Օծվեց Աղավնատուն գյուղի նորակառույց եկեղեցին
Հոկտեմբերի 21-ին Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում ձեռամբ Արմավիր թեմի առաջնորդ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի և մասնակցությամբ Արմավիրի թեմի հոգևոր դասի կատարվեց նորակառույց Սուրբ Աննա վեհաշուք եկեղեցու օծման արարողություն:
Եկեղեցու օծմանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, եկեղեցու ազնիվ բարերար` մոսկվաբնակ Վահան Ավագյանը` իր ընտանիքի հետ, Ազգային ժողովի պատգամավորներ, համայնքապե Աշոտ Գրիգորյանը, հարակից համայնքների ղեկավարները, բազմահազար համագյուղացիներ, թեմի եկեղեցասեր երիտասարդաց միությունների անդամներ և բազմաթիվ ուխտավորներ:
Նախորդ օրը` հոկտեմբերի 20-ին նախագահությամբ Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի կատարվել էր <<Դռնբացէքի>> արարողությունը և օծվել էին եկեղեցու 12 սյուները:
Հոկտեմբերի 21-ին Սրբազան Հայրը Սրբալույս մյուռոնով օծեց Սուրբ Սեղանը, Սուրբ Խորանի սյուները` չորս Ավետարանիչների անուններով, և Մկրտության ավազանը:
Վեհափառ Հայրապետի սրբատառ կոնդակով բարերար Վահան Ավագյանն արժանացավ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրագույն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո շքանշանի:
Այնուհետև հյուրերը մասնակցեցին բարերարի կողմից կազմակերպած հյուրասիրությանը և տոնական միջոցառմանը: