ՄԱԿ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան հրաժեշտի հանդիպում է ունեցել նախագահի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Միացյալ ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւային, ով այդ պաշտոնում ավարտում է առաքելությունը մեր երկրում:
Նախագահը բարձր է գնահատել ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի եւ անձամբ տիկին Գերչեւայի գործունեությունն ու անձնական ներդրումը՝ Հայաստանի զարգացմանը միտված ՄԱԿ-ի բազմաթիվ ծրագրերի իրականացման գործում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ ծրագրերի արդյունքները, անկասկած, էապես նպաստում են թե՛ առանձին ոլորտներում առաջընթացի խթանմանը, թե՛ Հայաստանի կայուն զարգացմանն ընդհանրապես: Հանրապետության ղեկավարը հաջողություն է մաղթել Դաֆինա Գերչեւային հետագա աշխատանքում եւ հույս հայտնել, որ որտեղ էլ նա շարունակի մասնագիտական աշխատանքը՝ մշտապես կմնա Հայաստանի բարեկամը:
Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ անկախացումից ի վեր Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ՄԱԿ-ի շրջանակներում ծավալվող աշխատանքներին եւ արդյունավետ համագործակցում կազմակերպության բազմաթիվ կառույցների եւ օղակների հետ:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ տիկին Գերչեւան շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին եւ Հայաստանի կառավարությանը՝ իր պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածում ցուցաբերած աջակցության, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում բազմաթիվ ծրագրերի իրականացման գործում սերտ համագործակցության համար: Նա վստահեցրել է, որ Հայաստանից հեռանում է ջերմ հիշողություններով, հայ ժողովրդի նկատմամբ մեծագույն պատկառանքով եւ նրա պատմությամբ ու մշակույթով տպավորված: