ՀԱԿ-ի անհեռատես ՛՛սիրախաղերն՛՛ է մեկնաբանել Սասունը. Հայկական ժամանակ
“Հայկական ժամանակ”-ը գրում է, որ “Սասուն” ջոկատի հրամանատար, 2008-2011թթ. քաղբանտարկյալ, Համաժողովրդական շարժման առանցքային եւ սիրված դեմքերից մեկը՝ Սասուն Միքայելյանը, ինչպես անցյալ տարեվերջին, լրագրողների հարցերին ի պատասխան խոստացել էր՝ հանդես է եկել հրապարակմամբ, որտեղ գնահատում է առաջիկա նախագահական ընտրությունների շեմին ստեղծված քաղաքական վիճակը եւ դրա պատճառները: 2008 թվականին համաժողովրդական շարժմանը միացած եւ Ազատության հրապարակի հարթակում իր հայտնվելով Շարժմանը մեծ լիցք հաղորդած Միքայելյանը “մարտի դաշտից փախուստ է” համարում Հայ ազգային կոնգրեսի վերջին շրջանում վարած քաղաքականությունը եւ թեկնածու չառաջադրելը նախագահական ընտրություններում:
Հայ ազգային կոնգրեսի վերջին մեկ տարվա քաղաքականությունը Միքայելյանը գնահատում է, որպես “անհեռատես քաղաքական սիրախաղեր”, “համաժողովրդական պայքարի հստակ նախանշված ուղուց շեղում”, “անհասկանալի ինտրիգների մեջ մտնել”, որի արդյունքում իրականություն դարձավ այն, ինչին իշխանությունները չորս տարի շարունակ չէին կարողանում հասնել՝ ամենատարբեր բիրտ մեթոդներ կիրառելով. խոսքը Համաժողովրդական շարժման փոշիացման մասին է: Սասուն Միքայելյանը համոզիչ չի համարում Լեւոն Տեր-Պետրոսյանի պատճառաբանությունը, թե ինքը տարիքի պատճառով չի առաջադրվում նախագահի թեկնածու: Միքայելյանը հարցեր է բարձրացնում: “Ի՞նչ պատահեց, ի՞նչը փոխվեց այս ընթացքում, որ այսպես միանգամից բոլորը հոգնեցին պայքարից”,- հարցնում է նա:
“Սիրելի հայրենակիցներ, երբեք մի հուսահատվեք, քանզի միշտ էլ մեր հաղթանակների կերտողը դուք եք եղել, եւ եթե այդ հաղթանակների համար անհատներ են պետք եղել, դրանք ծնվել են պայքարի արդյունքում: Մեր հայրենիքը չի կարող լինել Ալթայի կամ որեւէ այլ երկրամաս, այնպես որ յուրաքանչյուրս պետք է մեր պետականության ամրապնդման համար պայքարի մեր բաժինը տանենք ու չթողնենք այն գալիք սերունդների ուսերին”,-գրել է նա` մեջբերելով Վազգեն Սարգսյանի խոսքերը` ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից: