Մեր տարածաշրջանն այսօր ավելի բարդ իրավիճակում է. Հովիկ Աբրահամյան
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ազգային ժողովի լիագումար նիստում ելույթ է ունեցել, որի ժամանակ մասնավորապես ասել է.
«2014 թվականի վերջից մեր տնտեսությունը հայտնվեց տարածաշրջանային նոր զարգացումների ազդեցության ներքո: Ներկայիս արտաքին մարտահրավերները, ի տարբերություն 2008-2009 թվականների մարտահրավերների, իրենց բովանդակությամբ միայն տնտեսական չեն, այլև քաղաքական կամ աշխարհաքաղաքական են: Իսկ դա նշանակում է, որ դրանք ոչ միշտ են կանխատեսելի և հաշվարկելի: Այդ պատճառով է, որ միջազգային հեղինակավոր կառույցները համարում են, որ աշխարհը և հատկապես մեր տարածաշրջանն այսօր ավելի բարդ իրավիճակում է, քան ոչ վաղ անցյալի ֆինանսական ճգնաժամի տարիներին: Այս պայմաններում մենք չունենք այլընտրանք, քան նոր իրավիճակին համահունչ դարձնելու համար ճշգրտումներ մտցնել մեր որդեգրած տնտեսական բարեփոխումներում:
Դրա համար մենք կվերանայենք մինչև 2025 թ. տնտեսության հեռանկարային զարգացման ծրագիրը, որ հաստատվել էր 2014 թ. մարտին: 2016 թ. մենք կսկսենք դրա համապարփակ, համակողմանի վերանայման գործընթացը՝ դրանում ապահովելով լայն հանրության, քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը:
Փոքր-ինչ անդրադարձ կատարեմ այս տարվա տնտեսական զարգացումներին: Տարվա ընթացքում արտաքին շոկերն էական լարվածություն ստեղծեցին ՀՀ տնտեսական կայունության համար: Գործընկեր երկրներում արձանագրված տնտեսական անկումը բերել է մեր արտահանման հիմնական շուկաներում սպառողների գնողունակության նվազմանը, ինչն էապես դժվարացրել է մեր ապրանքների արտահանումը, որն իր հերթին բացասաբար է ազդել ՀՀ տնտեսվարողների եկամուտների վրա: