Բան չի ասվում , թե ինչ վտանգներով է հղի լինելու “ոչ”-ը
Արման Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Շատ է խոսվում այն մասին, թե ինչպիսի բացասական հետևանքներ կունենա Հայաստանի համար սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի “այո”-ն, սակայն որևէ բան չի ասվում , թե ինչ վտանգներով է հղի լինելու “ոչ”-ը: Չեմ էլ ուզում ծամծմել այն, ըստ իս, ակնհայտ իրողությունը, որ իշխանությունը քվեարկության արդյունքներն իր ուզած ձևով ներկայացնելու բոլոր հնարավորություններն ունի, անկախ այն բանից, թե քանի ընդդիմադիր դիտորդ և հանձնաժողովի անդամ կլինի ընտրատեղամասերում: Սա նշանակում է, որ որպես պաշտոնական վերջնարդյունք ներկայացված “այո”-ն էլ, “ոչ”-ն էլ իշխանահաճո են լինելու: Մինչ այժմ լրջորեն չքննարկված “ոչ”-ը բավական ուշագրավ հեռանկարներ կարող է բացել իշխանության համար՝ եթե հիշենք, որ պարոն Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը կապում է այն բանի հետ, որ ՀՀ նախագահի պարտականությունները լիարժեք կատարելու համար ներկայումս այդ պաշտոնը զբաղեցնող անձին վերապահված լիազորությունները բավարար չեն, ապա “ բարեփոխումների” ներկայացված փաթեթի “մերժման” դեպքում իշխանությունը ստիպված է լինելու սահմանադրական փոփոխությունների մեկ այլ փաթեթ ներկայացնել: Նոր փաթեթով, այս պահին առկա նշված անհամապատասխանությունը վերացնելու հրամակայանից ելնելով, կարող են առաջարկվել գործող նախագահի լիազորությունների շրջանակն էապես ընդլայնելուն ուղղված փոփոխություններ: Ժողովրդին կասվի, որ ընդդիմադիր ուժերի փափագած խոհրդարանական կառավարման կարգը մերժվելու պարագայում գոնե նախագահական կառավարումը լիարժեք ու ամբողջական տեսքի պետք է բերվի: Այս դեպքում, գուցե, հանրաքվե էլ չանցկացվի՝ հարցը կարող է լուծվել խորհրդարանական քվեարկությամբ: Բայց դա դեռ գործի սկիզբը կլինի՝ այս արարից հետո կարող է որոշում կայացվել արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ և, այդ դեպքում, պարոն Սերժ Սարգսյանը հնարավորություն կստանա կրկին առաջադրվել որպես նախագահի թեկնածու՝ այն պատճառաբանությամբ, որ նախագահի պաշտոնը զբաղեցնելու օրենքով սահմանված ժամկետը չի լրացել, իսկ սահմանադրության փոփոխության պատճառով էլ նա, նախագահ դառնալու պարագայում, իրավունք կունենա ևս երկու ժամկետ մնալ պետության կառավարման ղեկի մոտ (այդօրինակ նախադեպեր նախկին հետխորհրդային երկրներում բազմիցս եղել են): Մի խոսքով, “ոչ”-ի խերը կարող է նաև այսպիսի կերպարանք առնել»: