Երևանի քաղաքապետը հանդիպել է ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինի հետ:
Ողջունելով հյուրին` քաղաքապետը ներկայացրել է մայրաքաղաքի զարգացման հեռանկարներն ու քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը` հատկանշելով դրանց շրջանակում Երևանի քաղաքապետարանի և միջազգային կազմակերպությունների միջև առկա համագործակցության հաջողված օրինակները:
<<Համագործակցության այս տարիների ընթացքում ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ քաղաքային տնտեսության ոլորտների վերաբերյալ համատեղ տարբեր ծրագրեր են իրականցվել, այդ թվում միջազգային խորհրդատվական ծառայություններ: Վստահ եմ, որ մեր համագործակցությունը կլինի շարունակական և կկարողանանք նոր նախագծեր կյանքի կոչել>>,-նշել է Տարոն Մարգարյանը:
ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարն իր հերթին նշել է, որ իրենք պատրաստ են քաղաքապետարանի հետ քննարկել և իրականացնել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր, նաև ընդգծել կազմակերպության առաքելությունը` խաղաղության և անվտանգության ապահովման, ժողովրդավարական սկզբունքների պահպանման` այդ թվում նախընտրական և ընտրական գործընթացների շրջանակում:
Շնորհավորելով քաղաքապետին պաշտոնավարման մեկ տարվա կապակցությամբ` Անդրեյ Սորոկինը աշխատանքային հաջողություններ է մաղթել կարևոր ու պատասխանատու պաշտոնում:
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` Տարոն Մարգարյանը վերահաստատել է քաղաքապետարանի դիրքորոշումը համագործակցության պատրաստակամության և ընդլայնման վերաբերյալ:
Կողմերը քննարկել են նաև փորձի փոխանակման, խորհրդատվության ապահովման և հետագա համագործակցությանն առնչվող այլ հարցեր: