Երեք օբյեկտներ, որոնց շինարարությունը կավարտվի 2016-ին
2016 թվականին կավարտվեն Ստեփանավանի օդանավակայանի վերանորոգման աշխատանքները: Այդ մասին 2016 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել էր ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը` պատասխանելով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հարցին, թե հնարավոր ինչ ներդրումներ կարող են լինել Ստեփանավանի օդանավակայանի գործարկման ուղղությամբ: Նախարարը մանրամասնել է, որ ռուս գործընկերների հետ արդեն կա պայմանավորվածություն:
«Կարիք ունենք ծանր ուղղաթիռների, մասնավորապես` Մի-24-ի և Կ-32-ի: Պայմանավորվել ենք, որ այդ ուղղաթիռները հերթապահություն են անելու այդտեղ, և կլինի ծառայությունը: Բացի այդ` աշխատանքներ ենք տանում թեթև ուղղաթիռների և ինքնաթիռների ձեռքբերման ուղղությամբ և՛ ռուս, և՛ շվեյցարիացի, և՛ ֆրանսիացի գործընկերների հետ»,- մանրամասնել էր նախարարը:
Մեկ այլ՝ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն էլ լրագրողներին տեղեկացրել էր, որ կրկեսի նոր շենքի շինարարությունը կավարտվի 2016-ի վերջին և շահագործման կհանձնվի 2017-ի սկզբին: Ըստ նախարարի՝ դա բավականին բարդ շինարարություն է:
«Այն տեխնոլոգիապես շատ բարդ է: Շինարարությունն այս պահին ընթանում է: Շինարարությունն իրականացվում է ամենաժամանակակից տեխնոլոգիաներով»,- ասել էր նախարարը:
Իսկ, ահա, Հայաստանի հյուսիսային դարպասները համարվող Բագրատաշենի նոր անցակետերի շինարարարությունն էլ, ըստ ծրագրի, նույնպես կավարտվի 2016-ին: Հիշեցնենք, որ Հայաստանի հյուսիսի մաքսային դարպասների արդիականացման ծրագրի մեկնարկը տրվել էր Գուգարքի տարածաշրջանային մաքսատան կազմում գործող Բագրատաշենի մաքսակետից: Նոր անցակետի տարածքում հողային աշխատանքները փաստացի սկսվել են 2013-ի օգոստոսին, սեպտեմբերի 27-ին արդեն երկրի նախագահի մասնակցությամբ կատարվել է հիմնարկեքի պաշտոնական արարողությունը: