Սրտանոթային հիվանդների մահացությունը կրճատվել է. սրտաբան
Փոփոխական, անկայուն եղանակը նպաստում է սրտանոթային հիվանդությունների թվի կտրուկ աճին աշնանն ու գարնանը: Այս մասին այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում ասաց սրտաբան Արմեն Աստվածատրյանը:
Ասուլիսի մյուս բանախոսի՝ հոգեբան Կարինե Նալչաջյանի խոսքով՝ եղանակը կտրուկ ազեդցություն է ունենում այն մարդկանց վրա, ովքեր խրոնիկ հիվանդություններ ունեն: Իսկ մյուսների վրա ազդում է այն, որ եղանակը դառնում է մշուշային, ամպամած, ինչը հանգեցնում է տրամադրության անկման:
Հայաստանում մոտ վեց տոկոսով նվազել է սրտանոթային հիվանդությունների պատճառով մահացությունների թիվը: Սա, ըստ Աստվածատրյանի, պայմանավորված է այս ոլորտում եղած մի շարք դրական փոփոխություններով: Սրտանոթային հիվանդությունների բուժմամբ զբաղվող կենտրոններն ավելի լավ են հիմա աշխատում:
Փոխարենն աճել է շաքարային դիաբետով հիվանդների մահացության թիվը: Վերոնշյալ երկու հիվանդությանների առաջացումը պայմանավորված է մի շարք գործոններով: ՛՛Նախ և առաջ դա վերաբերում է ծխախոտին, որը գրավում է առաջին տեղը: Երկրորդը հիպերտոնիկ հիվանդությունների թվի ավելացումն է, երրորդ տեղում հիպոդինամիան է, այսինքն՝ քիչ շարժվելը, ապա շաքարային դիաբետը՛՛,-ասաց սրտաբանը: Նա նշեց նաև, որ լուրջ խնդիր է նաև սխալ սնունդը, նաև սթրեսը, որը գերիշխող խնդիր է մեզ նման երկրների համար: