«Ռուբլու տատանումները բացասաբար են անդրադառնում ՀՀ տնտեսության վրա»
Իրանի նկատմամբ պատժամիջոցների կասեցումը Հայաստանի համար դրական ազդեցություն է ունենում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
«Դարեր շարունակ Իրանը հավասարակշռված քաղաքականություն վարող երկիր է եղել, իր պատմական անցյալում չեմ նկատել, որ մեր պետությանը վնասներ պատճառած լինի: Այսօրվա դրությամբ էլ Իրանն իր հավասարակշռված քաղաքականության մեջ նայում է Հայաստանի հետ հարաբերությունների ընդհանուր հեռանկարին: Հայաստանը պետք է հստակ մոտեցումներ ցուցաբերի հետագա համագործակցության համար, դա մեզ համար չափազանց կարևոր է: Իրանն անհատակ շուկա է Հայաստանի համար»,- բանախոսության սկզբում նշեց Բոստանջյանը:
Նախկին պատգամավորի հստակ դիրքորոշմամբ` Իրանի հետ համագործակցության հարցում Հայաստանը շատ նուրբ քաղաքականություն պետք է իրականացնի: Վերջինս նշում է, որ հասկանալի է, որ ռուսական ազդեցության տիրույթում ենք. «Չեմ կարծում, որ Ռուսաստանը հրճվանքի մեջ կընկնի Հայաստանի և Իրանի հետ հարաբերությունների լավացման պայմաններում: Ավելին` տեսանելի ապագայում Ռուսաստանը լուռ համաձայնություն կտա Հայաստան-Իրան համագործակցության այն կետերին, որոնք ՀՀ-ն չեն հզորացնում:
Տնտեսագետը դիտարկեց նաև, որ ռուբլու տատանումները բացասաբար են անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա: Այս պարագայում կոլապսային մի երևույթ է տիրում, որի մասին, ըստ էության, չեն էլ ուզում թաքցնել մինչև անգամ Ռուսաստանի իշխանություները: