24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Էջմիածնում տեղի է ունեցել ՀԲԸՄ 87-րդ Ընդհանուր Ժողովը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նորակառույց Վաչե եւ Թամար Մանուկյան մատենադարանում տեղի է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության 87-րդ Ընդհանուր Ժողովը: Միջոցառմանը ներկա են եղել նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարության անունից ողջունելով ժողովի մասնակիցներին` վարչապետը նշել է.

“Վեհափառ Տեր, Հայ Բարեգործական Ընդհանուր Միության 87-րդ Ընդհանուր Ժողովի հարգարժան մասնակիցներ, տիկնայք եւ պարոնայք, Ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ համայն հայության համար շատ կարեւոր ու խոշորագույն այս միջոցառմանը: Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Ընդհանուր ժողովի բացումը եւս մեկ առիթ է Մայր Հայրենիքի համար` դրվատանքի եւ շնորհակալության խոսքեր փոխանցել ձեզ այն անուրանալի եւ հսկայական աշխատանքի համար, որ արել է մեկ դարից ավել կենսագրություն ունեցող այս կառույցը` ՀԲԸՄ-ն: Ուզում եմ առիթն օգտագործել` հպարտանալու, որ հիմնադրվելով 1906-ին Կահիրեում` Պողոս Նուպար Փաշայի կողմից, այս ազգասեր, ազգակենտրոն կառույցը չդարձավ համայնքային, տեղական մեկ կազմակերպություն, այլ տարածվեց եւ սփռվեց աշխարհով մեկ` ունենալով կազմակերպչական կառույցներ աշխարհի 26 երկրներում: Աշխարհում շատ քիչ են այսպիսի բարեգործական միություններ, որոնք ունեն այսչափ հարուստ կենսագրություն, ծավալված են երկրագնդի չորս կողմը եւ միավորում են Հայրենիքի եւ Հայության հարցերով մտահոգ հազարավոր մարդկանց: Հայ բարեգործական ընդհանուր միության աշխատանքը տեսանելի եւ շոշափելի է համ Հայաստանում, համ Սփյուռքում: Հայաստանի ամերիկյան համալսարանի հիմնադրում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համատեղ ծավալվող եկեղեցաշինական գործունեություն, հատկացումներ Մատենադարանին, ՀՀ ԳԱԱ-ին, միշարք բուհերի ֆինանսավորում, մշակութային, կրթական, գիտական, հրատարակչական բազմաթիվ ծրագրերի ու ստեղծագործական խմբերի` սրանք ՀԲԸՄ-ի իրականացրած ծրագրերի միայն մի մասն են եւդրանք դեռ կարելի է թվարկել տասնյակներով:
Մեր ժողովրդի ամենապայծառ զավակներից մեկը` Ալեք Մանուկյանը, խոսելով իր կատարած գործերի մասին, մի առիթով ասել է. “Ինձ համար որեւէ անձնական հաջողություն կամ բարօրություն թունավոր մի բան կունենա իր մեջ, երբ ազգը անկե իր բաժինը չստանա”: Այս բարձր գիտակցությամբ է առաջնորդվում Հայ բարեգործական ընդհանուր միությունը, եւ ամենեւին էլ վատ չէր լինի, որպեսզի նման գիտակցումով վարակվեին նաեւ մնացած կարող մարդիկ, ովքեր, կուտակելով հսկայական ունեցվածք, ունենային նաեւ սոցիալական պարտավորություններ` անկախ քաղաքական հայացքներից կամ համոզմունքներից: Այն հայը, ով իր գործունեությունը բացի սեփական անձից նվիրում է իր ժողովրդի խնդիրների լուծմանը, մշտապես դառնում է պաշտելի իր հայրենակիցների կողմից: Վկա Ալեք Մանուկյանը` ում աճյունն ամփոփված է այստեղ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` իբրեւ հայ ժողովրդի արժանի զավակ: Եվս մեկ անգամ ողջունում եմ ձեզ, սիրելի ներկաներ եւ մաղթում տարիների արգասաբեր աշխատանք` ի փառս Հայ ժողովրդի եւ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության”:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ