«Ես էլ կարամ ձեր հետ «քո»-ով խոսամ». Նիկոլ Փաշինյանն ու Հովիկ Աբրահամյանը բախվեցին
«Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք, բայց ինչպես ցույց տվեց նախորդ կիրակի տեղի ունեցած հանրաքվեն` կարուսելի, սենդվիչնոցների և ռեալթի շոուի վերածելու հայրենիք ունենք»,-այսօր ԱԺ-ում Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ այսպես սկսեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը հարցադրում հնչեցրեց, ըստ որի` տարիներ շարունակ լուրեր են պտտվում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կոռումպացված լինելու մասին.
«Պաշտոնավարելու հենց սկզբից, ըստ օդում կախված լուրերի` Հովիկ Աբրահամյանը իր լիազորությունները լայնորեն չարաշահել է, անձնական հարստություն կուտակելով` դարձել 3-րդ հանրապետության ամենահարուստ մարդկանցից մեկը»,-Փաշինյանը մատնացույց արեց Հովիկ Աբրահամյանի ունեցվածքը:
Փաշինյանը հատ-հատ թվեց` ըստ օդում կախված լուրերի` Աբրահամյանի ունեցվածքը :
Փաշինյանը հարցն ուղղեց Կառավարությանը` որքան ժամանակ է հարկավոր սա պարզելու և հանրությանը հաշվետվություն ներկայացնելու համար:
Հարցին պատասխանեց անձամբ Հովիկ Աբրահամյանը. « Հարգելի պատգամավորներ, մի կախված մարդ ուզում է այսօր փչացնել մեր տրամադրությունը: Իմ հայտարարագրերից ավել եթե ունեմ, ինչպես ասեց օդից կախված մարդը` կնվիրեմ իրեն»:
ԱԺ նախագահը դիմելով ընդդիմադիր պատգամավորին ասաց.«Օդից կախված մարդ, արձագանքեք»: Փաշինյանի արձագանքը չուշացավ` դեռ հարց է` ով օդից կախված կմնա, ժամանակը ցույց կտա:
Ավելի ուշ վարչապետը Փաշինյանին դիմեց «դու»-ով, սրան էլ Փաշինյանն արձագանքեց. «Ես էլ կարամ ձեր հետ «քո»-ով խոսամ»: