Եթե Ռուբեն Հայրապետյանը ներողություն խնդրի
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Էդուարդ Ամալյանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ “Վահե Ավետյան” նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սանասարյանն ընդդեմ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հայցադիմումի գործով նախնական դատական նիստը:
Դատական նիստին չէր ներկայացել պատասխանող կողմը, որը դատարանի հայցադիմումին ի պատասխան դիմում էր ներկայացրել և խնդրել, որ նախնական նիստը հետաձգվի կամ անցկացվի իր բացակայությամբ: Հայցվոր կողմը չառարկեց և դատարանը որոշեց նախնական դատական նիստը շարունակել պատասխանող կողմի բացակայությամբ:
Դատարանը հայցվոր կողմին հարց ուղղեց, արդյո՞ք չեն ցանկանում հաշտության համաձայնագիր կնքել, “հաշտության համաձայնագիր կարող է կնքվել միայն այն դեպքում, երբ պատասխանողը հրապարակայնորեն ներողություն կխնդրի և կհերքի իր կողմից տարածած զրպարտող տեղեկությունները, և քանի դեռ նման հայտարարություն պատասխանողի կողմից չի հնչել հայցվորը նշեց, որ պնդում է հայցը”:
Որպես հայցի փաստական հիմք՝ հայցվոր կողմը ներկայացրեց 2012թ. հունիսի 17-ին Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում իր թիկնազորի կողմից ծեծի ենթարկված 2 զինվորական բժիշկների, որոնցից մեկը Վահե Ավետյանը առանց գիտակցության գալու մահացել է: Այդ կապակցությամբ ձևավորվել է Վահե Ավետյան շարժումը, որը պահանջում է պատժել բժիշկ Վահե Ավետյանի սպանության համար բոլոր մեղավորներին, նշված հանգամանքների կապակցությամբ Ռ. Հայրապետյանը 2012թ. օգոստոսի 11-ին, «Նուվել դը Արմենի» ամսագրում հարցազրույց է տվել, որի ընթացքում վիրավորական և զրպարտող արտահայտություններ է թույլ տվել Դավիթ Սանասարյանի հասցեին:
Ի լրումն սկզբնական հայցով ներկայացված դիմումի՝ հայցվոր կողմը հայցի հիմք հանդիսացող լրացնելու դիմում ներկայացրեց, որտեղ մասնավորապես նշվում է, որ հարցազրույցի մեջ տեղ են գտել նաև զրպարտություն պարունակող այլ արտահայտություններ, դրանք են՝ “Դավիթը վախեցրել և ահաբեկել է ինձ և իմ ընտանիքին, ինչպես նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և նրա ընտանիքի անդամներին:
Դատարանը հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաստերի իրականությանը համապատասխան ապացուցման բեռն ընկնում է պատասխանող կողմի վրա՝ անհրաժեշտ համարեց դատական նիստը հետաձգել, ինչպես նաև տվյալ դիմումը հայցին լրացնելու վերաբերյալ, պատասխանողին տրամադրելու և դատարան հրավիրելու պատճառով:
Նախնական դատական նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 7-ը:
Հիշեցնենք, որ հայցվորը պահանջում է հատուցել իր բարի համբավին, պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը: Հայցի առարկան “Նուվել դը Արմենի” ամսագրում սեպտեմբերի 7-ին հրապարակված Ռ. Հայրապետյանի հարցազրույցն է, որն, ըստ հայցվորի, պարունակում է իր բարի համբավը, պատիվն, արժանապատվությունը և գործարար համբավը վիրավորող և իրականությանը չհամապատասխանող զրպարտչական արտահայտություններ: Ուստի հայցվորը պահանջում է ներողություն խնդրել վիրավորական արտահայտությունների համար և հերքել իրականությանը չհամապատասխանող զրպարտչական արտահայտությունները:
Նյութը` “Փաստինֆո”-ի