23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ո՞ր մեկն է իսկական Ջոն Քերին.Ամերիկայի նոր պետքարտուղարը

Մի քանի շաբաթ առաջ, երբ սենատոր Ջոն Քերիի անունն առաջին անգամ հիշատակվեց որպես պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հնարավոր իրավահաջորդ, ես հայերին զգուշացրի` չափից ավելի չոգեւորվեն, որ հայ համայնքի “լավ բարեկամը” կարող է ստանձնել նման ազդեցիկ պաշտոն:

 

Շատ ժամանակ չպահանջվեց, որպեսզի զգուշության մասին իմ խոսքերը լիովին արդարացվեին: Չնայած հայկական հարցերի առնչությամբ Ջոն Քերիի աջակցության 30-ամյա տարեգրությանը, անցյալ շաբաթ, նոր պաշտոնն ստանձնելու հենց սկզբում նա ապացուցեց, որ նույնիսկ նման մտերիմ “բարեկամը” կարող է փոխել իր վաղեմի համոզմունքները՝ հիասթափեցնելով ամերիկահայ համայնքին:

 

Ցավոք, պարզվեց, որ սենատոր Քերին չի տարբերվում նախագահ Օբամայից, փոխնախագահ Բայդենից եւ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնից: Որպես Միացյալ Նահանգների սենատորներ եւ նախագահի թեկնածուներ նրանք բոլորն էլ շռայլ խոստումներ էին տվել՝ ձգտելով ստանալ ամերիկահայ ընտրողների աջակցությունը, սակայն բոլորովին անտեսելով նրանց՝ պաշտոնավարության անցնելուց հետո:

 

Թեեւ ոմանք կարող են պնդել, որ հայերը պետք է միայն իրենց մեղադրեն անպարկեշտ քաղաքական գործիչներին վստահելու համար, սակայն կարծում եմ, որ ընտրողներն իրավունք ունեն ակնկալել, որ ընտրված պաշտոնյաները կպահեն իրենց խոստումները: Հակառակ դեպքում հանրությանը ստելը դառնում է ընդունելի գործելակերպ՝ առանց խաբեբա պաշտոնյաներին ազնիվներով փոխարինելու հեռանկարի:

 

Անցյալ շաբաթ սենատոր Քերին մի գիշերվա մեջ կերպարանափոխվեց, երբ իր քաղաքական կարիերայի ընթացքում առաջին անգամ խուսափեց օգտագործել “Հայոց ցեղասպանություն” եզրը: Նախկինում սենատոր Քերին խիստ քննադատության էր ենթարկում Միացյալ Նահանգների նախագահներին եւ պետքարտուղարներին՝ Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար: Ճակատագրի հեգնանքով, այժմ նա է հրաժարվում կիրառել այն, ինչ ինքը քարոզում էր ուրիշներին երկար տարիներ շարունակ:

 

Սենատոր Քերին ապացուցեց, որ ինքն այն մարդը չէ, ինչ եղել է, երբ պատասխանում էր հայկական հարցերի առնչությամբ դեմոկրատ սենատորներ Ռոբերտ Մենենդեսի եւ Բարբարա Բոքսերի գրավոր հարցերին՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առաջ, իր հաստատման շուրջ լսումերից հետո:

 

Ի պատասխան Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա հայացքների հարցին, սենատոր Քերին անամոթաբար կրկնեց նախագահ Օբամայի մեղմացուցիչ բառերը, որոնք նա սովորաբար օգտագործում է Ապրիլի 24-ի իր ամենամյա ելույթներում: Պետքարտուղարի թեկնածուն Սենատում իր երկարամյա կարիերայի ողջ ընթացքում “Հայոց ցեղասպանություն” եզրը օգտագործելուց հետո, հանկարծ խուսափում է այդ եզրից եւ գործածում է անգլերեն լեզվի ցանկացած այլ բառ, բացի՝ ցեղասպանությունից: Ահա թե նա ինչ ասաց.

 

Միացյալ Նահանգների կառավարությունը հստակորեն ընդունում է պատմական փաստը, որ Օսմանյան կայսրության մայրամուտին մեկուկես միլիոն հայ է կոտորվել կամ սպանվել տեղահանության ընթացքում եւ ցավում է դրա համար: Այդ իրադարձությունները դարձան 20-րդ դարի ամենասարսափելի վայրագություններից մեկը, եւ Միացյալ Նահանգները գիտակցում է, որ կատարվածը մեծ ցավ է Հայաստանի ժողովրդի, բոլոր հայերի, ինչպես նաեւ համամարդկային արժեքներ կրող բոլոր մարդկանց համար: ԱՄՆ նախագահն ամեն տարի Հիշատակի օրը՝  Ապրիլի 24-ին հարգում է զոհերի հիշատակը, որպեսզի մենք երբեք չմոռանանք պատմության այդ մութ էջը”:

 

Սենատոր Քերին խուսափեց Հայոց ցեղասպանությունը օրենսդրորեն ճանաչելու ուղղությամբ նրա հովանավորության մասին հիշեցնող հաջորդ հարցից, պնդելով, որ նա պարտավոր է “հավատարմորեն ներկայացնել ԱՄՆ նախագահի եւ վարչակազմի քաղաքականությունը”:

 

Հիասթափեցնող էր նաեւ սենատոր Քերիի պատասխանը Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ հարցերին: Նա պնդեց, որ շարունակելու է աջակցել նախագահ Օբամայի եւ պետքարտուղար Քլինթոնի ձախողված ջանքերին՝ ճնշում գործադրելով Հայաստանի եւ Թուրքիայի վրա Արձանագրությունների վավերացման համար: Չորս տարի առաջ,  մի առանձին հանդիպման ժամանակ, երբ սենատոր Քերին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ էր, ես նրան բացատրեցի, թե ինչու են Հայ-թուրքական արձանագրությունները դատապարտված ձախողման եւ հակասում Հայաստանի ազգային շահերին: Այն ժամանակ իմ փաստարկները սենատորին համոզիչ թվացին: Իսկ այժմ նա շրջվել եւ աջակցում է Արձանագրությունների վերաբերյալ Օբամայի վարչակազմի դիրքորոշմանը, իսկ Թուրքիան Ադրբեջանի ճնշման տակ, բարեբախտաբար, հրաժարվում է դրանք վավերացնել:

 

Ի պատասխան մեկ այլ գրավոր հարցի, սենատոր Քերին նշեց, որ պատրաստակամ է հանդիպել ամերիկահայ կազմակերպությունների ղեկավարության հետ, մի բան, որից վերջին չորս տարիների ընթացքում հրաժարվում էին նախագահ Օբաման եւ պետքարտուղար Քլինթոնը: Նման մի հանդիպում հայ համայնքին հնարավորություն կընձեռի բացատրել սենատոր Քերիին, թե ինչու է Օբամայի վարչակազմն իզուր ժամանակ վատնում՝ Թուրքիային ստիպելով վավերացնել Արձանագրությունները: Թուրք ղեկավարները հստակ հասկացրել են, որ նրանք Արձանագրություններն ավարտին չեն հասցնի, քանի դեռ հայերն Արցախում տարածքային զիջումներ չեն արել հօգուտ Ադրբեջանի:

 

Չնայած ամերիկահայերը չեն կարող գոհ լինել հայկական հարցերի վերաբերյալ սենատոր Քերիի համոզմունքների կտրուկ փոփոխությունից, սակայն անկախ պատճառներից, նրանք պարզապես ստիպված են այժմ հանդիպել եւ աշխատել նրա հետ, ով զբաղեցնում է Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնը: Հայերի միակ ցանկությունն այն է, որ նրանք պարբերաբար կարողանան համագործակցել ԻՍԿԱԿԱՆ Ջոն Քերիի հետ, որին գիտեին եւ սիրում էին վերջին 30 տարիների ընթացքում:

 

 

 

Հարութ Սասունյան`

 

“Կալիֆորնիա Կուրիեր” թերթի հրատարակիչ եւ խմբագիր

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ