17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

12 ճշմարտություն հայերի մասին

ԲՈԳԴԱՆ ԳԵՄԲԱՐՍԿԻ (1905-1978) Լեհ հրապարակախոս, արևելագետ, թարգմանիչ:

Երկրորդ hամաշխարհային պատերազմի տարիներին եղել է Վարշավայի (1944թ.) ապստամբության ղեկավարներից, ձերբակալվել է, եղել համակենտրոնացման ճամբարում:

Հայանպաստ գործունեությունն սկսել է հասուն տարիքում:

Հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում լեհ ժողովրդի նշանավոր զավակի հայանպաստ գործունեությունը, և պատահական չէ, որ նրա տապանաքարին դաջված է մարմարե փոքր խաչքար, ինչը Հայաստանից տարել է լեհուհի, երևանաբնակ Մարիա Գրոխոլսկան (1917-1989), ով զբաղվել է թարգմանությամբ:

«Նամակներ աշխարհին» գրքից ներկայացնում ենք «Առաջին նամակը իմ անծանոթ ընթերցողին»:

ԱՌԱՋԻՆ ՆԱՄԱԿՆ ԻՄ ԱՆԾԱՆՈԹ ԸՆԹԵՐՑՈՂԻՆ (որի մեջ հիշեցնում եմ նրան 12 մոռացվւսծ ճշմարտությունները)

Այս նամակներս լույս են տեսնելու նաև հայերեն, իսկ հետո այլ լե­զուներով, ըստ էության նրանք չեն հասցեագրված հայ ընթերցողնե­րին. վերջիններս գիտեն այն, ինչ ես գրում եմ այստեղ: Իսկ եթե նույ­նիսկ չգիտեն ամբողջը, ապա առնվազն զգում են այն մեծ ճշմարտությունը, որը ես պետք է պատմեմ այլ ազգի մարդկանց, որոնք, ինչպես և ես, հայ չեն և մինչև այժմ բոլորովին չեն հետաքրքրվել Հայկական հարցով: Սակայն հասավ այն օրը, երբ Հայաստանն իմ երկրորդ հայրենիքը դարձավ իմ ընտրությամբ: Բայց դա չի նշանակում, թե ես հրաժարվում եմ առաջին հայրենիքից՝ Լեհաստանից: Սերը երկուսի նկատմամբ էլ հիանալի տեղավորվում է սրտիս մեջ: Ու եթե ամեն ոք, հավատարիմ մնալով իր հայրենի երկրին, աշխատեր ճանաչել և ան­կեղծ սիրել որևէ այլ ժողովրդի, հավատացեք ինձ, սիրելի՛ ընթերցող, աշխարհն այլ պատկեր կունենար:

Այժմ ձեզ պետք է ասեմ, թե ինչու հենց Հայաստանը սիրեցի:

Հնդկաստանի հանգուցյալ պրեմիեր մինիստրը՝ Ջավահառլալ Ներուն, Անգլիայում դաստիարակված հնդիկ էր: Նախքան իր հայրենիքը՝ Հնդկաստանը, սիրելը, պետք է հայտնագործեր այն: Ու հենց այդ­պես էլ նա վերնագրել է իր մեծ ստեղծագործությունը այդ երկրի մա­սին՝ «Հնդկաստանի հայտնագործումը»: Ես նույնպես պետք է հայտնագործեի Հայաստանը՝ նախքան նրան իր տառապանքների մեջ սիրե­լը, մանավանդ որ երակներիս մեջ չի հոսում հայկական արյան ոչ մի կաթիլ:

Այդ հայտնագործումը մեծապես ցնցեց ինձ: Կարծես գտա վաղուց կորած բանալին այն սենյակի, որի մեջ խառնիխուռն թափթփված են ամբողջ մարդկությանը պատկանող գանձերը: Դրա համար երկար ժամանակ մարդիկ անցնում էին այդ սենյակի մոտով՝ առանց նկատե­լու սարդոստայնով ու փոշով ծածկված այդ դուռը. մոռացել էին հրաշագործ բանալու մասին: Եղել են անհատներ, որոնք հանկարծակի պայծառատեսության պահերին, հիշում էին հանկարծ նրա մասին, բայց չկարողացան բանալ կախարդական դուռը:

Եu էլ, ավա՜ղ, ինքս իմ սեփական ուժերով չեմ կարողանա բացել այդ դուռը, եթե դու, անծանո՛թ ընթերցողս, չգաս ինձ օգնության:

Դրա համար էլ հենց սկսեցի այս խոսակցությունը քեզ հետ: Չգիտեմ նույնիսկ թե ով ես դու, որովհետև չգիտեմ, թե որտեղ և ինչ լեզվով լույս կտեսնի, վերջապես, այս նամակը: Գուցե գյուղացի ես կամ արհեստավոր, գուցե գիտնական կամ բանվոր: Գուցե նաև նոր ազատագրված երկրներից մեկի քաղաքացին ես, կամ որևէ այլ անձ: Բայց ով էլ որ լինես, կկարողանաս շատ ավելի բան անել, քան ես, որովհետև ծեր եմ արդեն և հիվանդոտ, պակասում է ինձ նաև երիտասարդական եռանդն ու նախաձեռնությունը:

Խոստանում եմ քեզ մի բան. եթե կատարես այն, ինչի մասին խնդ­րում եմ քեզ, ապա հավերժ կհիշվես մարդկության պատմության մեջ: Իսկ դա արդեն շատ բան է նշանակում, այն քան շատ, որ միայն դրա համար արժե ապրել:

Կատարի՛ր միայն մեկ բան. օգնի՛ր ինձ բանալ կախարդված դուռը, իսկ եթե հանկարծ սիրտս դադարի բաբախելուց, եղի՛ր մեկը նրանցից, որոնք իմ սկսած գործը կհասցնեն մինչև վերջ:

Բայց նախքան ասելը, թե ինչպես եմ պատկերացնում քո մասնակ­ցությունը այդ մեծ գործին, թու՛յլ տուր, որ նախ և առաջ պատմեմ քեզ իմ սիրո առարկայի մասին՝ առանց հողի մարդկանց մասին և առանց մարդկանց հողի մասին, որն Աստված անվանեց Հայաստան: Դա հենց այն Հայաստանն է, որ ես գտել, հայտնագործել եմ, ինչպես Կոլոմբոսը հայտնագործել է Ամերիկան՝ Երկրի վրա, իսկ Ներուն՝ Հնդ­կաստանը՝ իր սեփական սրտի մեջ:

Լեհերենում զվարճալի մի դարձվածք կա. «Սկսել ինչ-որ բան Ադամից և Եվայից»: Չգիտեմ՝ ուրիշ լեզուներում նման դարձվածք կա՞, թե ոչ, բայց, այնուամենայնիվ, Հայաստանի մասին իմ պատմու­թյունն սկսել Ադամից և Եվայից:

Գիտե՞ք, արդյոք, թե որտեղ էր բիբլիական դրախտը: Սուրբ Գիրքը շատ ստույգ սահմանում է նրա դիրքը. գտնվում է նա չորս գետե­րի ակունքների շրջանում: Նրանցից երկուսը Եփրատն ու Տիգրիսն էին: Բավական է նայել քարտեզին, որ գտնենք նաև մնացած երկու­սը՝ Ճորոխն ու Արաքսը: Իսկ երկիրը, որի տարածքում գտնվում էր դրախտը, այսպես կոչված Թուրքահայաստանն է, որի մասին ստորև խոսելու ենք ընդարձակ:

Փակագծերի մեջ նկատեմ, որ մյուս բիբլիական փաստը՝ Նոյի ճանապարհորդությունը ջրհեղեղի բարձրացած ջրերով, տեղի է ունեցել նույնպես նույն՝ հետագա Թուրքահայաստանի այդ տարածքի վրա: Այնտեղ՝ այդ երկրի հյուսիսում, խոյանում է երկու գագաթով մի մենավոր լեռ՝ Մասիս կամ, ինչպես նրան անվանում ենք Արարատ, որի վրա կանգ առավ Նոյի տապանը: Մի խոսքով, Սուրբ Գրքի համաձայն՝ Հա­յաստանը եղել է ամբողջ մարդկության օրրանն ու երկրային դրախտը:

Սակայն մարդկությունը մոռացել է, թե որտեղ էր գտնվում իր դրախտը, որը կրկին գտնելու մասին երազում էր հանճարեղ Միլտո­նը: Եվ դա եղել է մարդկության կողմից մոռացված առաջին մեծ ճշմարտություն:

Հետագայում այդ տարածքի վրա թագավորել են շատ արքաներ, որոնց մասին հիշատակում են բաբելական և ասորական աղբյուրնե­րը: Այդ երկիրը, որ տեղական ավանդությունը անվանում էր Նաիրի, շարունակում էր մնալ խիտ բնակեցված, հարուստ և կենսապաշտ. չնայած որ գտնվում էր այն ժամանակվա մեծ քաղաքակրթության ծայրամասերից մեկում և շատ հին էր: Այնքան հին էր այդ երկիրը, որ երբ աոաջին բանական արարածները սկսեցին կառուցել առաջին տե­րությունը, ապա դա կարծես թե պետք է լիներ հենց այստեղ և ոչ թե Եգիպտոսում կամ Բաբելոնում: Միայն թե մարդկությունը այդ մասին մոռացել է: Եվ դա մարդկության կողմից մոռացված երկրորդ մեծ ճշմարտությունն է:

Քրիստոսի թվարկությունից առաջ 9-րդ դարի սկզբին, այսինքն՝ 3000 տարի սրանից առաջ, այդ տարածքի վրա գոյացավ Ու­րարտու կոչված մեծ տերությունը, որի սահմանները ընդգրկում էին այսօրվա ամբողջ Հայաստանը՝ թուրքական և խորհրդային, իսկ հյու­սիսում սահմանը նույնիսկ հասնում էր Վրաստանին:

Լեզուն, որով խոսում էին ուրարտացիները, դեռ հայերեն չէր, ճիշտ այնպես, ինչպես ուրարտացիների նախորդները՝ Նաիրիի ժողո­վուրդը խոսում էր նրանցից տարբեր լեզվով: Չէ՞ որ լեզուն ենթակա է անընդհատ փոփոխությունների: Հին հռոմեացիները գուցե խոսում էին էտրուսկերեն, իսկ նրանց հաջորդները՝ իտալերեն: Ու, չնայած դրան, վերջիններս հռոմեացիների ու էտրուսկների օրինավոր ժա­ռանգներն էին: Նմանապես այստեղ:

Ուրարտուի կամ հետագա հայկական թագավորության (որովհետև դա միևնույն տարածքն է) սահմանները հեշտ է գտնել մեր ժամանակակից Մերձավոր Արևելքի ուզած քարտեզի վրա:

Ուղղակի այսօրվա Թուրքիայի ամբոդջ արևելյան մասը, որր կարծես խցկված է հարա­վում Սիրիայի և Ւրաքի, իսկ հյուսիսում՝ Խորհրդային Վրաստանի միջև: Եվ դա հենց այն տարածքն է, որի մասին է մեր խոսքը, այն տարբերությամբ միայն, որ Արևելքում այն ավելի հեռու էր տարած­վում: Այսօր այդ տարածության 9/10-ր պատկանում է Թուրքիային, իսկ 1/10-ը՝ Խորհրդային Միությանը:

Սակայն վերադառնանք այն հեռավոր ժամանակներին: Քարտեզի վրա գտնենք Վանա լիճը և նույնանուն քաղաքը՝ նրա արևելյան ափին (այն ժամանակ նա կոչվում էր նաև Տուշպա): Դա Ուրարտուի մայրաքաղաքն էր: Եվ այդ ամբողջ տերությունը պատմիչները հա­ճախ անվանում են Վանի թագավորություն:

Այն ժամանակներից մինչև օրս պահպանվել են ժայռերում փորված եկեղեցիներ ու դամբարաններ, բազմաթիվ աշտարակների ու դղյակների ավերակներ և խողովակներ, որոնք քաղցրահամ ջուր էին հասց­նում քաղաքին 70 կմ վրա գտնվող հեռավոր սարերից (Վանա լճի ջու­րը աղի է, քան ամենաաղի ծովի ջուրը):

Ուրարտուն ոչնչացվել է մարերի կողմից, որոնք հարձակվել են նրա վրա 6-րդ դարում Քրիստոսի թվարկությունից առաջ: Բայց նույն դարում նրա ավերակների վրա գոյացավ և կառուցվեց նոր տե­րություն՝ Հայաստանը: Պարսկաստանի թագավոր Դարեհը ստիպված էր բավական երկար ժամանակ պայքարել հայերի դեմ և հինգ անգամ պարտություն էր կրել նրանցից: Բայց վերջապես նա, ըստ երևույթին, հաղթեց նրանց, որովհետև հայերի երկիրը մտավ Պարսկաստանի 12 և 18֊րդ սատրապությունների մեջ… եվ այս վիճակում մնաց մինչև Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակները:

Մի խոսքով՝ այս առաջին հայկական տերությունը գոյություն է ունե­ցել կարճ ժամանակ, և համեմատաբար քիչ բան գիտենք նրա մասին:

Սակայն հայկական թագավորությունը վերածնվեց 189թ. Ք. թ. ա.: Նրա հիմնադիրը եղել է Արտաշես I թագավորը, իսկ թագավորության նոր մայրաքաղաք Արտաշատը կառուցվել է Հաննիբալի նախագծի համաձայն. Հաննիբալը ժամանակավորապես ապաստանել էր Հայաստանում:

Այդ երկրորդ հայկական թագավորությունը գոյություն է ունեցել 618 տարի, այսինքն՝ մինչև Քրիստոսի թվարկության 429թ., երբ նա միացվեց Պարսկաստանին:

Այդ շրջանում Հայաստանը եղել է այն ժամանակվա աշխարհի ամենաքաղաքակիրթ կենտրոններից մեկը:

Մեր թվարկության I դարում այնտեղ արդեն կային թատրոններ, մատենադարաններ: Բանաստեդծները գրում էին զանազան ստեղծա­գործություններ, պոեմներ, իսկ գրելուց ազատ ժամանակ ջախջախում էին հռոմեացիներին, որոնք երբեմն այդտեղ ոտնձգություններ էին կատարում: Եվ պետք է ասել, որ հենց Հայաստանն էր այն երկիրը, որն առաջինն ընդունեց քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն, դեռևս 301թ. (այսինքն՝ Հռոմից 12 տարի առաջ): Դրա մասին նույնպես մոռացել է քրիստոնեական աշխարհը: Եվ դա նրա կողմից մո­ռացված երրորդ մեծ ճշմարտությունն է:

Այն հնագույն ժամանակներում գոյություն ունեին երեք մեծ կրոն­ներ, որոնք պայքարում էին միմյանց դեմ՝ ամբողջ աշխարհին տիրելու համար: Մեկը հենց քրիստոնեությունն էր, երկրորդը՝ արիոսականությունը, երրորդը՝ զրադաշտականությունը: Արիոսականի առաջխաղա­ցումը զսպում կամ կասեցնում էին ֆրանկները, իսկ զրադաշտականի առաջխաղացումը կասեցնում էին հայերը:

Չգիտեմ, սիրելի ընթերցողլ ես արդյոք, թե ոչ: Բայց նույնիսկ եթե ոչ, դարձյալ պետք է ընդունես, որ քրիստոնեու­թյունը ճանապարհ է հարթել ժամանակակից մշակույթի համար: Ու թեև մեր կյանքում ամեն ինչ չէ, որ մեզ դուր է գալիս, սակայն ստիպ­ված ենք հաստատելու, որ քրիստոնեության կողմից ստեղծված մշա­կույթը հիմնականում վատը չէ: Եվ ահա այն ամենը, ինչով մենք այժմ ապրում ենք, այն հեռավոր ժամանակներում ոչնչացված կլիներ իր սաղմնավորման փուլում, եթե հայերը չպաշտպանեին քրիստոնեական մշակույթը: Նույնիսկ 429թ.՝, իրենց անկախությունը կորցնելուց հե­տո, նրանք այնքան ուժեղ դիմադրություն էին ցույց տալիս արշավող­ներին (450-451թթ. Վարդանանց պատերազմը և ուրիշները 481֊ 484թթ.), որ արգելում էին հեթանոսների շարժումը դեպի Արևմուտք: Մի խոսքով, հայերը փրկեցին քրիստոնեությունը:

Քաղաքական անկախության կորուստը բնավ չի կոտրել այդ հե­րոս ժողովրդի դյուցազնական ոգին: Քրիստոսի թվարկության 5-րդ դարում հայկական մշակույթը այնպիսի ծաղկման հասավ, որ կոչվեց հայկական մշակույթի Ոսկեդար: Իրոք, Ոսկեդար էր դա, հատկապես գրականության ասպարեզում՝ թե՛ ինքնուրույն և թե՛ թարգմանական:Բայց քրիստոնեական աշխարհը այդ մասին էլ մոռացավ: Եվ դա նրա կողմից մոռացված չորորդ մեծ ճշմարտությունն է:

Հաջորդ դարերում հայերը ոչ միայն ստեղծում էին փիլիսոփայական, պատմական և գեղարվեստական աննման աշխատություններ, այլև շարունակում էին շատ թարգմանել: Շնորհիվ դրանց՝ միայն նրանց թարգմանություններով պահպանվել ու մեզ են հասել Հին Հունաստանի և Հին Հռոմի բազմաթիվ մեծ մտածողների ստեղծագոր­ծություններր: Հայերն են (և մասամբ արաբները) մարդկության հա­մար պահպանել հնագույն մշակույթի գոհարները: Բայց աշխարհը այդ մասին ևս մոռացավ:

Եվ դա նրա կողմից մոռացված հինգերորդ մեծ ճշմարտությունն է:

Այնուհետև զրադաշտականության և արիոսականության տեղը պատմական ասպարեզում հայտնվեց իսլամը: Եվ կրկին քրիստոնեա­կան Բյուզանդիոնի և Արևելքից եկող նոր հավատքի միջև կանգնեցին հայերը: Այդ նրանք ութ դարով ուշացրին Կ.Պոլսի անկումը, մի բան, որ պատմության մեջ պետք է գրանցված լինի՝ որպես հայերի ամենա­մեծ ծառայությունը քաղաքակրթությանը առհասարակ և քրիստոնե­ական քաղաքակրթությանը՝ հատկապես: Միայն թե այդ մասին Էլ է մոռացել աշխարհը: Եվ դա նրա կողմից մոռացված վեցերորդ մեծ ճշմարտությունն է:

Արաբների դեմ մղվող պայքարի բոցերի մեջ հայկական փոքրիկ անկախ իշխանություններից կազմվեց երրորդ Հայկական թագավո­րությունը, որն այս անգամ գոյություն ունեցավ միայն 160 տարի (885-1045) և ոչնչացվեց հենց բյուզանդացիների կողմից, որոնք դրա­նով իրենք իրենց ձեռքով տապալեցին քրիստոնեական ամրոցը իրենց տերության արևելքում: Ու հետևանքները չհապաղեցին: Երեք տարի անց (1048) արդեն տապալված Հայաստանի վրայով գլորվեց սելջուկ֊ թուրքերի առաջին ալիքը՝ ազդարարելով Բյուզանդիայի մոտալուտ անկումը:

Քրիստոնեական Արևելքն ինքը ոչնչացրեց նրանց, ովքեր 800 տա­րիների ընթացքում պաշտպանում էին իրենց պարսիկներից ու արաբ­ներից, և դրանով իսկ ինքն իր դռները բացեց հերթական ամենա­սարսափելի արշավողների՝ թուրքերի առջև:

Այսօր այդ մասին էլ աշխարհը չի հիշում: Եվ դա նրա կողմից մո­ռացված յոթերորդ մեծ ճշմարտությունն է:

Լավ չէ, երբ մարդիկ իրար սպանում են նրա համար միայն, որ ցույց տան, թե իրենց կրոնը ավելի լավն է: Սակայն այն հեռավոր ժա­մանակներում մարդկությունը դեռ չէր հասունացել այդ պարզ ճշմարտությունը հասկանալու աստիճանի: Եվ դրա համար այդքան շատ ոճիրներ են կատարվում երկու կողմից էլ, ըստ որում՝ քրիսոնյաները հարյուր անգամ ավելի վատ էին վարվում, քան մուսուլմանները: Չէ՞ որ քրիստոնեական կրոնը քարոզում է սեր ամեն մարդու նկատմամբ՝ անկախ նրա ազգությունից ու հավատքից: Իսկ տխրությամբ հիշվող «խաչակիրները» փառավորեցին իրենց այնպիսի արարքներով, որ մինչև օրս մտաբերելիս ստիպված ենք կարմրելու:

Սակայն այդ ամենը հայերին չի վերաբերվում: Նրանք ոչ ոքի ուժով չէին պարտադրում ընդունել քրիստոնեություն: Պաշտում էին իրենց հողը և իրենց հավատքը: ՈՒ դրանով միաժամանակ պաշտպանում էին իրենց թիկունքում ապրող քրիստոնյա հավատքի ուրիշ ժողովուրդների հողն ու հավատքը: Եթե ուրիշ ժողովուրդներ վատ քրիս­տոնյա են եղել, ապա հայերն այստեղ մեղք չունեն:

Ինչևիցե, 11-րդ դարի վերջում Եվրոպայից շարժվեց խաչակիրների առաջին արշավախումբը, որպեսզի, ինչպես հայտնի է, ազատի Քրիս­տոսի շիրիմը: Սակայն նրանք մոռացան ազատել Եվրոպայի ամենաերկարամյա պաշտպանին’ քրիստոնեական Հայաստանը: Եվ դա եղավ հերթական ութերորդ մեծ հանցանքը՝ ընդդեմ ճշմարտության, երախ­տագիտության և արդարության:

Հայերի մի մասը, որոնց բյուզանդացիները բուն Հայաստանից տե­ղափոխեցին Կիլիկիա (որտեղ հետո բնակվում էին նրանց ազգակից Ժո­ղովուրդները), 1080թ. ստեղծեց այնտեղ ըստ հերթականության չոր­րորդ հայկական թագավորությունը, որը գոյատևեց համարյա 300 տարի (1080-1375)՝ դաոնալով Արևելքի ամենաքաղաքակիրթ տերու­թյուններից մեկը: Իսկ եթե այնտեղ ստեղծված հայկական պատմական գրականությունը չլիներ, հնարավոր չէր լինի այսօր վերականգնել խաչակիրների արշավանքների, ինչպես նաև Արևելքի քրիստոնեական մանր տերությունների պատմությունը: Ինչ արած, աշխարհը նորից մոռացավ օգնության հասնել պատմականորեն արդեն հայկական այդ վերջին թագավորությանը, երբ հասել էր նրա ծանր ժամը: Եվ դա եղավ ըստ հերթականության իններորդ մեծ հանցանքը՝ ընդդեմ ճշմարտության, պարտականության և քաղաքական բանականության: Դրա համար շուտով վարձահատույց եղան սերբերը’ 1389թ. Ծուռ դաշտում տեղի ունեցած ողբերգական ճակատամարտից հետո կորց­նելով իրենց անկախությունն ավելի քան 500 տարով: Իսկ քիչ հետո նրանց բախտակից դարձան նաև բուլղարները՝ 1393թ. Տիրնովոյի ան­կումից հետո: Չէ՞ որ չկան մեկուսացած փաստեր: Աոանձին ժողովուրդների պատմությանը զարգանում է հաղոր­դակից անոթների միջոցով: Լուսինյանների հայկական թագավորու­թյան անկման և սերբական Լազարի տերության՝ օսման-թուրքերի կողմից ոչնչացման միջև ակնհայտ է կապը, որի մասին այստեղ չեմ խոսելու:

Կիլիկիայի թագավորության ամբողջ գոյության ընթացքում Մեծ Հայքը կամ բուն Հայաստանը ծանր կացություններ շատ է ապրել՝ հաջորդաբար ընկնում էր սելջուկ թուրքերի տիրապետության տակ, որն այդ վերջինները հասկանում էին շատ պարզեցրած. ուղղակի մոր­թում էին իրենց նոր հպատակներին: Հետո Հայաստանը բաժանված մնաց մի շարք սելջուկ- աբա֊քրիստոնեական էմիրությունների միջև, որոնք անընդհատ կռվում էին միմյանց դեմ: Այնուհետև 1170-1236թթ. այստեղ գոյացավ Վրաատանին ենթակա հայկական վասալ իշխանության պես մի բան: Բայց մոնղոլները նրանց սրբում են աշ­խարհի երեսից:

Այստեղ չենք պատմելու իրար հաջորդող մոնղոլական տիրապե­տությունների մասին 150 տարի, այսինքն 1236-1386թթ. ընթացքում Հայաստանի ողբերգական պատմությունը, ինչպես նաև նրա  հարյուրապատիկ սարսափելի պատ­մությունը Լենկ-Թեմուրի և թուրքմենական Կարա-Կոյունլու և Ակ-Կոյունլու ցեղերի տիրապետության ներքո, որոնք փոխադարձաբար իրար կոկորդից էին բռնում ընդհուպ մինչև 15-րդ դարի վերջը: Պարզ բան է, որ վայրենիների այդ բոլոր հաշվեհարդարներին անընդհատ հետևում էին տարաբախտ հայերի կոտորածները: Շատ բան չի փոխվել նրանց վիճակում դեպի լավը նաև հաջորդ հարյուրից ավելի տարիների ընթացքում (1502-1639), երբ Հայաստանը սկսեց ձեռքից ձեռք անցնել՝ պարսիկներից օսման­յան թուրքերին և հակառակը: Ըստ որում, պարսիկները տեղահան էին անում հայերին սահմանամերձ շրջաններից՝ հրդեհելով նրանց տները, իսկ թուրքերը հրդեհում էին տները, բռնաբարում ու ստրկացնում էին ողջ մնացածներին:

1639թ. Հայաստանը վերջնականապես բաժանվեց երկու մասի՝ Արևմտյան կամ Թուրքական և Արևելյան կամ Պարսկական: Սկսեցին ստեղծվել երկու գրական բարբառներ՝ արևմտահայերենը և արևելա­հայերենը: Այդ բաժանումը մնում է մինչև օրս, միայն թե Պարսկահայաստանը (անհամեմատ փոքր) հետո անցավ ռուսական ցարական կա­ռավարությանը, ինչի մասին ստորև խոսելու ենք, իսկ Թուրքահայաստանը (ամբողջ 9/10 մասը) թուրքերը դարձրին կատարյալ անապատ, այդ մասին նույնպես խոսելու ենք ստորև:

Հայերը որքան ուժ ունեին պաշտպանում էին իրենց հողը: Վրացիների հետ մեկտեղ կրծքով դիմադրում էին մոնղոլներին, երկու անգամ ապստամբեցին նրանց դեմ (1249 և 1261թթ.): Բայց հետո երկար ժամանակ նրանք չունեին ո՛չ ուժ և ո՛չ էլ թափելու արյուն: Միայն ամե- նազարմանալի պատերազմի ժամանակ, որ Պետրոս Մեծի Ռուսաստանը մղում էր Պարսկաստանի դեմ, Պարսկաստանը՝ Թուրքիայի դեմ և Թուրքիան՝ Ռուսաստանի դեմ, հայերի զորավար Դավիթ Բեկը երեք կռվող բանակի արանքում ստեղծեց հայկական տերություն, որը ճա­նաչվեց երեք կռվող պետությունների կողմից էլ: Սակայն այն գո­յատևեց շատ կարճ (1722-1730), այսինքն՝ մինչև Դավթի ժառանգ Մխիթարի դավադրական սպանությունը:

1828թ. Ռուսաստանը իր տարածքը մեծացրեց Պարսկահայաստանի մեծ մասի հաշվին, իսկ 50 տարի անց (1878) Թուրքիայից խլեց Ղարս և Արդահան հայկական մարզերը: Թվում էր, թե լիակատար անկախու­թյուն ստանալու հայերի երազանքները վերջապես իրագործվելու են: Բայց, ավա՜ղ, ցարական Ռուսաստանն ամենևին միտք չուներ հարու­թյուն տալու Հայաստանին, թեև բազմիցս այդ խոստումներն արել էր Հայաստանին: Պարզապես հայկական հողերը միացրել էր իր տարած­քին՝ որպես մի նոր նահանգ: Ու չգտնվեց մի նոր Բայրոն, որ հիշատակեր Հայաստանի մասին այնպես, ինչպես ինքը՝ Հունաստանի մասին: Հերթով ազատագրվեցին Ռումինիան, Սերբիան և Բուլղարիան: Իսկ Հայաստանի մասին այդ ամենահումանիստական 19-րդ դարում բոլորը մոռացել էին: Տասներորդ անգամ էր դա, որ մոռացվել էր Հայաստանը:

Ճիշտն ասած՝ չմոռացողներ էլ կային: Բայց նրանք հայ ժողովրդի բարեկամներ չէին, այլ ուղղակի որոշ եվրոպական երկրների փաստա­բաններ, որոնք, Հայկական հարցը խաղարկելով՝ իրենց համար հնարա­վորին չափ արտոնություններ էին պոկում Թուրքիայից: Ու այդ հար­ցով անվերջ գրգռում էին թուրքերին, մինչև որ հասցրին այն աստի­ճանին, որ հայ ժողովուրդը ահավոր գին վճարեց ոչ իր պարտքերի դի­մաց:

Հայերը բնակվում էին ոչ միայն Թուքահայաստանում, այլև ցր­ված էին ամբողջ Անատոլիայում և այն էլ դեռևս բյուզանդական ժա­մանակներից: Առանձնապես շատ էին նրանք Կիլիկիայում՝ նախկին Ռուբինյանների և Լուսինյանների թագավորության տարածքում: Ւսկ բուն Անատոլիայի սահմաններից դուրս բնակություն էին հաստատել Սիրիայում և Լիբանանում ու նախ և առաջ հենց սուլթանի մայրա­քաղաքում՝ Ստամբուլում (նախկին Կ.Պոլսում), որը 19-րդ դարում դարձավ թարքա-հունա֊հայկական մշակույթի մեծ կենտրոն: Ըստ որում՝ հայկական տարրը գերակշռում էր մտավոր ասպարեզում: Այստեղ է հենց զարգանում արևմտահայ հոյակապ գրականությունը՝ Մերձավոր Արևելքի ամեն ահետաքրքիր գրականություններից մեկը:

Ստամբուլը տարբեր պատճառներով դարձավ արևմտահայերի հոգևոր կենտրոնը, բայց գլխավորապես նրա համար, որ այն ժամա­նակ Թուրքահայաստանում ավելի մեծ քաղաք չկար: Մնացած քա­ղաքները ոչնչաղված էին վայրենիների տիրապետության 800 տարի­ների ընթացքում՝ սկսած ամենավաղ՝ սելջուկ-թուրքերից մինչև ամե­նաուշ՝ օսման-թուրքերը:

Այնուամենայնիվ, երկու մեծ քրիստոնեական գաղութների առկայությունը Ստամբուլում փուշ էր թուրքական կառավարության աչքերում, մանավանդ որ օտար պետությունները օգտագոր-ծում էին այդ փաստը ոչ թե ազգային փոքրամասնություն կազմող հայերին և հույ­ներին օգնության ցույց տալու, այլ Թուրքիայի վրա ազդելու նպա­տակով, ստիպելով նրան, որ թույլ տա կոնցեսիաներ իր երկրում եվ­րոպական կապիտալի համար: Գնալով թուրքերի մեջ աճում էր ատե­լությունը քրիստոնյաների նկատմամբ…. Սկսվեցին կոտորածները: Միայն թե այդ ատելությունը դրդողներն ու գրգռողները, օտարերկրարիներ էին, իսկ զոհ էին դաոնում այն անմեղ քրիստոնյաները, որոնց միայն կարելի էր անպատիժ սպանել: 19-րդ դարի աոաջին կե­սին դա գլխավորասպես հույներն էին, իսկ 1876 թվականից` հայերը:

Հայերի անտանելի կյանքը Թուրքական տիրապետության ներքո 1915թ. հասել էր իր գագաթնակետին, երբ տանջալի մահվան դատապարտվեց համարյա ամբողջ արևմտահայ ժողովուրդը: Իրենց անկա­խությունը կորցնելուց հետո 870 տարի (1045-1915) տառապում էին

նրանք այնպիսի տանջանքների մեջ, ինչպիսիք չի ճանաչել աշխարհիս ոչ մի ժողովուրդ: Բացի, գուցե, միայն հրեաներից: Բայց հրեաները Երուսաղեմի անկումից անմիջապես հետո լքեցին հայրենի հողը, հնա­րավորություն ունենալով գոնե իրենց համար բնակավայր ընտրել: Եվ ամեն տեղ չէ, որ վատ էր նրանց համար :

Այսօր, ճիշտ է, աշխարհով մեկ ցրված են գաղթած հայերը: Բայց 1915թ. առաջ Թուրքահայերի ճնշող մեծամասնությունը մնում էր իր հայրենիքում: Դրանք գյուղացի հողագործներ էին: Եթե գաղթում էր այդ գյուղացին, ապա դեպի Ստամբուլ կամ դեպի Լիբանանի քաղաքները՝ նույն թուրքական կառավարության սահմաններում: Քաղաքնե­րում նրանք աշխատում էին որպես բանվորներ կամ արհեստավորներ: Ոմանք զբաղվում էին առևտրով և հակառակ տարածված բամբա­սանքների՝ եղել են ազնիվ առևտրականներ: Համենայն դեպս այդպի­սի համբավ վաստակել են նրանք իմ հայրենիքում՝ Լեհաստանում:

Շատ հայեր իրենց նվիրեցին մանկավարժական և մշակութային ստեղծագործ աշխատանքին: Նրանք մեծ արտիստներ են եղել արվեստի յուրաքանչյուր ճյուղում. նրանցից դուրս են եկել հանճարեղ բա­նաստեղծներ ու արձակագիրներ. մեծ երաժիշտներ, ակնառու նկարիչ­ներ, հոյակապ շինարարներ, իսկ ամենից առաջ` ազնիվ աշխատավոր­ների և հմուտ, բարեխիղճ արհեստավորների հսկայական մի զանգ­ված: ժամանակակից աչքի ընկնող հայ բանաստեղծ Պարույր Սևակը իրավամբ ասում է.

Ւսկ երբ ստիպված մեր հողն ենք թողել.

Ուր էլ հասել ենք, որտեղ էլ եղել

Ջանացել ենք մենք ամենք ի համար,

Շինել ենք կամուրջ, կապել ենք կամար…

Խնդրում եմ միշտ հիշել, որ Թուրքահայաստանի կազմում էր պատմական Հայաստանի 9/10 մասը: Դրա համար էլ, ահա, ոչ թե Պարսկական Հայաստանում (ուր վերաբերմունքը հայերի նկատմամբ անհամեմատ ավելի լավ էր), այլ հենց այստեղ բյուրեղացավ այն, ինչը որ 19-րդ դարի հրապարակախոսությունը անվանել է Հայկական հարց:

Այս տերմինը կյանք առավ Թուրքիայի սուլթան Աբդուլ Համիդ 11-ի գահակալության ժամանակից (1876թ.), որր 33 տարվա ընթացքում, այսինքն համարյա մինչև իր գահընկեցությունը (1909թ) հասցրեց իրագործել ութ մեծ կոտորած. դրանցից ամենամեծի ժամանակ սպան­վեց մոտ 300 հազար հայ: Հայերին կոտորում էին թուրք կառավարու­թյան կողմից գրգռված քրդերը թուրք հասարակության տականքնե­րի հետ միասին: Թուրք գյուղացիները հիմնականում կոտորածներին չէին մասնակցում, հասարակ թուրք ժողովուրդը բնավ չար չէ և ընդ­հանրապես կարողանում էր խաղաղ ապրել քրիստոնյա ժողովուրդնե­րի հետ: Եվ ընդհակառակը, սարսափելի չարացած էին այն մարդիկ, որոնք դրանից առաջ և դրանից հետո կառավարում էին Թուրքիան:

Հենց նոր նշեցի, որ եղել է 8 կոտորած, որոնցից ամենամեծի ժա­մանակ սպանվել է շուրջ 300 հազար հոգի: Որքան հեշտ է գրել այղ մասին: Բայց ինչ սարսափելի բովանդակություն են պարունակում այդ խոսքերը: Այսպես, եթե գիշերը նայենք աստղալից երկնքին, ապա հասարակ աչքով ամբողջ երկնակամարում կարող ենք տեսնել շուրջ 4000 աստղ…

Եթե դրանք միայն մեկ կոտորածի ժամանակ սպանված հայ տղա­մարդկանց, կանանց ու երեխաների մարմինները լինեին, ապա 75 ան­գամ ավելի պետք է լինեին, քան երկնքում մեր տեսած աստղերը:

Ու հիշիր միւսԺամանակ, որ այն ժամանակ արդեն դա փոքրաթիվ, հազիվ մի քանի միլիոնանոց քրիստոնյա ժողովուրդ էր, որը հարյուրամ­յակների ընթացքում հրաշքով պահպանում էր իր կյանքը` ապրելով ու պայքարելով հավատքի, լեզվի, մշակույթի և ամեն տեսակետից իրեն օտար մուսուլման միջավայրում:

Վերևում հիշատակեցի արդեն, որ եվրոպական տերությունները խառնվում էին հայկական հարցին, միջամտում էին նաև այն ժամա­նակ, երբ նրանց միջամտությունը բնավ հարկավոր չէր ու միայն թուրքերին գրգռում էր հայերի դեմ: Բայց այդ հարցին խառնվող ոչ մի պետության կառավարություն այդ խնդիրը չդրեց ճիշտ հողի վրա, այսինքն չպահանջեց, չառաջարկեց անգամ թուրքական Հայաստանը վերածել անկախ պետության: Մինչդեռ այն ժամանակ կային արդեն անկախ պետություններ Հունաստանը, Սերբիան, Չեռնոգորիան, Բուլղարիան և Ռումինիան, հետո շուտով նաև Ալբանիան, որոնք առաջ պատկանում էին Թուրքիային: Գուցե չէին ուզում բարկացնել ցարական Ռուսաստանին, որը հույս ուներ մոտիկ ապագայում գրա­վել այդ տարածքները, ընդհուպ մինչև արաբական սահմաններ: Կամ գուցե ինչ-որ այլ պատճառներ կային: Բավական է, որ աշխարհը մո­ռացավ երեսուն հարյուրամյա հայկական պետության ավանդության մասին: Եվ դա նրա տասնմեկերորդ մոռացությունն ու աններելի սխալն է:

Չեմ կարծում, թե աշխարհիս երեսին գտնվեր որևէ ուրիշ Ժողո­վուրդ, որը ի վիճակի լիներ այդքան երկար դիմանալու անընդհատ շարունակվող արյունահեղությանը, ինչպես դիմացան հայերը 9 դա­րերի ընթացքում, տանելով, միաժամանակ, մշտական արհամարհան­քը: Չէ որ վայրենի արշավողները (բացի մոնղոլներից) եղել են մոլի մուսուլմաններ և քրիստոնյաներին ավելի վատ էին նայում, քան շնե­րին: Հոգու ինչպիսի տոկունություն էր պետք այդպիսի պայմաննե­րում կրոնափոխ չլինելու համար: Չէ որ դա այնքան հեշտ բան չէր: Ու մի անգամից կարելի էր ունենալ հանգիստ կյանք, և նույնիսկ ար­տոնյալ պաշտոն սերնդից սերունդ մուսուլմանների մեջ: Չնայած դրան կրոնափոխության դեպքերն այստեղ այնքան հազվադեպ են պատահել, որ գրեթե նշումներ չկան այդ մասին:

Սակայն կոտորածները միակ ջրանցքը չէր, որով արտահոսում էր հայի արյունը: Երկրորդը ենիչերական այն զորագնդերն էին, ուր տա­նում էին ամեն տասներորդ հայ տղային, և այդ տղաները, պարզ բան է, արդեն մեկընդմիշտ կորած էին ժողովրդի համար: Եվ, վերջապես, երրորդ ամենալայն ջրանցքը եղել է ամենագեղեցիկ աղջիկների փախցնելը համարյա 1000-ամյակի ընթացքում:

Իսլամը տղամարդուն ոչ մի սահմանափակում չի անում կյանքի ընկերուհի կամ ընկերուհիներ ընտրելու մեջ: Իսկ քանի որ Թուրքահայաստանում չի եղել մի անկյուն, ուր չպտտվեին գոնե մի քանի մուսուլմաններ` քրդեր կամ թուրքեր միշտ լավ զինված ու կռիվների պատրաստ, ապա սպառնալիքներով թե զենքի ուժով քրիստոնյանե­րից ամենագեղեցիկ կանանց խլելը օրակարգի խնդիր էր: Հայ մորից և թուրք հորից ծնված տղան դաստիարակվում էր որպես թուրք` հպարտանալով իր «ասպետական» ծագումով և արհամարհելով խա­ղաղ տրամադրված մոր ժողովուրդը: Սակայն դա հսկայական ազդեցություն է ունեցել նոր սերունդների ռասսայա կան պատկանելիու­թյան վրա: Այդ նոր սերունդների մայրերը, հաճախ նաև տատերն ու նախատատերը հայուհի են եղել: Չէ որ թուրքերը, երբ Աստված նրանց ստեղծեց և բերեց Անատոլիա, ունեին շեղ աչքեր և դուրս ցց­ված լայն այտոսկրեր: Իսկ այսօր բավականին գեղեցիկ ժողովուրդ են, որովհետև հայերից խլեցին նրանց սեփական արյունն անգամ:

Սակայն հակառակ բազմաջրանցք հուներով հայկական արյան անընդհատ արտահոսքին, հակառակ մեծամեծ կոտորածներին և մշ­տական արհամարհանքին, հայ ժողովուրդը ջղաձգորեն իր սպառվող ուժերի մնացորդներով ամուր կառչում էր իր հավատքին ու իր լեզ­վին: Մեկ ուրիշ ժամանակակից հայ բանաստեղծ Գևորգ էմինը համե­մատում է նրան խաղողի վազի հետ, որն իր արմատները խրել է կարծր ժայռի մեջ ու սնվել այդ ժայռով:

Աբդուլ Համիդի արյունարբու կառավարության անկման պահին, այսինքն 1909թ., հակառակ ամեն բանի, ամբողջ աշխարհում դեռ կար հինգ միլիոն հայ (Թուրքիայում մոտ 4 միլիոն): Բայց մոտալուտ պա­տերազմի մթնոլորտում աշխարհը դադարել էր նրանցով հետաքրքր­վելուց` թողնելով նրանց երիտթուրքերի կուսակցության «պրոգրեսիվ ու լիբերալ» փոքրամասնության հոգատարությանը, այն կուսակցու­թյան, որն այն ժամանակ խոստանալով «միություն և առաջադիմու­թյուն» անցավ իշխանության գլուխ: Եվ դա եղավ իր հետևանքներով ամենասարսափելի տասներկուերորդ սխալը:

Աղբյուրը` ՍԵՎ ԳԻՐՔ. Նշանավոր օտարերկրացիները թուրքական ոճիրների և Հայոց ցեղասպանության մասին

hayernaysor.am

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ