“Ժառանգությունը” իրավունք չունի Քոքոբելյանից պահանջել. նախկին ժառանգական
‘Այս ամբողջ քաղաքական պատմության մեջ ինձ ամենից շատ վրդովեցրել է մի բան, որ ամենակարևոր հանգամանքի մասին չեն խոսում: Ամենակարևորն այն է, որ մանդատն ստացել է Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն պատգամավոր է դարձել Թևան Պողոսյանը: Այդ մանդատը որևէ մեկին չի պատկանում, այն հասարակությանն է: Նա ում տվել է, նա էլ պետք է լինի պատգամավոր, մանդատը փոխանցման ենթակա չէ’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ‘Ժառանգության’ վարչության նախկին քարտուղար Կարինե Հակոբյանը` խոսելով ‘Ժառանգության’- ‘Ազատ դեմոկրատների’ ապահարզանի մասին:
Ըստ Հակոբյանի` ‘Ժառանգությունը’ իրավունք չունի ցուցակի երկրորդ համարից ևս` Խաչատուր Քոքոբելյանից, պահանջել, որ վերջինս վայր դնի իր մանդատը, քանի որ այն ևս տրվել է ժողովրդի կողմից:
Նախկին ժառանգականը զարմացած ու հիասթափված է, քանի որ այդ բանակցությունները ժողովրդին մոլորեցնելու, խաբելու միջոց են եղել:
‘Եթե այդպիսի բանակցություններ եղել են, դա անթույլատրելի է: Դավադրության նման մի բան է, հասարակությանը իրենք չեն տեղեկացրել չէ՞, որ լինելու է Թևան Պողոսյանը, ձայնը տրվել է Հովհաննիսյանին: Եվ հիմա այդպես հրապարակավ ասել, թե մենք մանդատները պիտի տանք ուրիշներին… այդ դեպքում ինչու՞ հասարակությանը տեղյակ չեք պահել այդ բանակցությունների մասին: Գուցե այդ դեպքում ժողովուրդը հինգ տոկոսը չտար’,-նշեց հրապարակախոսը:
Նրա համոզմամբ` այդ բանակցությունների մասին հրապարակավ խոսելը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ընտրությունները ավելի ու ավելի ձևական արարողություն են դառնում: ‘Ես կցանկանայի, որ այդ դեպքը եղած չլիներ, ինձ շատ զարմացնում է, որ այն հրապարակում են, այսինքն` անթույլատրելին դարձնում են հասարակական նորմա’,-նկատեց նա:
Իսկ, թե ով է ստում, ով է ճիշտ խոսում, արդեն երկրորդական է ‘Ժառանգության’ նախկին անդամի համար, քանի որ այդ ամենը ժողովրդից գաղտնի է պահվել ու հրապարակվել է միայն հիմա, երբ երկու կուսակցությունների միջև ինչ-ինչ անհամաձայնություններ են առաջացել: