Ի՞նչ կտա առաջիկա հանդիպումը
Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն, այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ: Անդրադառնալով դեկտեմբերի 19-ին նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը փոխնախարարը նկատեց, որ եթե ինչ-որ արտառոց դեպք չլինի, հանդիպումը կկայանա:
Լրագրողները փորձեցին պարզել, թե ի՞նչ ակնկալիքներ ունի հայկական կողմն այդ հանդիպումից. «Իմ գնահատականով միակ ակնկալիքն այն է, որ կարողանան վերջապես Ադրբեջանին իրական դաշտ բերել: Որովհետև այն, ինչ ինքն անում է, քայլերը հակասում են և միջազգային իրավունքին, և միջնորդների բոլոր հորդորներին, և ընդհանուր առմամբ միջազգային պրակտիկային: Այնպես որ քիչ է մնացել, տեսնենք կհաջողվի՞ այդ հանդիպումով Բաքվի ղեկավարությանը բերել իրական դաշտ, թե՞ պետք է լրիվ այլ գործընթաց սկսվի»,- նշեց Շավարշ Քոչարյանը:
Անդրադառնալով պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությանը , որ սահմանին լարվածությունը գագաթնակետին է հասել, Շավարշ Քոչարյանն նշեց, որ Ադրբեջանը դիվանագիտության ոլորտում էլ է սրում իրավիճակը:
«Նույնն է նաև դիվանագիտության ոլորտում, որովհետև տեղի են ունենում փաստացի խեղաթյուրում թե բանակցային գործընթացի, թե միջազգային իրավունքի: Այսինքն՝ այն դիրքորոշումը, որը որդեգրել է Ադրբեջանը՝ լինի դա ուժային դաշտում, թե դիվանագիտական, լիովին իրար համապատասխանում են»,- ընդգծեց փոխնախարարը: