«Էշ մի սատկի՝ գարուն կգա … »
Հունվար ամսին մեր համաքաղաքացիները համացանցով, հեռախոսահաղորդագրությունների միջոցով տեղեկանում էին, որ «Վեգա» խանութների ցանցում սկսվել է մեծ վաճառք՝ ինքնարժեքով: Գնորդները սակայն խանութներում հայտնաբերում էին որոշակի ապրանքների վրա երկու գնապիտակ, որոնցից մեկն իբրեւ ինքնարժեքի պիտակն էր: Սակայն գնորդներից եւ ոչ մեկին համապատասխան փաստաթուղթ կամ հավաստի տեղեկատվություն չի տրամադրվել առ այն , թե իրականում տվյալ ապրանքի ինքնարժեքը որքան է:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանի խոսքով` նմանատիպ բողոքներ բավականին շատ են եւ ցավոք, հասարակական կազմակերպությունը իրավասու չէ ստանալ տնտեսվարողից համապատասխան տեղեկատվություն, քանի որ վերջինը պարտավոր է իր գնային քաղաքականության մասին տվյալ ներկայացնել միայն պետական մարմիններին:
Այս խառնաշփոթում եւ հանրությունը եւ հասարակական որոշ կազմակերպություններ մեղադրանքներ հնչեցրեցին ՏՄՊՊՀ-ի հասցեին, թե կառույցը մատնված է անգործության եւ ոչինչ չի անում տվյալ կազմակերպությունում համապատասխան ստուգումներ սկսելու համար:
ՏՄՊՊՀ-ից Henaran.am-ին տեղեկացրին, որ համապատասխան ստուգումներ այս պահին ահազանգերի հետքերով արվում են, միայն թե արդյունքների մասին հանրությանը կիրազեկեն առաջիկա օրերին: