Յոթ առաքինություններ եւ յոթ մահացու մեղքեր
ԾՈՒԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ Է
Ծուլությունը ուղղակի պետք է հաղթահարել աշխատասիրությամբ: Աստված իր ստեղծած մարդուն բնակեցրեց բերկրության դրախտում եւ պատվիրեց առաջին մարդուն, որ աշխատի, մշակի եւ պահպանի այն: Անգամ դրախտում Աստված աշխատելու պատվեր տվեց: Երբ Նա Ադամին եւ Եվային վտարեց դրախտից անհնազանդության մեղքի պատճառով, մյուս պատիժների հետ միասին ասաց նաեւ հետեւյալը. «Ճակատիդ քրտինքով քո հացը ուտես» (Ծնն.3.19): Հանգստի կարիք ունի Աստծո ողջ ստեղծագործությունը` բնությունը, կենդանական աշխարհը, այդ թվում նաեւ մարդը, բայց երկարատեւ հանգիստը վերածվում է ծուլության, որն էլ պատճառ է դառնում շատ չարիքների:
ԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ
«Զցույշ եղեք ամեն տեսակ ագահությունից, որովհետեւ մարդու կյանքը կախված չէ իր կուտակած հարստությունից»: Այս խոսքերն ասելուց հետո Հիսուս ներկաներին պատմեց մի առակ անմիտ մեծահարուստի մասին, ով մինչ մտածում էր իր կուտակած հարստությունը վայելելու մասին, Աստված հենց այդ գիշեր վերցրեց նրա հոգին: Եվ Հիսուս եզրակացրեց ասելով, նույնն է բոլոր նրանց համար, ովքեր միայն իրենց համար են հարստություն դիզում, փոխանակ հարստանալու Աստծու աչքին (Ղուկ. 12.15-22):
Տասը պատվիրաններից վերջինը` «Մի՛ ցանկացիր մերձավորիդ ունեցվածքը», մեզ զգուշացնում եւ արգելում է անգամ մտքով մեղանչել եւ ցանկանալ այն, ինչ ուրիշինն է. լինի դա ագարակ, տուն, կին, ծառա: Այդ ցանկության պատճառով էլ մարդ կարող է բազմապիսի մեղքերի մեջ ընկնել:
Որպեսզի մարդ հնարավորինս հեռու մնա այս մեղքերից, պետք է աշխատի իր կյանքում եւ կենցաղում լինել համեստ, առաքինի, ազնիվ, անշահախնդիր, ողորմած, առատաձեռն, խոնարհ եւ զուսպ:
Պողոս առաքյալը ագահությունը կռապաշտություն է անվանում (Եփես.5.5, Կողոս. 3.5), որովհետեւ, ըստ Տիրոջ խոսքի (Մատթ.6.24), մարդ չի կարող միաժամանակ երկու տիրոջ ծառայել, այսինքն` չի կարող ծառայել եւ՛ Աստծուն, եւ՛ մամոնային, որը դրամն է: Ուստի ագահը, որ ծառայում է մամոնային, կռապաշտ է եւ ոչ թե աստվածապաշտ: Ագահության ծնունդներն են փողասիրությունը, առեւտրում կամ դրամական այլ կարգի հաշիվներում խարդախությունը, գողությունը, զրկողությունը, աղքատների, թշվառների հանդեպ ատելությունը եւ օգնությունից նրանց զրկելը, ժլատությունը եւ այլն: Աստվածաշնչում կարդում ենք Աբրահամի, Հոբի մասին, որոնք մեծահարուստ լինելով աստվածապաշտ էին, ողորմած, եւ որոնց կյանքի նպատակը փառք ձեռք բերելը չէր: Քանի որ, երբ մարդու նպատակն է դառնում հարստանալը եւ փառքին հասնելը, ապա նա դառնում է ագահ եւ ցանկասեր եւ կռապաշտ:
Շարունակելի …