Համայն հայության գերագույն նպատակը պիտի լինի Հայրենիքի զորացումը. Սերժ Սարգսյան
Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 87-րդ ընդհանուր ժողովին նվիրված գալա համերգին:
Միջոցառումից առաջ ելույթ է ունեցել եւ աշխարհի տարբեր երկրներից ընդհանուր ժողովի առիթով Հայաստան ժամանած Միության ավելի քան 300 պատվիրակներին, նվիրատուներին ու հյուրերին ողջունել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանրապետության ղեկավարն իր ելույթում անդրադարձել է Հայրենիքում եւ Սփյուռքում Միության ավելի քան մեկդարյա ազգանպաստ գործունեությանը, հաջողություն, ուժ եւ եռանդ մաղթել Միության բոլոր անդամներին՝ Հայրենիքի հզորացման պատվաբեր գործում, ինչպես նաեւ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվող ամենօրյա աշխատանքում:
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀԲԸՄ 87-րդ ընդհանուր ժողովի կապակցությամբ
Վեհափա՛ռ Տեր,
Գերաշնո՛րհ եւ հոգեւո՛ր հայրեր,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Հայկական բարեգործական ընդհանուր միության հարգարժա՛ն ղեկավարներ, նվիրատուներ, հյուրեր,
Ժամեր անց համայն հայության հոգեւոր կենտրոնում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում արձանագրվելու է եւս մեկ պատմական իրողություն` տեղի է ունենալու Հայկական բարեգործական ընդհանուր միության հերթական` 87-րդ Ընդհանուր անդամական ժողովը, որը վստահ եմ սկիզբ է դնելու նոր գաղափարների մշակման ու իրագործման:
Ողջունում եմ բոլորիդ եւ ջերմորեն շնորհավորում եմ այս առիթով:
Բարձր եմ գնահատում Հայրենիքի հանդեպ կառույցի անդամների նվիրումն ու աջակցությունը, ինչպես նաեւ Հայրենիքում եւ Սփյուռքում Միության ջանքերով իրականացվող ազգանպաստ գործունեությունը:
Հայկական բարեգործական ընդհանուր միության հայապահպանությանն ուղղված ավելի քան մեկդարյա գործունեության աշխարհագրության ընդլայնումը` կրթական, մշակութային, սոցիալական, եկեղեցաշինական, մարդասիրական եւ այլ ոլորտներում, ունի նաեւ բարոյական նշանակություն` ապագա սերունդների համար հոգեւոր ժառանգության պահպանման, հայրենիքի հանդեպ սիրո, նվիրումի եւ պատասխանատվության զգացում սերմանելու իմաստով:
Համայն հայության գերագույն նպատակը պիտի լինի Հայրենիքի զորացումը: Այս գիտակցությունը պիտի ժառանգենք նաեւ մեր սերունդներին, ինչպես ժամանակին արել են Պողոս Նուբարը, Ալեքսանդր Մանթաշյանը, Գալուստ Գյուլբենկյանը, Միքայել Արամյանցը, Լազարյան եղբայրները, Ալեք Մանուկյանը, Մելքոնյան եղբայրները եւ շատ-շատ ուրիշներ: Մեր օրերում, ձեր ակտիվ գործունեությամբ, դուք կերտում եք ՀԲԸՄ նորագույն պատմությունը` դառնալով հայոց պատմության մի արժանի մասը: Կգան ժամանակներ, եւ ապագա սերունդները կհավերժացնեն նաեւ այստեղ ներկա շատերի անունները եւ կոգեշնչվեն ձեր գործերով ու ապրած կյանքով:
Ձեր ամենօրյա բեղուն եւ քրտնաջան աշխատանքով են կյանքի կոչվում Միության` Մայր Հայրենիքի հզորացմանը, Սփյուռքի ներուժի պահպանմանը, ազգային նպատակների շուրջ սփյուռքահայության համախմբմանը, հայապահպանության խնդիրների լուծմանը միտված ծրագրերը:
Կարեւոր է եւ խիստ արդիական Հայաստանում Միության ուսուցողական կենտրոն ստեղծելու նախաձեռնությունը, որը հավակնում է դառնալ հայ մասնագետների, մտավորականների երիտասարդական հաստատություն: Մեր երկրի ապագան կրթված ու հայրենասեր երիտասարդներին է։ Ժամանակին Ալեքսանդր Մանթաշյանի միջոցներով Ռուսաստանի եւ Եվրոպայի լավագույն ուսումնական հաստատություններում 200-ից ավելի հայ պատանիներ ու աղջիկներ են սովորել, որոնցից շատերը հետագայում դարձել են գիտության, մշակույթի, արվեստի եւ գրականության հայտնի գործիչներ:
Մոտ կես դար առաջ «Ալեք Մանուկյան» մշակութային հիմնադրամի շնորհիվ աշխարհի տարբեր երկրներում հիմնվել են մի քանի տասնյակ հայկական դպրոցներ, հայագիտական, մշակութային եւ երիտասարդական կենտրոններ, եկեղեցիներ, թանգարաններ, որոնք լուրջ առաքելություն են կատարել:
Հայ երիտասարդության կրթության խնդիրը միշտ էլ եղել է հայ բարերարների ուշադրության կենտրոնում: Հզոր, զարգացած եւ անկախ պետության հիմքում ընկած է գրագետ հասարակության եւ կրթված սերունդ ունենալու գաղափարը:
Ուրախացնող է, որ այսօր Միության անդամները շարունակում են ազգային բարերարների ժառանգած ավանդույթները: Մրցունակ երիտասարդների առկայությունը մրցունակ Հայաստանի գրավականն է:
Հարգարժա՛ն ներկաներ,
ՀԲԸՄ-ի գործունեության կարեւոր առանցքներից է համագործակցությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ: Բարերարների աջակցությամբ եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ջանքերով բազմաթիվ եկեղեցիներ են վերականգնվել, հոգեւոր դպրոցներ ստեղծվել եւ հայորդյաց տներ կազմավորվել:
Կառույցին միշտ էլ բնորոշ է եղել ճշգրտությամբ զգալ ժամանակի շունչն ու զարկերակը, ազգային խնդիրներն ու համազգային առաջնահերթությունները, նպատակների հստակեցումն ու վերաձեւակերպումը: Այստեղից են ծնունդ առնում բազում մտահղացումներն ու ճիշտ ժամանակին մեկնարկած ձեռնարկումները: Այսօր էլ ՀԲԸՄ-ն, ոգեշնչվելով եւ առաջնորդվելով իր հիմնադիրների գաղափարներով, շարունակում է իր ազգանվեր գործունեությունը եւ նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ արձանագրում:
Բարեգործական ընդհանուր միությունն այնտեղ է, որտեղ կարիքավոր հայ կա, սրա հաստատումն է այսօր սիրիահայ մեր կարիքավոր եղբայրներին եւ քույրերին սատարելու նպատակով սփյուռքի նախարարության հետ Սիրիահայերի խնդիրները համակարգող կենտրոնի ստեղծումը: ՀԲԸՄ-ն առաջին կառույցներից էր, որն արագ արձագանքեց Սիրիայում ստեղծված ծանր իրավիճակին եւ ֆինանսական աջակություն ցուցաբերեց մեր հայրենակիցներին:
Կարծում եմ, սա այն տեղն է, որտեղ ես կարող եմ հայտարարել հետեւյալը՝ մենք չենք խրախուսում արտագաղթ Սիրիայից: Բայց մենք տերն ենք յուրաքանչյուր հայի, ով կգա Հայաստանի Հանրապետություն: Մենք յուրաքանչյուր հայի մեր ունեցածից մասն կհանենք, եւ կարծում եմ, որ միակ ելքն է սա: Իսկ եթե Միությունը այդ գործընթացի մաս է կազմում, մենք անպայման կարողանալու ենք հաջողությամբ լուծել այդ խնդիրը:
Անկախացումից ի վեր Միությունը ամուր կանգնեց դարերով երազած մեր երիտասարդ պետության կողքին, երկրաշարժի, պատերազմի, հարյուր հազարավոր փախստականների մարտահրավերին դիմակայող Հայաստանի կողքին կանգնեց:
Հետեւաբար բնական է, որ օր օրի ուժ առնող հայկական պետությունն էլ այսօր ձեր կողքին է, մշտապես պատրաստակամ աջակցելու, սատարելու Հայկական բարեգործական ընդհանուր միությանը` իր հայրենանվեր եւ հայապահպան առաքելության իրականացման ճանապարհին: Հայրենիքն ու Սփյուռքը փոխշաղկապված են ինչպես մի կենդանի օրգանիզմ, եւ առանց մեկը մյուսին սատարելու չեն կարող առաջընթաց ունենալ, դիմակայել մարտահրավերներին: Ուրիշ ո՞վ կարող է եւ պետք է հոգ տանի աշխարհասփյուռ հայության մասին, եթե ոչ վերածնված Հայաստանի Հանրապետությունը, եւ ո՞վ պետք է սատարի հային ու Հայրենիքին, եթե ոչ կազմակերպված, համախմբված հայկական Սփյուռքը: Հայրենիքի եւ՛ հաջողությունները, եւ՛ բացթողումները, եւ՛ պարտությունները, եւ՛ հաղթանակները բոլորինս են: Մենք հպարտ ենք միմյանցով, ուժեղ ենք միասին եւ միասին էլ կառուցելու ենք համայն հայության երազած Հայրենիքը:
Վստահ եմ, որ բարեգործականներդ կշարունակեք ձեր գործունեությունը նույն ոգով, ինչ տեսել ենք մինչեւ այժմ եւ միասին նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ կարձանագրեք։ ՀԲԸՄ-ն կշարունակի ներգրավել եւ ձեւավորել նոր վառ անհատականություններ, որոնց շնորհիվ շատ ու շատ երկրներում կդառնա հայ ժողովրդի կարիքավոր զավակների բարերարն ու սրտակիցը, օգնականն ու խորհրդատուն:
Ուժ ու եռանդ եմ մաղթում Ձեզ, որ նույն կորովով շարունակեք Ձեր նպաստը բերել Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը, Հայրենիքի հզորացման պատվաբեր գործին:
Ուժեղ եւ միասնական է Սփյուռքը, ուրեմն առավել հզոր եւ ամուր է Հայրենիքը: Կայացած ու զարգացած է Հայրենիքը՝ հարատեւ է Սփյուռքը: Հայկական Սփյուռքն ունի Հայրենիքի հոգածության ու խնամքի կարիքը, եւ իհարկե, Հայրենիքը` Սփյուռքի կարիքը:
Մաղթում եմ ձեզ հաջող եւ արդյունավետ աշխատանք:
Շնորհակալություն: