30 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Չեն երաշխավորում, որ ձուն չի թանկանա. Հայկական ժամանակ

Երեկ «ՀԺ»-ն տեղեկություն ստացավ, որ ձու արտադրող հայաստանյան երեք ամենախոշոր ընկերությունները՝ «Աշտարակ ձուն», «Արզնին» եւ «Լուսակերտի» փոքր ֆաբրիկան մտադիր են առաջիկա օրերին բարձրացնել ձվի գինը՝ 55 դրամից դարձնելով 60 դրամ: Իսկ «Լուսակերտի» մեծ ֆաբրիկան մտածում է բարձրացման ուղղությամբ: «Աշտարակ ձվի» եւ մեծ «Լուսակերտի» պատասխանատուները երեկ մեզ հետ զրույցում չերաշխավորեցին, որ հենց այսօրվանից ձվի գինը չի բարձրանա: Լուսակերտի թռչնաֆաբրիկայի տնօրեն Մանասե Եփրեմյանը ժողովրդին կոչ արեց ամանորին ձու շատ չգնել եւ բացատրեց՝ ինչու:

Պարոն Եփրեմյան, ճի՞շտ է, որ որոշել եք ձուն 5 դրամովթանկացնել:

– Որոշել եմ ձուն թանկացնե՞լ: Այ, որ ասեք՝ ինչ է նշանակում ձուն թանկացնել, ես 50 դրամ կէժանացնեմ: Որ ասում եք՝ թանկացնել, խոսքը թանկացման մասին չէ: Խոսքը էժանացման մասին է: Անցյալ տարի եղել է 62 դրամ:

Այսինքն, անցյալ նոր տարվա նախաշեմի համեմատ եք ասում՝էժանանալ: Այս պահին ի՞նչ արժե:

– Այս պահին արժե 55 դրամ:

Այսինքն, հնարավոր է դառնա ինչքա՞ն:

– Հնարավոր է, դառնա 60: Որովհետեւ գիտե՞ք հարցը ինչն է, մեր ժողովուրդը ապրանք գնելու կուլտուրա, իմ կարծիքով՝ չունի: Որովհետեւ ի՞նչ է ստացվում: Մարդիկ չեն գնում, չեն գնում՝ այ տենց թողնում են վերջին օրվա, էդ ընթացքում հավը հո չի՞ հասկանում, որ կարելի է իրեն անջատել, սկսում է ձու ածել, սկսվում են պրոցեսներ, կոչվում է փետրահան անել եւ այլն, որ ավելցուկ չստացվի ու մեկ էլ հանկարծ, մի ընտանիք, որ ամիսը մի ձվաբնիկ ձու է ուտում, որոշում է նոր տարուն 2 կամ 3 ուտի ու բոլորը գնում են դեպի խանութները, սկսվում է այդ աժիոտաժը: Աժիոտաժը որ սկսվում է, արդեն սպեկուլյանտներն են խաղի մեջ մտնում, հասկանո՞ւմ եք, ոնց է: Այսինքն, զարկ է տրվում սպեկուլյացիային: Մի քանի տարի առաջ եղավ այդ դեֆիցիտ ասվածը, հետո ես նոր տարուն ում տուն գնում էի, ամենաքիչ հավկիթը ես տեսել եմ, փառք ու պատիվ իրեն, իմ զոքանչի տանը, սառնարանի մեջ 22 հատ ձու կար հունվարի 1-ին: Ես դա չեմ կարողանում հասկանալ:

Բայց ի՞նչ անեն մարդիկ:

– Թող չառնեն, քիչ առնեն, հունվարի 3-ին գնան, էլի առնեն, 5-ին գնան: Դուք պատկերացնո՞ւմ եք, 22 հատ ձուն 4 հոգանոց ընտանիքի համար շա՞տ է, թե քիչ է: Իհարկե, շատ է: Այսինքն, այդ կուլտուրայի պակասն էլ է, մեր ժողովրդի պատմությունն էլ ասում է, որ մտածում են՝ կարող է հանկարծ մի բան լինի: Բայց ոչ մի բան էլ չի լինի:

Հիմա եթե հանկարծ այդ խուճապը սկսվի, ո՞նց եք պահելուգինը 55, որ չթանկանա:

– Մենք առաքելու ենք, 55-ը պահպանելու ենք, հետո էլ ասելու ենք՝ ժողովուրդ, զգույշ մնացեք սպեկուլյանտներից: Ժողովրդին պետք է ասել, որ ամեն ինչ նորմալ է, ուղղակի շատ մի կերեք, շատ մի պահեք սառնարաններում, գոնե 22 հատիկից ոչ ավելի, լա՛վ: Բա ի՞նչ ասեմ: Պատկերացնո՞ւմ՝ ինչ կարող է լինի:

– Այսինքն, դուք կարո՞ղ եք երաշխավորել, որ «Լուսակերտի» մեծ գործարանը ոչ մի դրամով չի բարձրացնելու ձվի գինը:

– Դուք քրիստոնյա եք, չէ՞: Ես էլ եմ քրիստոնյա: Աստվածաշնչից մի հատված բերեմ: Սողոմոն Իմաստունի խորհուրդը իր զավակին, որ ասում է՝ տղաս, ինչ ուզում ես արա, կյանքում ոչ մի բանի համար երաշխավոր մի եղիր: Հիմա եթե ես երաշխավոր լինեմ… թող մենակ բանկերը լինեն երաշխավոր, ու կպատժվեն երկնքում: Ես ո՞նց լինեմ: Խախտե՞մ:

– Այսինքն, չի՞ բացառվում, որ այդուամենայնիվ, կարող է բարձրանա գինը:

– Ես երաշխավորություն կյանքում ոչ մեկին չեմ տվել, չեմ տալիս ու չեմ տա: Ո՞նց կարամ տամ, այդ ժամանակ ես ձեւական հավատացյալ կլինեմ, եթե խախտեմ այս դրույթը: Իսկ ի՞նչ է նշանակում ձվի թանկանալ, ի՞նչ է նշանակում՝ ապրանքի թանկանալ: Եթե մեկը ինձ ասի՝ ինչ է նշանակում՝ ապրանքը թանկացավ, ուրեմն, ես իրեն մի հատ «Տոյոտա» եմ նվիրում:

– Եթե հիմա 55 դրամ է, դառնում է 60, չեղա՞վ, որ թանկացավ:

– Չէ, իհարկե, չեղավ:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ