23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

140 տարբեր օբյեկտներ ապահովված են WiFi համակարգով

Մայրաքաղաքում շարունակվում են քաղաքապետարանի 2012թ-ի ծրագրերով նախատեսված աշխատանքները: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ արդեն ասֆալտապատվել է 1մլն 800 հազ. քմ ճանապարհ, զուգահեռ իրականացվել են նաև 330.000 գծամետր ճաքալցման աշխատանքներ: Տարեկան ծրագրով արդեն ավարտվել են նաև յոթ վերգետնյա անցումների կառուցման և շքամուտքերի վերանորոգման աշխատանքները: Հանձնարարվել է հսկողություն սահմանել փողոցների, ուղեանցերի ու կամուրջների տարածքների հիմնանորոգման և փոսալցման գործընթացի որակի և աշխատանքների իրականացման ժամկետների նկատմամբ: Ճաքալցման աշխատանքների ամենամյա  ծավալները հաշվի առնելով, հանձնարարվել է 2013թ-ի նախատեսվող աշխատանքներում ներգրավել նաև այլ կազմակերպությունների:

Ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում սահմանված ժամանակացույցի համաձայն շարունակվում են Ուլնեցու փողոցից Ռուբինյանց փողոց տանող 2.5 կմ երկարությամբ շրջանցիկ նոր ավոտճանապարհի, ինչպես նաև Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ավտոմայրուղու կառուցման աշխատանքները: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա անմիջական հսկողության տակ պահել կատարվող աշխատանքների ընթացքն ու որակը:

Կառուցապատման ենթակա տարածքների կառուցապատողների կողմից դադարեցված շինարարական աշխատանքները չշարունակելու փաստով պայմանավորված, Երևանի գլխավոր ճարտարապետը զեկուցել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի՝ քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված ժամկետները սպառած չորս տասնյակից ավելի կազմակերպությունների մասով պատրաստվել է առաջարկություն:  Զեկուցվել է նաև, որ օրենքով և պայմանագրերով ստանձնած պարտավորությունները չկատարելու հիմքով ‘Վիզկոն” և “Նարեկգրադ” ընկերություններին տրամադրված հողամասերի նկատմամբ արդեն դադարեցվել են  իրավունքները:

Առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կամսար Բաբինյանը քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել առկա խնդիրների մասին: Հանձնարարվել է շարունակել ուսումնասիրությունները:

Անդրադառնալով մանկապարտեզներում երեխաների սննդի մշտական վերահսկողությանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է արդյունքների մասին պարբերաբար զեկուցել. “Ցանկացած խախտման դեպքում ձեռնարկեք համապատասխան քայլեր: Բացի այդ, հետևեք նաև, որպեսզի այս գործընթացում նախակրթարան հաճախող երեխաների ծնողների  անմիջական մասնակցությունը լինի շարունակական”,-նշել է քաղաքապետը:

“Օգնիր դպրոցիդ” և “Օգնիր մանկապարտեզիդ” ծրագրերին աջակցելու նպատակով գումարների փոխանցման պարտադրումը, ինչպես նաև դպրոցներում  ուսումնաօժանդակ իրերի վաճառքի դեպքերը բացառելու մասով կրթության վարչության պետը զեկուցել է, որ ուսումնական հաստատությունների պատասխանատուների հետ կազմակերպվում են պարբերական  խորհրդակցություններ և ամենօրյա հետևողական աշխատանք է տարվում այդ ուղղությամբ:

Հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ շարունակվում է ամենօրյա հսկողությունը: Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ սանիտարական ոչ պատշաճ վիճակի պատճառով երթուղիներից դուրս է բերվել 70 մեքենա: Հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով, քաղաքապետը հանձնարարել է երթուղիները սպասարկող ընկերություններին պարտադրել, որպեսզի երթուղիներից դուրս բերված մեքենաները շատ կարճ ժամկետում պատշաճ տեսքի բերվեն և դուրս գան երթուղի: Հանձնարարվել է նաև ոստիկանության հետ համատեղ գույքագրել ճանապարհային երթևեկության նշանները, վնասվածները փոխարինել նորերով, անհրաժեշտության դեպքում համապատասխան տեղերում լրացնելով դրանց քանակը:

Անդրադառնալով թեժ գծերի աշխատանքին և բնակչության կողմից ստացվող ահազանգերի արձագանքման ընթացքին` վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ վարչական  շրջաններում և քաղաքապետարանի ենթակայության համապատասխան կառույցներում անցած երկու շաբաթվա ընթացքում ստացվել է ավելի 130 հեռախոսազանգ, որոնք հիմնականում կրել են կոմունալ-կենցաղային բնույթ: Զեկուցվել է նաև, որ դրանց գերակշիռ մասը լուծում է ստացել:

WiFi համակարգի  տեղադրման մասով զեկուցվել է, որ քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում 123 ավտոբուսներ, մետրոյի 10 կայարաններ և 7 այգիներ ու պուրակներ արդեն ապահովված են համակարգով:

Հասարակական տրանսպորտի կանգառներում էլեկտրոնային չվացուցակների համակարգի տեղադրման աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է , որ արդեն  ներկրվել են GPS համակարգերը և առաջիկայում մայրաքաղաքի կանգառասրահներում կսկսվի առաջին փորձնական էլեկտրոնային չվացուցակների տեղադրումը:

Անդրադառնալով հասարակական տրանսպորտի կանգառասրահներին, հանձնարարվել է կապալառու կազմակերպության հետ նոր պայմանագրերի կնքման ժամանակ հաշվի առնել նաև կանգառագոտիների բարեկարգման պարտադիր նորմը:

Էրեբունի-Երևան տոնակատարության շրջանակում իրականացված “Մեր հանճարները մեր կողքին են” քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում տեղադրված հայ մեծանուն արվեստագետների արձանները առաջիկայում, որպես նվեր կփոխանցվեն համանուն տուն-թանգարաններին:

Անդրադառնալով մայրաքաղաքի սանմաքրման աշխատանքներին` հանձնարարվել է սկսել նաև փողոցների, մայթերի, այգիների ու պուրակների`աշնանային տերևաթափի մաքրման աշխատանքները:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ