Ինչու պանիխիդա
Երբ առաջին անգամ երեւանյան միջավայրներում լսեցի պանիխիդա բառը, լսողությունս վիրավորվեց: Մտածեցի` պատահական սպրդում էր: Հետո ավելի ու ավելի հաճախ էր այդ բառը հնչում ամենատարբեր միջավայրերում: Իսկ հիմա՝ գրեթե բոլորն են համատարած օգտագործում են այդ բառը, երբ գնում են որեւէ մեկի… հոգեհանգստին:
Երբ մի քանի դեպքում շատ նրբանկատորեն առաջարկել եմ պանիխիդայի փոխարեն ասել հոգեհանգիստ բառը, զգացել եմ նրանց զարմանքը. ասել կուզի, որ չեն կարծել, չեն մտածել, որ պանիխիդան շատ ավելի գեղեցիկ հայերեն համարժեքն ունի` հոգեհանգիստ:
Ուրեմն` ինչու պանիխիդա, երբ կա հայերեն խորաշերտ՝ հոգեհանգիստ բառը:
Երբ թեմայի շուրջ զրուցում էինք Հայր-Ներսես Հարությունյանի հետ, նա ասաց, որ օտար բառերը երբեմն օգտագործում են դիմացինի վրա ավելի մեծ տպավորություն թողնելու, նրանից ավելի խելացի, ինքնատիպ, տեղեկացված լինելու համար: Որոշ դեպքերում նաեւ` օգտագործվող օտարահունչ բառի` հայերեն համարժեքի չիմացությունից:
«Երբ խոսքը վերաբերում է Աստծուն, Աստված ընդունում է իրեն ուղղված խոսքը ցանկացած լեզվով: Բայց եթե հայ ենք, ուղղակի պարտավոր ենք Աստծու հետ մեր հաղորդակցությունը պահպանել մեր ոսկեղենիկ հայերենով, որն, ի դեպ, ոսկեղենիկ է դարձել հենց Աստծուց մեզ շնորհված գրերի միջոցով: Աստված մեզանից պահանջում է բնական աստվածպաշտություն. հայերիցս` հայերեն, ռուսներց` ռուսերեն, անգլիացիներից` անգլերեն լեզուներով:
Եթե ունենք հոգեհանգիստ բառը, որը նշանակում է հոգու հանգստություն, էլ ինչու ենք օգտագործում ռուսերենը, որի իմաստն ու բառացի բացատրությունն անգամ չգիտենք: Հոգեհանգիստը բովանդակությամբ եւ իմաստով նույնը լինելով` երկու դրսեւորում ունի` քաղաքացիական հոգեհանգիստ, երբ հուղարկավորությունից առաջ գնում են հանգուցյալի հարազատներին ցավակցելու, մխիթարելու, սփոփելու, վիշտը կիսելու, եւ` եկեղեցական արարողություն` հոգեհանգստի պաշտոն (արարողություն), ինչը քրիստոնեական եկեղեցու ամենամեծ ծիսակարգերից մեկն է: Ի դեպ, հայ եկեղեցու 5 տաղավար տոների հաջորդ օրը, որ կոչվում է Մեռելոց, հենց հանգուցյալների հոգու հանգստության եւ խաղաղության համար է մատուցվում հոգեհանգստի պատարագը:
Ինչ է նշանակում հոգեհանգիստ կամ` հոգու հանգստություն: Եթե հավատում ենք, որ մահացած մարդիկ այլեւս չունեն Աստծուց ստացած ապաշխարելու շնորհքը, իրենք այլեւս հոգի են, զրկված մեղքերի թողություն ստանալու հնարավորությունից, Աստված իր անսահման ողորմածությամբ մշտապես լսում է ապրողներիս աղոթքը: Հոգեհանգստյան աղոթքով մենք Աստծուց խնդրում ենք տվյալ հոգու հանգստությունը, մաքրումը եւ ապաշխարումը իր երկրավոր բոլոր մեղքերից: Իսկ մեղքերից ազատված, հանգստացած հոգին ձեռք է բերում իր հավիտենական խաղաղությունը, հանգստությունը, ինչի հանար էլ կոչվում է հոգեհանգիստ»:
Դե արի ու այս ընկալումից, այս բացատրությունից, այս գիտակցումից հետո փորձիր հասկանալ, թե ոմանք ինչ են ուզում ասել պանիխիդա բառն օգտագործելիս:
Մեզանում, իհարկե, արտաբերվում է նաեւ ժողովրդախոսակցական` մեռելատուն բառը, բայց, ինչպես մեկնաբանում է Հայր-Ներսեսը, եթե հավատում ենք հոգու անմահությանը, «մեռել» բառ-հասկացությունը մի քիչ վանող է, գուցե նաեւ դա է այն ավելի քիչ գործածելու պատճառը:
Հոգեհանգիստը սփոփանքի, հիշատակախոսության, մելամաղձոտ, տխուր, սգավոր տրամադրության իմաստով դարձել է նաեւ գրական-ստեղծագործական ժանր` գրականության, երաժշտության մեջ: Ստեղծվել են արվեստի համաշխարհային գործեր` ռեքվիեմներ( հոգեհանգիստ): Հիշենք միայն Հովհ. Թումանյանի հայտնի «Հոգեհանգիստը»` նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:
Եվ ես վեր կացա, որ իմ հայրենի օրենքովը հին,
Հոգեհանգիստը կարդամ իմ ազգի թշվառ զոհերին…
Հայր-Ներսես Հարությունյանի այս մեկնաբանությունն ընթերցելուց հետո փորձեք հնչեցնել երկու բառերն էլ, համոզված եմ, որ պանիխիդան պիտի վիրավորի ձեր լսողությունը, իսկ հոգեհանգիստն ինքնին հանգստություն եւ խաղաղություն կբերի:
Ուրեմն` ինչու պանիխիդա, այլ ոչ` հոգեհանգիստ:
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
Աղբյուրը՝ vorotan.am