Ինչ անել՝ իմունային համակարգն ամրապնդելու համար
Եթե հնարավորինս մատչելի բացատրեմ, իմունային համակարգը մարդու ողջ օրգանիզմի համակցված աշխատանքն է, որը պայքարում է վիրուսների, օտարածին մանրէների դեմ՝ փորձելով չթողնել, որ դրանք ներթափանցեն օրգանիզմ: Իսկ եթե այդ ՛՛թշնամիներն՛՛ արդեն ինչ-որ ճանապարհով գրավել են օրգանիզմ-ամրոցը, իմունային համակարգի ՛՛հեծելազորը՛՛ ճիգ չի խնայում թշնամուն վնասազերծելու համար:
Եթե իմունային համակարգը թույլ է, ՛՛զավթիչների ավերածություններն՛՛ ու պատճառած վնասները կարող են անդառնալի լինել: Ուրեմն պետք է մեր ամրոցի պաշտպաններին միշտ ոգևորել և զգոն պահել՝ մեր ՛՛ամրոցի՛՛ անխռով կյանքը գիշեր-ցերեկ ապահովելու համար:
Ի՞նչ է անհրաժեշտ իմունային համակարգի ամրապնդման համար:
- Վիտամիններ և հանքային աղեր
Վիտամինները մեր իմունային համակարգի հիմնաքարերն են, դրանցից մեկի պակասը /ինչպես նաև ավելցուկը/ մեր ՛՛ամրոցի՛՛ պատերը դարձնում է երերուն: Անհրաժեշտ է օգտագործել վիտամիններով և հանքային նյութերով հարուստ սնունդ: Քանի որ այժմ նույնիսկ մրգերի և բանջարեղենների անաղարտությունն է կասկածի տակ /հնարավոր է, որ դրանք աճեցված են քիմիկատներով, այս դեպքում վիտամինների և հանքանյութերի մասին խոսելն էլ ավելորդ է/, խորհուրդ կտամ ժամանակ առ ժամանակ /ձմռանն ընդառաջ և գարնան վերջում/ ընդունել վիտամինային կոմպլեքսներ:
- Ֆիզիկական ակտիվություն և մաքուր օդ
Որքան էլ վախենաք վարակներից ու հիվանդություններից, մաքուր օդն ու սենյակի օդափոխումը անհրաժեշտ և պարտադիր պայմաններ են, ինչպես ֆիզիկական ակտիվությունն ու շարժունությունը:
- Օմեգա – 3 ով հարուստ սնունդ
Օմեգա – 3 – ը օգնում է իմունային համակարգի ամրացմանը, ապահովում է լավ տրամադրություն, զերծ է պահում ընկճախտի բերող մտքերից: Օմեգա-3-ի մեծ պաշար կարելի է գտնել յուղոտ ծովային ձկնեղենի մեջ, կտավատի ձեթի, ընկուզեղենի մեջ:
- Բավարար քանակի հեղուկներ
Հեղուկը մարդու կյանքի առաջին իսկ օրվանից նրա անբաժան մասն է կազմում: Ջրազրկվելով օրգանիզմը թուլանում և ուժասպառ է լինում, բնականաբար դառնում վարակների ու բացիլների համար ձեռնտու թիրախ: Ինչպես նաև հեղուկի միջոցով է, որ մեր աղիքներն աշխատում են և ազատում մեզ վնասակար նյութերից, շլակներից, իսկ հեղուկի անբավարար քանակի դեպքում, աղիքները լավ չեն աշխատում և այդ տոքսինները, որոնք պիտի դուրս գային, նորից ներծծվում են օրգանիզմ, թունավորելով և թուլացնելով այն:
Սիրով
Վ.Պ.
Դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից