27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների նախարարների հայտարարության  գլխավոր մեսիջները և տերմինաբանությունը յուրահատուկ են. Հ. Նաղդալյան

-Տիկին Նաղդալյան, երեկ վերստին հնչեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ԼՂ կարգավորմանն առնչվող հայտարարությունը. Արդյո՞ք սա հերթականն էր իր բնույթով, թե միգուցե նոր շեշտադրումներ կային դրանում: Հետաքրքիր է Ձեր դիտարկումը.

-Նկատենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների երեկ տարածած հայտարարությունը տարբերվում է նրանով, որ ավելի բարձր՝ արտգործնախարարների կարգավիճակով է արված, և որ գլխավոր մեսիջները և տերմինաբանությունը յուրահատուկ են:

Նախ՝ շատ հետաքրքիր և խոսուն շեշտադրում՝ Մինսկի խմբի համանախագահողները հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքից որևէ շեղում համարել են ,,անլուրջ թյուրըմբռնումներ,,: Այսինքն՝ միմիայն խաղաղ ճանապարհով լուծումն է ընդունելի և այդ գործընթացից որևէ շեղում ոչ միայն անընդունելի, այլև անլուրջ է որակվում: Այս հայտարարությունը բացառիկ է նաև նրանով, որ, չտալով Ադրբեջանի անունը , այնուամենայնիվ, համարյա  բոլոր կետերով պերճախոս սլաքն ուղղված է դեպի Ադրբեջան:

-Որո՞նք են այդ կետերը.

Ոչ միայն այն, որ հայտարարության մեջ պարզ տեքստով դատապարտվում է ծանր զենքի և ականանետերի կիրառումը և խաղաղ բնակչության շրջանում անմեղ  զոհերի առկայությունը, այլ նաև՝ բացառապես Ադրբեջանին ուղղված այն հանգամանքի խստորեն ընդգծումը, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի ընդունում իր հասցեին ուղղված որևէ մեղադրանք, և դրանք համարում է խաղաղ կարգավորման քաղաքական կամքի բացակայության փաստը թաքցնելու փորձ, իսկ բոլորը գիտեն, թե այդ մեղադրանքները հնչեցնողներն ովքեր են: Սա նույնպես աննախադեպ տերմինոլոգիա է: Այսինքն՝ շեշտադրումը ևս մեկ անգամ ուղղված է նրան, որ Մինսկի խումբը միակ ձևաչափն է, և սա չոր պատասխան է Ադրբեջանի և իրենով շահագրգիռ երկրների՝ այդ թվում՝ Թուրքիայի և իրենց լոբբիստական քաղաքականությունը տանող եվրոպական մի շարք երկրների ներկայացուցիչների այն հույսերին և երազանքներին, որ կարող է ձևաչափը փոխվել:

Եվս մեկ անգամ, առավել բարձր մակարդակով, հստակ հնչեցվել է՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման միակ ձևաչափը Մինսկի խումբն է.

-Արդյո՞ք հենց այդ ձևակերպումը պատասխան չէ ԵԽԽՎ-ում վերջերս հակահայ զեկույցների նախագծերին հավանության արժանացնելու գործընթացի՞ն.

– Սա ուղղակի պատասխան է ոչ միայն Ադրբեջանին, այլև իր լոբբիստներին: Բայց սրանից բացի, կարծում եմ, հայտարարության մեջ ԵԽԽՎ-ին վերաբերող ևս մեկ ուղերձ կա, այն է՝ համանախագահները նշել են ՝ «երկու երկրների ժողովուրդների միջև վստահության ստեղծման համար պետք է երկխոսություն անցկացվի» , իսկ դրա ձևաչափը և իրական հարթակը ևս հայտնի է՝ Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովն է, որն այսօր , թողնելով իր ուղղակի մանդատը, մտել է այլ միջազգային կազմակերպության իրավասությունների շրջանակ: Այս հայտարարությունը նաև դրանով է շատ կարևոր՝ փաստացի, ուղղակիորեն մատնացույց է արվում՝ յուրաքանչյուրը զբաղվի նրանով, ինչի համար կոչված է:

Եվս մեկ կարևոր հանգամանք՝ համանախագահները վերստին հնչեցնում են ռիսկերի նվազեցման ուղղությամբ կատարվող քայլերի անհրաժեշտության մասին՝ ներառյալ ԵԱՀԿ հետաքննման մեխանիզմները: Այս սլաքը նույնպես Ադրբեջանին է ուղղված, որովհետև, նախ հայտնի է , թե ով է մերժում հետաքննման մեխանիզմների կիրառման և ներդրման առաջարկները  և, երկրորդը՝ շատ թափանցիկ արվող ակնարկը՝ ստատուս –քվոյի անկայունության մասին, որի հեղինակը նույնպես Ադրբեջանն է:

Ամփոփելով՝ կարելի է ասել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների նախարարների մակարդակով արված երեկվա հայտարարությունը  իր բնույթով, հիրավի, աննախադեպ հայտարարություն է, որի յուրաքանչյուր տող հարված է Ադրբեջանի վարած քաղաքականությանը և վերահաստատում է ՄԽ և հայկական կողմերի դիրքորոշումների միջև փոխըմբռնումները: Վերջին տարիներին Մինսկի խմբի կողմից ընդունված հայտարարությունների շարքում սա ևս հայկական դիվանագիտական աշխատանքի ռեալ, շոշափելի արդյունք է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ