17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԼՂ ժողովրդի հանդեպ Ադրբեջանի ինքնիշխանության վերաբերյալ հավակնություններն անհիմն են

Փետրվարի 11-ին Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը հանդես եկավ հայտարարությամբ ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին:

Ադրբեջանի կողմից ԼՂ հիմնահարցի կարգավորման գործում բացառապես տարածքային ամբողջականության սկզբունքին հղում կատարելու առնչությամբ դեսպան Կիրակոսյանը նշեց, որ Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքները հավասար նշանակություն ունեն, և ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունները, այդ թվում՝ Հայաստանը և Ադրբեջանը, համաձայնել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է հիմնվի ուժի չկիրառման, ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա:

Հայկական կողմն արձանագրեց, որ վերջին 25 տարում Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը փոփոխություններ չի կրել: Ադրբեջանը հրաժարվում է ճանաչել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարների կողմից ճանաչվել է որպես հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներից մեկը և ամրագրվել ԵԱՀԿ Աթենքի նախարարական հայտարարության մեջ: Կարգավորման հիմքում ընկած է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով:

ՀՀ դեսպանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը դե ֆակտո անկախացել է՝ կյանքի կոչելով ինքնորոշման իր անօտարելի իրավունքը՝ համաձայն ԽՍՀՄ օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերի: ԼՂ ժողովրդի հանդեպ Ադրբեջանի ինքնիշխանության վերաբերյալ հավակնություններն անհիմն են: Շեշտվեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների, այդ թվում՝ ընտրելու իրավունքի, տեղաշարժի ազատության և ինքնորոշման իրավունքի ճանաչման հրամայականը՝ հանուն տարածաշրջանի բարեկեցության և մարդու իրավունքների հանդեպ հարգանքի:

Հայաստանի առաքելության ղեկավարը վերահաստատեց հայկական կողմի աջակցությունը Մինսկի խմբի համանախագահության համաձայնեցված ձևաչափին: Նա մտահոգություն հայտնեց, որ Ադրբեջանը հարցականի տակ է դնում համանախագահ երկրների երկար տարիների փորձառությունն ու ջանքերը հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Հետևողական հարձակումները Մինսկի խմբի համանախագահության վրա ուղղված են հակամարտության կարգավորման դեմ և նպատակ են հետապնդում արդարացնել Ադրբեջանի կողմից համանախագահների առաջարկների մերժումը: ՀՀ դեսպանը մտահոգիչ համարեց Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարության մեջ կրոնական գործոնի շահարկումը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի՝ ինքնությամբ ու կրոնական պատկանելությամբ պայմանավորված կողմնակալ մոտեցումների վերաբերյալ անհիմն մեղադրանքները վտանգում են հակամարտող կողմերի հասարակություններին խաղաղության նախապատրաստումը:

ՀՀ դեսպանն ընդգծեց, որ Մինսկի խմբի ձևաչափի ընդլայնման վերաբերյալ Ադրբեջանի պահանջներն ապակառուցողական են և բացասաբար են ազդում խաղաղ կարգավորման գործընթացի վրա: Բարձր գնահատելով համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ համաձայնեցված միջնորդական ջանքերը՝ Արման Կիրակոսյանը նշեց, որ Մինսկի խմբի անդամ Թուրքիան, որպես ՄԽ անդամ, որդեգրել է հակառակ մոտեցում՝ ԼՂ հիմնահարցը շահարկելով հօգուտ իր աշխարհաքաղաքական շահերի:

Հայկական կողմն արձանագրեց, որ հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի քաղաքականությունն է՝ ուղղված հակամարտող կողմերի միջև հավասարակշռության խախտմանը, ինչպես նաև Բաքվի՝ տնտեսական ու ռազմական կարողությունների օգտագործման միջոցով իր կամքը Հայաստանին և Արցախին պարտադրելու փորձերը: ՀՀ դեսպանը մտահոգություն հայտնեց Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծի և հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով ադրբեջանական զինված ստորաբաժանումների կողմից ռազմական սադրանքների, այդ թվում՝ ծանր սպառազինությունների կիրառման ու դիվերսիոն ներթափանցումների առնչությամբ: Դեսպանի խոսքով՝ Ադրբեջանը մերժել է հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված առաջարկությունները դիպուկահարների դուրսբերման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ: ՀՀ դեսպանը վերահաստատեց հայկական կողմի սկզբունքային մոտեցումը, որ հրադադարի ռեժիմի ամրապնդումը նախադրյալներ կստեղծի խաղաղ և բանակցային կարգավորման համար, մինչդեռ սրելով իրավիճակը՝ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում առկա իրավիճակի պահպանման համար:

Իր խոսքում դեսպան Կիրակոսյանը կարևորեց հակամարտության գոտում ԵԱՀԿ մշտական ներկայության ամրապնդումը: Նա մատնանշեց, որ Ադրբեջանը հակասում է ինքն իրեն՝ մի կողմից կարևորելով ԵԱՀԿ առավել լայն ներգրավվածությունը կարգավորման գործընթացին, մյուս կողմից՝ հետևողականորեն խաթարելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի գործունեությունը:

Հայկական կողմն ապակառուցողական որակեց Ադրբեջանի ջանքերը ԼՂ հիմնահարցի կարգավորումը դրանով չզբաղվող միջազգային այլ հարթակներ տեղափոխելու ուղղությամբ, ինչը որևէ նպաստ չի բերում բանակցային գործընթացին: Որպես օրինակ նշվեց վերջերս ԵԽԽՎ-ում ԼՂ հիմնահարցի վերաբերյալ սադրիչ հակահայկական զեկույցի ընդունման ձախողումը:

Իր խոսքի ավարտին դեսպան Կիրակոսյանը վերահաստատեց Հայաստանի հաստատակամությունը շարունակելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ խաղաղ կարգավորման գործընթացը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ