Մասնավոր բուհերը բացվել են գազալցակայանի ու սրճարանի բիզնես դնելու համար. Աշոտյանը մեղադրում է
Հինգերորդ գումարման ԱԺ երրորդ նստաշրջանը այսօր` փետրվարի 5-ին շարունակում է աշխատանքը: Նախորդիվ քննարկված նախագծերի քվեարկությունից հետո օրենսդիրները սկսեցին ‘’Լիցենզավորման մասին’’ օրենքում փոփոխությունների փաթեթի քննարկումը, որով ԿԳՆ համապատասխան լծակներ կստանա նաեւ առողջապահական ոլորտի կրթական հաստատությունների նկատմամբ վերահսկողակաան մեխանիզմներ կիրառելու:
Սրանով, ինչպես նշեց ԿԳ նախարար, հիմնական զեկուցող Արմեն Աշոտյանը, կամբողջանա ոլորտում պետական քաղաքականությունը եւ թույլ կտա ապահովել պետական միասնական ստանդարտների կիրառումը:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ Հայաստանում մասնավոր բուհերի մի զգալի մասը բացվել են ‘’բենզալցակայանի , սրճարանի բիզնես դնելու համար’’: ԿԳ նախարարը նշեց, թե դեմ չէ բիզնեսին, բայց բիզնեսը, նրա խոսքով, ենթադրում է, որ սեփականատերը պետք է աշխատի դրա որակի վրա, սակայն, ըստ Աշոտյանի, բուհերի ղեկավարները ‘’փող աշխատելու տրամաբանություն ունեն, բայց բիզնես տրամաբանություն չունեն’’:
Մի շարք եվրոպական երկրներում, Արմեն Աշոտյանի խոսքով, բժշկական կրթության կարեւորությունը օրենքով այնքան կարեւոր է, որ այն դիտվում է որպես պետական մենաշնորհ, մինչդեռ ՀՀ օրենսդրությամբ պետական մենաշնորհ է դիտվում միայն ոստիկանական եւ ռազմական կրթությունը:
”Այս ծայրահեղ լիբերալիզմը, որ գոյություն ուներ իննսունականներին եւ շարունակվեց զրոյական թվականներին, այսօր բաժին է ընկել մեր կառավարությանը, միասնական մոտեցում ենք պահանջում պատրաստ լինելով քննարկել օրենքի խմբագրական կամ բովանդակային փոփոխությունների հարցը, եթե դրա կարիքը զգացվի”,-եզրափակեց ԿԳ նախարարը: