Փոխել համակարգը
ՀՅԴ-ն ընդունել է իշխող կոալիցիայի մաս կազմելու՝ ՀՀԿ-ի առաջարկը։ Քաղաքական այս դաշինքի վերաբերյալ, բնականաբար, հնչում են թեր և դեմ կարծիքներ։ Ի վերջո, այս պարագայում ժողովրդի համար կարևոր է մի հարց․ որքանո՞վ արդյունավետ կլինի այս համագործակցությունը։
Henaran.am-ը զրուցել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ։
-Պարո՛ն Շարմազանով, 1907 թվականից Դաշնակցությունը ազգային կուսակցությունից վերածվեց ազգային սոցիալիստական կուսակցության, իսկ Հանրապետականը պահպանողական կուսակցություն է՝ ազգային երանգներով։ Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, որ այս կուսակցությունների միջև եղած գաղափարական տարբերությունը խանգարի համագործակցությանը։
-Բնականաբար, յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր տեսլականն ու գաղափարախոսությունը։ Այո՛, Հանրապետականն ազգային-պահպանողական կուսակցություն է, Դաշնակցությունը՝ ազգային սոցիալիստական, բայց այս երկու կուսակցույթունների հիմքում ընկած է ազգային գաղափարախոսությունը։ Կարծում եմ՝ հենց ազգային գաղափարախոսությունն է այն հիմքը, որի վրա այդ կուսակցությունները կմիավորեն իրենց ուժերը Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար։
-Իսկ ինչու՞ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը սկսվեց ընտրություններից մեկ տարի առաջ։ Արդյո՞ք սա պատահականություն էր։
-Այս պարագայում կարելի է ասել՝ ոչ թե ընտրություններից առաջ, այլ ընտրություններից անմիջապես հետո։ Դասական իմաստով՝ կոալիցիաները ձևավորվում են ընտրություններից հետո՝ դրանց արդյունքի հիման վրա։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանադրական հանրաքվեն ՀՀ ապագա քաղաքական մոդելի ընտրությունն էր, դրանից հետո երևաց, թե որ ուժերն են նայում նույն ուղղությամբ, այսինքն՝ Հայաստանի ապագա քաղաքական մոդելն ինչպիսի՞ն են պատկերացնում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ հանրաքվեից հետո մենք միավորվեցինք։ Այստեղ որևէ ապաքաղաքական նյուանսներ չկան, ընդհակառակը։
Այս երկու կուսակցությունների միջև եղած հիմնական նմանությունն այն է, որ մենք գտնում ենք՝ եթե երկրում կան պրոբլեմներ, ապա դրանց հիմնական մասը կապված է ոչ թե մեկ կամ մի քանի անձի հետ, այլ համակարգային են։ Այսինքն՝ պետք է համակարգը փոխվեր։
Հենց այդ պատճառով նախագահի գլխավորությամբ մենք Դաշնակցության հետ նախաձեռնեցինք սահմանադրական բարեփոխումներ, որի առանցքը համակարգային փոփոխությունն էր։ Մենք աստիճանաբար պետք է գնանք այդ համակարգի փոփոխությանը։ Իսկ համակարգային փոփոխությունների գնում են դաշնակիցների հետ։ Մեր առանցքային կարևորություն ունեցող դաշնակիցներից մեկը եղել է ՀՅԴ-ն։ Այսինքն՝ մենք, հետևելով ժողովրդի որոշմանը, պետք է միահամուռ ուժերով գնանք համակարգայի փոփոխության։