26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանում եւ ներգաղթ կա, եւ արտագաղթ. Գագիկ Եգանյան

‘’Հայաստանում եւ ներգաղթ կա, եւ արտագաղթ’’,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը` հավելելով, թե արտագաղթի եւ ներգաղթի ծավալների մասին գնահատականներ ոչ ոք չի կարող տալ, քանի որ այդ մասին ուսումնասիրություն չկա:

Նրա խոսքով, երեւույթը կարելի է գնահատել անձնագրային բաժանմունքում հաշվառման կանգնելու եւ հաշվառումից դուրս գալու միջոցով, ինչը ամբողջական պատկերը չի տալիս, որովհետեւ բազմաթիվ մարդիկ կան, որ շարունակում են ՀՀ-ում հաշվառված մնալ, բայց ապրում են օրինակ` ՌԴ-ում:

2008-ից ի վեր, նրա խոսքով, միգրացիոն հոսքերի ծավալների, պատճառների եւ երկրների ուսումնասիրություն չի իրականացվել: Վերջին հետազոտությունը, որը փորձել է գնահատական տալ միգարցիոն հոսքերին, իրականացվել է 2007-ին:

Գագիկ Եգանյանի խոսքով,  ԱՎԾ կողմից հրապարակված ՀՀ առկա բնակչության մարդահամարի տվյալները ինչ-որ առումով հնարավորություն են տալիս որոշակիորեն գնահատական տալ 2001-2002 թվականների միգրացիոն հոսքերի ու արտագաղթի ծավալների մասին:

‘’Եթե հիշում եք,2001 թվականի համար առկա բնակչության թիվը 3 միլիոն երկու կամ երեք հազար էր, իսկ 2011-ին` 2 միլիոն 871 հազար էր: Տարբերությունը 131 հազար էր, որը պակասել է արտագաղթի պատճառով, բայց միայն սա չէ արտագաղթի ամբողջ ծավալը, որովհետեւ այդ տարիներին տեղի է ունեցել նաեւ բնական աճ: Եթե արտագաղթը չլիներ, բնական աճի հաշվին բնակչության թվաքանակը կաճեր: Տասը տարվա կտրվածքով, բնական աճը կազմել է  126 հազար’’,-նշեց Գագիկ Եգանյանը:

Նրա խոսքով, նշված տարիներին ՀՀ-ում նաեւ ներգաղթ է գրանցվել, շուրջ 13 հազար մարդ է վերադարձել: ‘’Այս երեք բաղադրիչների գնահատականը տալիս է տասը տարվա կտրվածքով արտագաղթի ընդհանուր ծավալը եւ ստացվում է մոտավորապես 260-265 հազար: Այս տասը տարիների ընթացքում տարեկան միջին հաշվով ստացվում է 26-27 հազար արտագաղթի միջին հոսք’’,-շարունակեց Գագիկ Եգանյանը:

Նա տեղեկացրեց, որ արտագաղթի պատճառների, երկրների` դեպի ուր մեկնում են , վերադառնալու հավանականության եւ այլնի շուրջ հետազոտություն իրականացնելու համար առաջին անգամ կառավարությունը հետազոտության համար տասներեք միլիոն դրամ է հատկացրել`հաշվի առնելով խնդրի կարեւորությունը: Հետազոտությունը կիրականացնի Հայաստանի Սլավոնական համալսարանը:

Հետազոտության ժամանակացույցով նախատեսված աշխատանքներն արդեն մեկնարկել են: Մշակվել է համապատասխան հարցաշարը: Հետազոտության արդյունքները պատրաստ կլինեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

Դիտարկմանը, համաձայն է արդոք Գագիկ Եգանյանը, այն գնահատականների հետ, թե արտագաղթի ծավալները աճել են, ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետը պատասխանեց` կրկին նշելով, որ ճշգրիտ գնահտականների համար նախ եւ առաջ հարկավոր է հետազոտություն, ինչը, փաստորեն չի իրականացվել:

Այլ հարց է, եթե նման հայտարարություններն արվում են այլ  նպատակներով:  Գագիկ Եգանյանի խոսքով, լրատվամիջոցները հրապարակում են ուղեւորահոսքերի տվյալները` որպես կանոն բացասական մնացորդով, սակայն ամիսներ կան, երբ դրական մնացորդ է արձանագրովում, ինչը, սակայն, նրա խոսքով, տեղ չի գտնում հրապարակումներում:

Գագիկ Եգանյանն ասաց, որ սեզոնային աշխատանքների նպատակով մեկնածներին, օրինակ` չի կարելի նույնացնել միգրանտների հետ եւ այս ամենը տարանջատելու համար կրկին համապատասխան հետազոտություն է հարկավոր:

Հարցին, թե վերջին քսանմեկ տարիների ընթացքում երբ է գրանցվել արտագաղթի ամենամեծ ալիքը, ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետը պատասխանեց.’’Արտագաղթի ամենամեծ ծավալը եղել է 1992-1994 թվականներին: Երեք տարիների ընթացքում մենք ‘’կորցրեցինք’’ ավելի քան 610 հազար մարդ, ունեցանք մեկ միլիոնից ավելի ելք եւ 310 հազար վերադարձ:

Սա զանգվածային արտահոսքի տարիներն էին, որոնց պատճառները գիտեք, դա ժողովրդի բնական արձագանքն էր, եւ ժողովուրդը փորձում էր փրկվել: Երկրորդ փուլը 1995-2001 թվականն է: Այս երեք տարիների ընթացքում տեղի ունեցավ արտագաղթի ծավալների նվազում, կայունացում: Բայց այդ կայունացած թիվը ՀՀ համար էլի շատ զգալի էր` 50-60 հազարի շրջանակում: Այդ տարիներին մենք ունեցանք մինչեւ 350 հազարի կորուստ: 2002-2007 թվականներին էլի կա հետազոտություն, որն արձանագրեց 750 հազարի ելք, 600 հազարի մուտք, այսինքն, 150 հազարի կորուստ’’:

Եգանյանը շեշտեց, որ հենց այս տվյալներն են իր կողմից օգտագործվում, որոնք պաշտոնական վիճակագրություն չեն, այլ իրականացված հետազոտությունների արդյունքներ:

Ինչ վերաբերվում է ներգաղթյալներին, Գագիկ Եգանյանի խոսքով, նրանք հիմնականում հաստատվում են մայրաքաղաք Երեւանում:

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ