24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Իշխանության և պետականության միջև դեռևս լուրջ շփոթություն կա. Վարդան Օսկանյան

Նախկին արտգործ նախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է պետական հիմնասյուներին: Ըստ Օսկանյանի` Սահմանադրության և օրենքների հաճախակի խախտումներն ու արհամարհումները, ինչպես նաև դրանց խտրական կիրառումը էապես թուլացնում են ժողովրդի վստահությունը օրենքի նկտամամբ, իսկ իշխանության և պետականության միջև դեռևս լուրջ շփոթություն կա:

‘Բրիտանացի հայտնի պատմաբան, «Եվրոպա» մոնումենտալ աշխատության հեղինակ Նորման Դեյվիսը Financial Times-ի շաբաթավերջի համարում հրապարակված հարցազրույցում ասում է, որ Միացյալ Թագավորությունը չի կարող պահպանել իր միասնականությունը, որովհետև այդ պետության ստեղծման հիմնասյուները` Բրիտանական կայսրությունը, արքունական նավատորմը, բողոքական հավատը և մոնարխիան կա՛մ գոյություն չունեն, կա՛մ էապես թուլացել են:

Հարցը, թե որոնք են Հայոց պետականության ստեղծման հիմնասյուները և ինչքան են դրանք ամուր և կայուն, կարող է լուրջ տարակարծությունների և բանավեճի առարկա լինել: Իմ համոզմամբ՝ այն հիմնասյուները, որոնց վրա ստեղծվել և կանգնում է մեր քսանամյա պետությունը և որոնք էապես ձևավորոմ են մեր այսօրվա քաղաքական մտածողությունը, հետևյալն են.

Հայաստան-Արցախ միասնություն/հաղթանակ. սա մեր ամուր հիմքն է, և մենք իրավունք չունենք մեր նեղմիտ քայլերով խարխլել այն: Արցախյան մեր հաղթանակները պետք է լինեն մեր հավատի, հույսի ու խանդավառության աղբյուրը և երկրի առաջընթացի ու զարգացման խթանը: Ադրբեջանի ոտնձգությունները և սպառնալիքները չի կարելի դարձնել մեզ կաշկանդող, հաճախ ժողովրդավարության, մարդու իրավունքների ու տնտեսական ազատությունների ասպարեզում մեր անգործությունն արդարացնելու և հետևաբար՝ երկրի զարգացմանն ու առաջընթացին խանգարող գործոններ:

Ֆիզիկական անվտանգություն/բանակ. սա այն հիմնասյունն է, որի ամրությունն այլընտրանք չունի: Այստեղ էական դեր ունի մեր պատմությունը, ցեղասպանության գործոնը, Թուրքիայի կողմից այդ փաստի հերքումը, ինչպես նաև Ղարաբաղի հարցի գոյությունը, որոնք անվտանգության խնդիրների հարցում մեզ առավել զգայուն են դարձնում՝ դրանով իսկ պայմանավորելով ռազմավարական գործընկերներ ընտրելու մեր որոշումները: Բանակը, որ ձևավորվել է Ղարաբաղյան պատերազմի ընթացքում և արդյունքում, այսօր մեր անվտանգության կորիզն է, որի նկատմամբ ժողովուրդը պետք է անվերապահ վստահություն ունենա:

Առաքելական հավատ/եկեղեցի. այս հենասյան ամրությունը շատ բանով կախված կլինի, թե եկեղեցին ինչքանով կկարողանա ճիշտ համադրումը գտնել հոգևորի և ազգայինի միջև: Քաղկեդոնի ժողովից հետո մեր եկեղեցու ընտրած ուրույն ուղին նպաստել է ազգի գոյատևմանը և ձուլումից խուսափելուն: Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանում կա հավատի վերականգնում և գիտակցություն, որ եկեղեցին բացի հոգևոր դերակատարությունից, ունի նաև լուրջ ազգային դեր: Եկեղեցին պետք է շարունակի իր ազգային գործառույթը՝ ժողովրդին հուզող հարցերում համարձակ, թեկուզ՝ իշխանություններին հակադրվող դիրքորոշումներ հայտնի՝միաժամանակ իրեն հեռու պահելով քաղաքականությունից:

Պետական ինստիտուտներ/Սահմանադրություն․ Սա մեր ամենաթույլ հիմնասյունն է: Սահմանադրության և օրենքների հաճախակի խախտումներն ու արհամարհումները, ինչպես նաև դրանց խտրական կիրառումը էապես թուլացնում են ժողովրդի վստահությունը օրենքի նկտամամբ: Իշխանության և պետականության միջև դեռևս լուրջ շփոթություն կա: Օրվա ղեկավարները պետք է մտածեն ոչ թե իրենց իշխանությունն ամրապնդելու և ամեն գնով վերարտադրվելու, այլ պետությունը և պետական ինստիտուտներն ամրապնդելու մասին: Խնդիրն այն է, որ պետության և պետական ինստիտուտների կայացումն ու արդյունավետ գործունեությունը կարող են երաշխավորվել միմիայն ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնելու հնարավորության պարագայում:

Կարծում եմ, որ Սփյուռքը նույնպես իր ամբողջ ներուժով և առայսօր իր թեկուզ հատվածական մասնակցությամբ մեծ դեր է ունեցել մեր երկու տասնամյակների պետականության կերտման գործում: Հաշվի առնելով մեր պատմական անցյալը, աշխարհաքաղաքական դիրքը և այլ խոցելի կողմեր՝ վերոնշյալ բոլոր հիմնասյուները մեզ համար էքզիստենցիալ են: Հաջորդ տասնամյակում մեր անվտանգությունն ու զարգացումը կախված կլինեն նրանից, թե ինչքան ամուր և կենսունակ կլինեն այս հիմքերը’,-գրել է Օսկանյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ