Ազատազրկված գնդապետի փոքրիկ դուստրը դիմել է նախագահին
Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դուստրը՝ 6 ամյա Սվետլանան նամակ է գրել ՀՀ նախագահին: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Վոլոդյա Ավետիսյանի որդին՝ Նորայր Ավետիսյանը, նշեց, որ դա երեխայի կամքն է, սակայն ընտանիքը չի պատրաստվում նամակը ուղարկել նախագահին:
«Պարոն նախագահ, Ձեզ է դիմում Սվետլաննա Ավետիսյանը` Վոլոդյա Ավետիսյանի փոքր աղջիկը: Ցանկացած երեխա` այդ թվում նաև ես, իրավունք ունենք ապրելու լիարժեք ընտանիքում: Բայց ինձ զրկել են իմ հայրիկից, բայց լիարժեք ընտանիքում պետք է լինի և’ հայր, և’ մայր: Ազատեք, իմ հերոս հայրիկին: Ես հույսով սպասում եմ….»,-գրել է Սվետլաննան:
Հիշեցնենք, Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության մեջ։ Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Ավետիսյանը 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։
Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։ Վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանը մերժել է Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի բողոքը