Ցույց են տալիս, որ իրենք դեռ գոյություն ունեն և իրենց գինն են բարձրացնում. փորձագետ
‘’Մենք չենք տեսնում, թե այս կամ այն թեկնածուն այս չընտրություններում ինչ թիմով է գալու կառավարելու` ով է լինելու վարչապետը, ով` ԿԲ նախագահը’’,-այսօր ‘’Հենարան’’ մամուլի ակումբում անդրադառնալով քարոզարշավի ընթացքին, կարծիք հայտնեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը` շեշտելով, որ այս քարոզարշավն անցնում է միայն ‘’բաժակաճառերով’’:
Փորձագետը հիշեցնում է, որ .’’Առաջնորդին խաղում է նրա շրջապատը’’, մինչդեռ մենք չենք տեսնում թեկնածուների թիմերին: Մյուս կարեւոր հանգամանքը, ըստ փորձագետի` Հայաստանի քաղաքական համակարգի փլուզումն է, որը Հարություն Մեսրոբյանի խոսքով, սկսվեց 2012-ի դեկտեմբերին.
’’Կուսակցությունները հրաժարվում են կատարել իրենց ամենակարեւոր պարտականությունը` մասնակցել ընտրություններին եւ պայքարել իշխանության համար: Ուրեմն, կասկածի տակ կարելի է դնել նրանց լրջության աստիճանը, ուրեմն նրանք թույլ են’’: Վերը նշված երկու հանգամանքներից ելնելով, ըստ փորձագետի, քարոզարշավին լուրջ վերաբերվել պետք չէ:
Հարություն Մեսրոբյանն ընտրությունների միջոցով իշխանության փոփոխության հավանականությունը “զրո” է համարում:
‘’Իմ տպավորությամբ, բոլորը մտել են մրցավազքի մեջ՝ ցույց տալու, որ իրենք դեռ գոյություն ունեն և իրենց գինը բարձրացնելու, իսկ գինը գիտեք, թե ընդհանրապես ինչի են բարձրացնում’,- նշեց բանախոսը` անդրադառնալով նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուներին:
Ինչ վերաբերվում է Պարույր Հայրիկյանի հետ կատարվածին եւ նրա կողմից ՍԴ դիմել չդիմելու երկար ձգվող հարցին, որը վերջապես հանգուցալուծվեց, Հարություն Մեսրոբյանն ասաց. ’’Մեզ մոտ ներքին խաղերը վաղուց են գնացել’’: Ըստ փորձագետի, այս ամենի նպատակը մեկն է` ինտրիգ ստեղծել եւ ի սկզբանե անհետաքրքիր ընտրությունները ինչ-որ կերպ դարձնել ավելի հետաքրքիր:
Փորձագետը Հայրիկյանի պահվածքը եւս համարում է ‘’գինը բարձրացնելուն’’ միտված: Henaran.am-ի դիտարկմանը, թե գուցե այս ամենը հակառակ արդյունքը տա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրինակ` Հայրիկյանի կողմից ՍԴ դիմել չդիմելու հարցն անլրջության մակարդակի իջեցվեց, Հարություն Մեսրոբյանն արագանքեց, թե չպետք է մասը ընդհանուրից տարանջատել ու նշեց.’’1995 թվականից սկսած, բոլոր ընտրությունները Հայաստանում անլուրջ են: 95 թվականին չէինք զարմանում, որ անլուրջ են, 2013թ –ին հանկարծ պետք է սկսենք զարմանալ’’:
Ըստ նրա, Հայաստանում միայն 1991-ին են եղել ‘’կիսաազատ’’ ընտրություններ, այն էլ այն դեպքում, որ դեռ խորհրդային համակարգը կար: