Մերձավոր Արեւելքի հայերի ապագան հուսադրող չէ. Գ. Հարությունյան
Սիրիայում իսկական պատերազմ է ընթանում, որն առաջին հերթին ուղղված է Իրանի դեմ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է “Նորավանք” հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
Նրա կարծիքով` սիրիական ճգնաժամում որպես ընդդիմություն հանդես են գալիս Եվրոպան, ԱՄՆ-ը, եւ առաջին հերթին, Թուրքիան, իշխանությանն աջակցում են Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանը: Նա հատկապես կարեւորեց Թուրքիայի գործոնը` նշելով, որ Թուրքիան “դե ֆակտո” Սիրիային պատերազմ է հայտարարել:
Գագիկ Հարությունյանի խոսքով` դա տեղի է ունենում Արեւմուտքի սցենարով, որը մտադիր է Իրանին թողնել 2-րդ պլանում` Մերձավոր Արեւելքում բարձրացնելով Թուրքիայի դերը: Ավելին, նա կարծում է, որ այդ սցենարը մեծ վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար: “Հատկապես եթե հարցը լուծվի Թուրքիայի օգտին, ապա կարող են սրվել նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունները”,- նշեց բանախոսը:
Գագիկ Հարությունյանի համոզմամբ` ԱՄՆ նախագահական ընտրությունները եւս կարող են ազդեցություն ունենալ սիրիական ճգնաժամի վրա: “Եթե ընտրվի գործող նախագահ Բարաք Օբաման, ապա ճգնաժամը հավանաբար կշարունակվի, եթե հանրապետական Միթ Ռոմնին, այն գուցե եւ դադարեցվի”,-նշեց “Նորավանքի” տնօրենը:
Գագիկ Հարությունյանը նաեւ ցավով նշեց, որ Սիրիայում առկա իրավիճակը կրկնվում է նաեւ Լիբանանում, որտեղ եւս շատ հայեր կան: Այդ ենթատեքստում Մերձավոր Արեւելքի հայերի ապագան նա հուսադրող չի համարում: