Բուռն կրքեր ԱԺ-ում. Լեւոն Մարտիրոսյանի ելույթը հունից հանեց Նաիրա Զոհրաբյանին
Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մաարտիրոսյանի ելույթը հունից հանեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին:
Բանն այն է, որ իր ելույթում Լեւոն Մարտիրոսյանն անդրադարձավ ԱԺ նախորդ քառօրյայի ժամանակ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Օլիմպիական խաղերին Հայաստանի հավաքականի մասնակցության վերաբերյալ իր հնչեցրած դիտարկումներին ու դրան հաջորդած նամակին, որի տակ մի խումբ անվանի մարզիկների ստորագրություն կար եւ որտեղ նշվում էր, թե Լեւոն Մարտիրոսյանի միակ արժանիքը շոումեն Գարիկի եղբայրը լինելն է:
Պատգամավորը նամակն անվանեց “Ճ” կլասի եւ հայտարարեց, որ մի շարք անվանի մարզիկներ, որոնց ստորագրությունը եղել է նամակի տակ, անգամ տվյալ նամակի բովանդակության մասին չեն իմացել, ՀՀ օլիմպիական կոմիտեից “մի աղջիկ” պարզապես նրանց տեղեկացրել է, թե հայ մարզիկների անունից հայտարարություն է պատրաստվում: Լեւոն Մարտիրոսյանի խոսքով, պարզապես “միջին կարգի սպորտային չինովնիկին” դուր չի եկել պատգամավորի քննադատությունը կառավարության հետ հարցուպատասխանի ժամին:
“Խորհուրդ չեմ տա խոսել “Ճ կլասի” ելույթներից, որովհետեւ հենց այստեղ, այս դահլիճում հայտարարությունների ժամին նաեւ հենց այսօր էնպիսի քծնանքի եւ ձանձրույթի համադրությամբ, խայտառակ, “Ճ’’ կլասի եւ ավելի ցածր դասի տափակ ելույթներ են հնչում, որ ուղղակի անհարմար ես զգում, որպես ՀՀ քաղաքացի, լսել դրանք”,-մինչ իր ելույթին անցնելը Լեւոն Մարտիրոսյանի հայտարարությանն այսպես արձագանքեց Նաիրա Զոհրաբյանը եւ հավելեց.”Խորհուրդ կտամ չվիրավորել մարզաշխարհի այն ներկայացուցիչներին, որոնք իրենք ստորագրել են տվյալ նամակի տակ”: