ՀԱԿ-ի հայտարարությունը
Նորահռչակ Հայաստանի Հանրապետության իշխանության առաջին հիմնաքարային գործերից մեկն էր բանակի ստեղծումը։ Երկրի քաղաքական ղեկավարության կողմից ժամանակի ճշգրիտ ընտրությունը, կադրային, ռազմատեխնիկական մասշտաբային համալրումը, կազմակերպչական ու այլ բնույթի արդյունավետ ձեռնարկումներն ապահովեցին պաշտպանության բնագավառի առաջանցիկ զարգացումը։
Արդեն մեզ պարտադրված պատերազմի պայմաններում պետական մեխանիզմների, այդ թվում առաջին հերթի բանակի ստեղծմամբ Հայաստանն առաջ անցավ նաեւ նորանկախ հարեւաններից, ինչի շնորհիվ էր, որ ապահովվեցին ռազմական հաղթանակները։
Ի սկզբանե օրենքներով խստորեն զատորոշված, ապա նաեւ սահմանադրորեն ամրագրված էր բանակի՝ որպես միմիայն երկրի արտաքին անվտանգությունն ապահովող կառույցի գործառույթը։ Ցավոք ներկա վարչախումբը 1998 թվականից ի վեր բանակը դարձրեց նաեւ ներքաղաքական խնդիրներ լուծելու միջոց, որի “բարձրակետը” դարձավ 2008թ., երբ բանակն անմիջականորեն գործադրվեց խաղաղ ցուցարարների դեմ որպես բռնության գործիք։ Դրա հետեւանքը եղավ 10 մարդկային զոհ եւ հարյուրավոր վիրավորներ։
Սակայն դրա ավելի ծանր հետեւանքը դարձավ սեփական ժողովրդի վրա կրակած եւ պետական հեղաշրջում իրականացրած բանակի բարոյահոգեբանական անկումը։ Դրանից հետո բանակում հաճախացած ցավալի սպանությունները, առավել եւս ինքնասպանություններն այդ անկման հետեւանքներն ու ապացույցներն են միաժամանակ։ Այլ ընթացք ու ճակատագիր չի կարող ունենալ բանակը ոչ օրինակարգ, բնույթով ավազակապետական իշխանության պայմաններում։
Հայ Ազգային Կոնգրեսը ամեն ինչ արել եւ անելու է, որպեսզի երկրում վերականգնվի սահմանադրական կարգը, բանակը վերադառնա իր միակ՝ ՀՀ պետական սահմաններն արտաքին թշնամուց պաշտպանելու գործառույթին եւ նրան ուղղված շնորհավորանքները լինեն անվերապահ եւ միայն տոնական։