23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Նախապատերազմական իրավիճակի ստեղծման թուրքական դրդապատճառները

Ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը Թուրքիայի կողմից սիրիական պատերազմի նոր մագլցողականություն ապահովող քայլ է եւ իբրեւ այդպիսին այլապես էլ դժվար մեկնաբանելի: Դեպքից ընդամենը մի օր առաջ Անկարայի կողմից կատարված հայտարարությունների տարողության բարձրացումը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի պահանջը հիմնվել էին Անկարայի հովանավորյալ Սիրիայի թուրքմենների հանդեպ Մոսկվայի իրականացրած զինվորական գործողությունների երեւույթի վրա:

Իրադարձությունների զարգացումը պատերազմը տեղափոխեց ռուս-թուրքական ուղղության վրա: Այս առումով կանխատեսումները խայտաբղետ են: Մագլցողականության տեսանելիությունը ենթահող շահել է եւ որոշ վերլուծումներում չի բացառվում ոչ միայն Մոսկվա-Անկարա դիվանագիտական կապերի խզումը, այլ նաեւ ՌԴ-Թուրքիա պատերազմը:

Կանխատեսումների իրատեսականությունը` իր հերթին: Այնուամենայնիվ իրավիճակը նախապատերազմական է: Ռուսաստանի արտգործնախարարը չեղյալ է հայտարարում իր այցելությունը Անկարա, զգուշացնում է ռուս քաղաքացիներին չմեկնել Թուրքիա, ռուսական զբոսաշրջության մեծագույն ընկերությունը դեպի Թուրքիա իր ծրագրերը առկախում է, մինչ ռուս լրագրողներ փոխադրող ավտոբուսը ենթարկվում է հարձակման, իսկ ռուսական ուղղաթիռը՝ հրթիռակոծման:

Մոսկվա-ԻՊ պատերազմի բովում եւ Մոսկվա-Անկարա նախապատերազմական իրավիճակի ստեղծման նախօրյակին Անկարայի կողմից թուրքմենների հարցի օգտագործումը իր խորքում ծխածածկույթի տակ առնել էր հարձակողականի դիմելու բուն դրդապատճառները:

Անկասկած Թուրքիա-Սիրիա սահմանին թուրքմեն ազգաբնակչությունը Անկարայի ներշնչման տակ պահելը եւ այն զինվորաքաղաքական գործոնի վերածելը կարեւորագույն առաջադրանք էր Անկարայի համար: Խնդիրը սակայն շատ ավելին էր:

Ռուսական կործանիչները ըստ էության քանդում էին Թուրքիա-ԻՊ ցամաքային կամուրջները` կանխարգելելով Անկարայի եւ ԻՊ-ի միջեւ ստեղծված ուղղակի կապը: Ռուսական միջամտությունը նաեւ Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ անվտանգության գոտու ստեղծման ծրագրի արգելակումն էր , որն ի դեպ միայն ռուսական կողմից չէ, որ խոչընդոտվում էր:

Թուրքական հարձակումը ռուսական ինքնաթիռի դեմ պատերազմական հստակ գործողություն էր, որ կտրուկ մագլցման առաջնորդեց տիրող լարված իրավիճակը: Թուրքմենների գործոնի շահարկումը այստեղ զուտ պատրվակային բնույթ ուներ: Թուրքիան հարվածվել էր ոչ միայն ցամաքային կամուրջների քանդումով, այլ նաեւ ԻՊ-ի ֆինանսավորումով: Հսկայական գործարքը փլուզվում էր, երբ ԻՊ-ի նավթի արդյունաբերությունը եւ նավթատար հարյուրավոր բեռնատարներ ոչնչացվում էին ռուսական կործանիչների կողմից: Իրոք ռուսները կործանարար դեր են կատարում թուրքական տնտեսության համար: Նավթի արտահանումը դեպի Թուրքիա եւ դրա դիմաց ԻՊ-ի ֆինանսավորումը Թուրքիայի կողմից լուրջ հարված էր ստացել:

Ինչ որ գործողություն անհրաժեշտ էր Թուրքիայի համար այս կործանարար ընթացքը մի պահ  կասեցնելու եւ իրադրությունները փորձել շեղելու համար: Անկարայի կատարածը մեծ ռիսկ պարունակող քայլ էր, թեկուզ հետեւանքների անկանխատեսելիությամբ, ինչ որ նշանակում էր, որ Անկարան ներկա արարի համար խաղասեղանին է դրել ամեն ինչ:

ՌԴ-ի նախագահի հայտարարությունը պատասխանատվության սլաքը ուղղում էր միացյալ ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին: Հուշում էր, որ Մոսկվան Վաշինգտոնի հետ օդային միջադեպերի նախազգուշացման մասին համաձայնություն ուներ եւ այժմ… թիկունքից հարված:

Թիկունքից հարվածված լինելու հաստատումը ենթադրել է տալիս, որ Թուրքիան հակաահաբեկչական պատերազմ հայտարարածների շարքում է եւ միջազգային համաձայնության ենթակա կողմ: Սակայն խորքում թիկունքի հարված չէ, այլ ուղիղ հակառակորդի: Մինչ Թուրքիայի վարչապետի գործակատարը հայտարարում էր, որ իր երկրին գործողությունը իրավաչափ է` նկատի ունենալով, որ անշուշտ ըստ նրա, ռուսական ինքնաթիռը հատել  է թուրքական օդային սահմանը:

Սիրիական պատերազմը, սիրիական բանակ, ազատ բանակ, Ջաբաթ ալ Նուսրա-ԻՊ, ապա քուրդ զինյալ ուժեր, զինվող թուրքմեններ ու տակավին իրանյան գործոնի ներկայություն եւ ապա ռուսական օդուժ ձեւափոխումներից հետո, այժմ թեւակոխել է ռուս-թուրքական նախապատերազմական իրավիճակ:

Հավելենք, որ Պուտինի օգնական Պեսկովը խոսելով պատասխանի մասին հայտնել է, թե դա ռազմական ճանապարհով չպիտի լինի: Ինչ որ կիսապաշտոնական բնույթ ունի, բայց չի կարող նախանշել դեպքերի հետագա զարգացումները:

 

 ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ