Մոմավառության սրահի եւ կաթողիկոսական դամբարանի հողօրհնեք
Հոկտեմբերի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց մոմավառության սրահի եւ կաթողիկոսական դամբարանի հողօրհնեքի արարողություն:
Մինչ արարողությունը Միածնաէջ Մայր Տաճարում ձեռամբ Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի մատուցվեց Ս. Պատարագ, որին ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության 87-րդ ընդհանուր ժողովի առիթով Հայաստան ժամանած Միության նախագահ Պերճ Սեդրակյանը, կենտրոնական վարչությունը, պատվիրակներ եւ բազում ուխտավորներ: Պատարագի ընթացքում կատարվեց հոգեհանգստյան արարողություն երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Երուսաղեմի Հայոց Պատրիարք հոգելույս Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի, ՀԲԸՄ բարեհիշատակ նախագահների եւ Սիրիայում պատերազմական գործողությունների հետեւանքով զոհված հայորդիների հոգիների խաղաղության համար:
Այնուհետեւ հայրապետական թափորն ուղղվեց դեպի Մայր Տաճարի շրջափակում կառուցվելիք մոմավառության սրահի եւ կաթողիկոսաց դամբարանի վայրը, որտեղ, նախագահությամբ Վեհափառ Հայրապետի, կատարվեց նոր կառույցի (ճարտարապետներ` Ասլան Մխիթարյան եւ Հայկ Մկրտչյան) հողօրհնեքի արարողությունը: Արարողության վերջում Նորին Սրբությունն իր օրհնությունը բերեց կառույցի բարերարներ տեր եւ տիկին Գառնիկ եւ Անի Յակուբյաններին (ԱՄՆ), որոնց ազնիվ հանձնառությամբ տարիներ առաջ կառուցվել է նաեւ Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցի նոր մասնաշենքը:
Ապա ներկաներն Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ նաեւ շրջայց կատարեցին Հին Վեհարանում` ծանոթանալով նորոգման աշխատանքների ընթացքին: Այս կապակցությամբ Նորին Սրբությունն իր բարձր գնահատանքը հայտնեց տեր եւ տիկին Պերճ եւ Վերա Սեդրակյաններին եւ Սեդրակյան ընտանիքին, որոնց սրտաբուխ նվիրատվություններով նորոգվում է Հին Վեհարանը: