26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փերին լցնում է բուխարու տակի մանկական գուլպաները․ ինչպես են Ամանորը նշում Իտալիայում

Իտալիայում ինչպես Սուրբ Ծնունդը, այնպես էլ Ամանորը, նշում են մեծ շուքով: Ամանորին իտալական քաղաքները պատվում են վառ լույսերով և դեկորատիվ զարդարանքներով:

Իտալիայում Նոր տարին սկսվում է հունվարի 1-ին։ Ամանորին Իտալիայում ընդունված չէ նվերներ նվիրել: Սակայն երեխաներին նվերներ է նվիրում Բեֆանա փերին: Նա գալիս է հունվարի 6-ին: Իտալացի բոլոր երեխաներն անհամբերությամբ սպասում են բարի Փերի Բեֆանային։ Նա գիշերով թռչում գալիս է՝ կախարդական ավելին նստած, բացում դռները փոքրիկ ոսկե բանալիով եւ, մտնելով երեխաների ննջարանները, նվերները լցնում է բուխարու մոտ հատուկ կախած մանկական գուլպաները։ Նրանց, ովքեր վատ են սովորել կամ չարաճճիություն արել, Բեֆանան թողնում է մի պտղունց մոխիր կամ ածխի կտոր։ Վիրավորական է, բայց դե ինքդ ես արժանացել դրան։

Իսկ իտալական Ձմեռ պապը Բաբբո Նատալեն է։

Իտալիայում համարվում է, որ Նոր տարին պետք է սկսել ամեն տեսակի հնոտիքից ազատվելով։ Ուստիեւ ամանորյա գիշերն ընդունված է պատուհաններից դուրս նետել հին իրերը։ Պետք է զգույշ լինել, եթե ուզում ես, որ գլխիդ արդուկ կամ ծղոտե աթոռ չընկնի։ Եւ ինչպես վայել է հարավցիներին, արվում է դա մեծ եռանդով, թափով։ Համարվում է, որ ազատված տեղը անպայման կզբաղեցնեն նոր իրեր։
Իտալացիների ամանորյա սեղանին անպայման մատուցվում է ընկույզ, ոսպ եւ խաղող՝ երկարակեցության, առողջության ու բարօրության խորհրդանիշերը։ Իտալական գավառներում հնուց ի վեր գոյություն ունի հետեւյալ ավանդույթը. հունվարի 1-ի վաղ առավոտյան անհրաժեշտ է աղբյուրից «նոր ջուր» բերել տուն։

Իտալացիներն ասում են, որ եթե ընկերներին նվիրելու ոչինչ չունես, ապա «նոր ջուր» նվիրիր՝ ձիթենու ճյուղով։ Համարվում է, որ «նոր ջուրը» երջանկություն է բերում։

Իտալացիները կարեւորում են նաեւ, թե ում առաջինը կհանդիպեն Նոր տարուն։ Եթե հունվարի 1-ին իտալացուն հանդիպած առաջին անցորդը քահանա կամ հոգեւորական լինի, դա վատ է։ Անցանկալի է նաեւ հանդիպել փոքր երեխայի, իսկ համակրելի պապիկ տեսնելը լավ է։ Է՛լ ավելի լավ է, եթե նա կուզիկ է… Այդ դեպքում Նոր տարին հաստատ երջանիկ կլինի։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ