ ամենին մասնագիտական վերլուծություն եմ տվել”:
Յուրի Վարդանյանը նշում է, որ “Կան մարդիկ կան, որ դա վերցրել են իրենց վրա,այն որ իբրև ես ուզում եմ այդ մարդկանց անձնապես խփած լինեմ, վիրավորած լինեմ ինչ-ինչ նկատառումներով,բայց բացարձակապես այդպիսի բան չկա:
Դուք լրագրող եք, հարցը տալիս եք` ես պատասխանում եմ, այդպես եղել է նաև օլիմիպիկան խաղերի ժամանակ, որպես սպորտում ճանապարհ անցած մարդ, ամեն ինչը տեսած ու հասկացած, իմ մարմնի վրա զգացած, հարց են տվել,ես պատասխանել եմ:
-Այդ դեպքում ինչո՞ւ նման կոպիտ արձագանք ստացվեց հատկապես Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախկին նախագահի կողմից:
-Այդ հարցը պետք է իրենց տալ: Ես մի անձնավորություն եմ, անհատ եմ, որին ազգը ճանաչում է և յուրաքանաչյուր հարցերով էլ կարող է ինձ դիմել: Ես բացի սպորտի բնագավառին վերաբերող հարցերից կարող եմ իմ խոսքը ասել և հնչեցնել իմ անձնական տեսակետն ու գնահատականը:
Հասկացանք, որ ինձ եք կպնում, ինչի համար եք հասել տղաներիս, վաղն էլ իմ ծնողներին, բարեկամներիս … գեղեցիկ ու հարիր չէ յուրաքանչյուր նորմալ մարդու:
-Խոսակցությունները այսքան չէին թեժանա, եթե անընդհատ չշահարկվեր այն փաստը, որ դուք պաշտոնի կռիվ եք տալիս:
Իմ ամենամեծ պաշտոնը դա Յուրի Վարդանյան անունն է, դրանից մեծ պաշտո՞ն, ինչի՞ մասին է խոսքը: Ես երբևիցե չեմ մտածել այդ մասին ու չեմ էլ մտածում: